Երբ հատկապես արտերկրից հետեւում ես հայաստանյան լրատվամիջոցներինՙ հեռուստատեսությանը թե մամուլին, չես կարող չնկատել այն հսկայածավալ ուշադրությունը, որ հատկացվում է ցեղասպանության թեմային: Անշուշտ, սա մեր ազգի պատմության կարեւորագույն էջն է եւ չի կարելի մոռացության մատնել: Սակայն ստեղծվում է նաեւ այն տպավորությունը, որ ազգային ողբերգությունը երկրի ղեկավարության կողմից շահարկվում է հասարակության ուշադրությունը այն ներքաղաքական անարդար ու վտանգավոր իրողություններից շեղելու համար, որոնցից առաջնայինը չդադարող արտագաղթի խնդիրն է:
Թվում էՙ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին, դատելով նրանց հայտարարություններից, խիստ հուզում է արտագաղթը, որ շարունակվում է երրորդ նախագահի օրոք: Ասես մոռացվում է, թե ով սկիզբ դրեց դրան եւ ով չկարողացավ կանխել: Թվում է, որ տեղի ԶԼՄ-ները Եղեռնից եթե ոչ ավելի, ապա գոնե ոչ պակաս չափով պիտի քննարկեն այդ գերհրատապ հարցը: Մինչդեռ ստացվում է, որ հայոց ղեկավարները, իրենց իսկ ասելով, «ավանդաբար» հաջորդ սերունդներին են ժառանգություն թողնում ոչ միայն ցեղասպանության ճանաչման, այլեւ արտագաղթի լուծման խնդիրը: Եթե, օրինակ, Մոսկվայում (Ռուսաստանում) արդեն ինքնահաստատվել է 90-ականների ներգաղթածների հսկա բանակը, ապա ռուսների համար գնալով ավելի ու ավելի անցանկալի է դառնում նոր սերնդի ներգաղթողների (այդ թվում նաեւ հայերի) մուտքը: Արդյոք ցեղասպանություն չէ՞ տարեկան 50-60-հազարի հասնող ներկա արտագաղթը եւ ինչո՞ւ է վերջինիս այդքան քիչ ուշադրություն հատկացվում: Որ չնեղացնեն Հայաստանի առաջնորդների՞ն: Ցեղասպանության վերաբերյալ հաղորդումների ու մեկնաբանությունների համեմատ արտագաղթի թեման հարյուրերորդական է: Բովանդակ Հայաստանը հուզախռովվել էր, երբ ոմն գյումրեցի իր նորածին ժառանգին անվանել էր Սարկոզի: Եվ, իհարկե, ոչ մեկին չի հուզում, որ արտագաղթած շատ հայերի երեխաներ Ռուսաստանում արդեն դառնում են Վոլոդյա ու Նատաշա:
Ոչ ոք չգիտիՙ երբեւէ թուրքերը կճանաչե՞ն հայերի ցեղասպանությունը: Հայտնի ու անհայտ բազում պատճառաբանությունների թվում թուրքերն իրենց ժխտողականության մեջ հաշվի են առնում նաեւ գերմանացիների կողմից հրեական սպանդի ճանաչման իրողությունն ու դրա հետեւանքները այն հեղինակած ժողովրդի համար: Նորերս ոչ ուղղակիորեն այդ երեւույթի վրա ուշադրություն էր հրավիրել մոսկովյան թերթերից մեկը: Ի՞նչ է նկատի առնվում:
Լրատվամիջոցը ընդարձակ հոդվածաշար էր հրապարակել մերօրյա Գերմանիայի ու մասնավորապես գերմանացի-Հոլոքոսթ առնչությունների շուրջը: Բոլոր հարցազրույցները տեղի էին ունեցել հենց Գերմանիայում: Մի կողմ էր դրվել տխրահռչակ եվրոպական «քաղաքական նրբանկատությունը», իրողությունները ներկայացվել էին անսեթեւեթ ու մերկապարանոց: Փաստ է, գերմանացիները ճանաչել են 6 միլիոն հրեաների ջարդը, արդեն վճարել են 80 միլիարդ մարկի փոխհատուցում, այդ թվում նաեւ ռազմական համագործակցության միջոցով (սուզանավերի մատակարարում եւ այլն), 100 հազար իսրայելցիներ ձեռք են բերել Գերմանիայի քաղաքացիությունՙ Մերձավոր Արեւելքում պատերազմ բռնկելու դեպքում իրենց երբեմնի արնախում թշնամու երկրում պատսպարվելու համար եւ այլն: Այդուհանդերձ, ի՞նչ է Հոլոքոսթը ժամանակակից գերմանացիների համար:
