«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2012-05-30 | #97, 2012-05-31 | #98, 2012-06-01


ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԲՐԱԶԻԼԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Շուրջ 30 հազար անդամ ունեցող Բրազիլիայի հայկական գաղութը կանգնած է հայապահպանության դժվար խնդրի առջեւ: Գաղութի մեծամասնությունը հայախոս չէ, օրինակ` Սան Պաուլո քաղաքում գործում է հայկական միայն մի դպրոց` Հայ Ազգային Դուրյան վարժարանը, որը 90-100 աշակերտ ունի:

Հայ աշակերտների սակավությունը կախված չէ միայն ծառացած կրթական ու նյութական խնդիրներից: «Նաեւ կան տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումը մեր ձեռքում չէ», երեկ «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողներին հայտնեց ՌԱԿ գործիչ Օշին Լեւոն Մոսդիչյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետը:

Հայկական դպրոցները նաեւ պետք է համապատասխանեն Բրազիլիայի կրթական համակարգի պահանջներին, իսկ տեխնիկական հարցերից պարոն Մոսդիչյանն առանձնացնում է քաղաքի հոծ բնակչության մեջ ամեն օր հայկական դպրոց հասնելու դժվարությունը: Սան Պաուլոն 17 միլիոն բնակչություն ունի, քաղաքի տարբեր ծայրերից հայկական դպրոց հասնելը բոլորի համար դյուրին չէ:

Անկախ դժվարություններից` Հայ Ազգային Դուրյան վարժարանն արդեն 90 տարի գոյություն ունի, ու ժամանակին այնպիսի հեղինակություն է վայելել, որ անգամ բրազիլիացիները նախընտրել են իրենց երեխաներին այնտեղ կրթության տալ:

Միքայել Ջանյանը հենց այս վարժարանն է ավարտել, հայապահպանության հարցերից նա էլ առանձնացրեց խառնամուսնությունները, որոնք համայնքում մեծամասնություն են կազմում:

Բրազիլիայում հայերի արդեն 5-րդ սերունդն է ձեւավորվում, առաջին հայն այնտեղ գաղթել է 1880-ականներին, իսկ հայերի ամենամեծ խումբը գաղթեց 1926 թվին:

Ըստ պարոն Մոսդիչյանի` Սան Պաուլոյում հայերի հիմնական զբաղմունքը կոշկակարությունն է, չնայած արդեն ճարտարապետ, բժիշկ եւ այլ մասնագետներ պատրաստվում են:

Բրազիլահայ համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով նաեւ մասնակցում է Հայաստանին աջակցելու ծրագրերին, եւ հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի գանձապահ Էդուարդո Մեկբեկյանի խոսքով. «Եթե մեր ներքին ծախսերը չլինեին, ապա Հայաստանին ավելի շատ գումար կուղարկեինք»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4