Ամերիկացիներն ու եվրոպական շատ երկրներ ամեն ինչ անում են, որ երկու համաշխարհային պատերազմ սանձազերծած Գերմանիան չվերածվի անհարկի հզոր պետության (թեեւ նա արդեն Եվրոպայի առաջատար տերությունն է, եւ հույները, իտալացիներն ու իսպանացիները հենց Գերմանիային են մեղադրում իրենց երկրները սնանկացնելու մեջ): Ահա եւ գերմանացիներին կոմպլեքսավորելու, նրանց ռեւանշը կանխելու համար անհրաժեշտ էր բարոյական զսպիչ մի սանձՙ յուրօրինակ դամոկլյան սուր: Եվ այդպիսին հենց պատերազմից հետո մեղքը ընդունած ազգի համար դարձրին Հոլոքոսթը: Կոլեկտիվ մեղքի գիտակցումը պարտադրվեց բոլոր գերմանացիներին, ստեղծվեց հոգեւոր հիգիենայի մեխանիզմ այդ ժողովրդին «դարչնագույն ժանտախտից» հեռու պահելու համար: Որպեսզի Գերմանիան չկարողանա այլեւս դառնալ տիրակալների տերություն: Այսօր Գերմանիայի հրեական համայնքը ի զորու է հուժկու հարվածներ հասցնելու այն քաղաքացիներին, որոնք հանդես չեն գալիս իսրայելամետ քաղաքականության օգտին: Իսրայելի ներկայիս վարչապետ Նաթանյահուն հայտարարում է, որ գերմանացիների փոխհատուցումը կազմում է հրեաների կորցրած ունեցվածքի սոսկ 20 տոկոսը: Այսինքն, գերմանացիների եւս մի քանի սերունդ պիտի վճարի իր պապերի մեղքերի դիմաց:
Եթե գերմանացիների հետպատերազմյան առաջին սերունդը պարզապես ընդունում ու լռում էր հրեական հարցի կապակցությամբ, ապա երկրորդ սերունդը խոսում էր: Իսկ ահա երրորդը արդեն հոգնել է հոգեբանական վնասվածքից, թերարժեքության բարդույթից եւ փորձում է առաջ նայել: Մենք չենք ուզում քարշ տալ այդ ծանր բեռը, հանգիստ թողեք մեզ, կյանքն առաջ է գնումՙ ասում է նա: Ինչքա՜ն կարելի է թողություն խնդրել: Հոլոքոսթի պատճառով գերմանացին այսօր վախենում է հպարտանալ իր ազգային ինքնությամբ (իսկ թուրքն իրեն բնության հրաշք է համարում): Եվ արդյո՞ք խեղդված դժգոհության ու անբարյացակամության պոռթկում չէ նեոնացիզմի վերածնունդը: Գերմանացիների ներկա սերունդն արդեն չի թաքցնում, որ զզվել ու հոգնել է Հոլոքոսթից, մշտական հիշատակումներից, նյութական արտաներարկումներից, մեղքը ազդեցության լծակ դարձնելու միջոցով իրենց երկիրը թուլացնելու ու այն վերահսկելու օտար փորձերից:
Եվ սա է «ուսանելի» թուրքերի համար: Օրինաչափ է, երբ հենց Եվրոպայում է Էրդողանը հայտարարում, որ չի եղել հայերի ցեղասպանություն, այլ եղել են սոսկ սպանություններ: Ինչո՞ւ գերմանացիների կենդանի օրինակով ծանր պարտավորությունների մեջ մտնել:
Համոզված չլինելով (համենայն դեպսՙ ժամանակի առումով) թուրքերի ինքնախարազանման մեջ, հայերս հսկայական էներգիա ենք ծախսում, որ նրանք այնուամենայնիվ ընդունեն իրենց կատարած ոճրագործությունը: Թուրքը երբեք գերմանացի չի դառնա, բայց կսովորի գերմանացուց: Իսկ անտեսելով արտագաղթի կործանարարությունը մեր ժողովրդի համարՙ մենք գործում ենք ինքնացեղասպանություն, ինքնամեղսագործություն:
Եվ ո՞վ ո՞ւմ պիտի մեղադրի:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա