«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


«ՔԼԻՆԹՈՆԻՑ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ»

Երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահական քարոզարշավի շրջանում ամերիկահայերին խոստում էր տալիս, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրություններից հետո արդեն պետքարտուղարի պաշտոնում որոշեց, թե դա «Հայաստանի ու Թուրքիայի որոշելիքն է», գործ ունեցանք անհատ ամերիկացու եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների սկզբունքների ու դիրքորոշումների տարբերության հետ: Սակայն երբ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ համատեղ, ընդգծում է, որ «ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի երեք իրավահավասար սկզբունքների ամբողջությամբ` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման», սակայն նույն ԱՄՆ-ը արդեն որպես ՆԱՏՕ-ի անդամ ընդունում է հռչակագիր, որտեղ Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունները նախ նույնականացվում են, ապա եւ դրանց լուծման համար առաջարկվում մի շարք սկզբունքներ, որտեղ չկա ազգերի ինքնորոշման իրավունքը, մենք արդեն գործ ունենք երկրի, պետության երկակի ստանդարտների հետ: Հետեւաբար կոնկրետ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկիր Ֆրանսիան, պետք է որ հստակեցում կամ պաշտոնական պարզաբանում տան, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի կողմից Մինսկի խմբի ձեւաչափից դուրս ԼՂ հարցով որեւէ հայտարարություն «խոչընդոտում է ԼՂ հիմնահարցի կարգավորմանը», սակայն ՆԱՏՕ-ն կարող է հռչակագիր ընդունել, այդ թվումՙ ԼՂ հիմնահարցի մասին, այն էլ` Մինսկի խմբի սկզբունքներին հավատարմություն չպահելով:

Այս համատեքստում խիստ ուշագրավ է դառնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հարավային Կովկաս: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ ասուլիսում ընդգծեց, որ «Հայաստանը պետք է Քլինթոնից հստակեցում պահանջի». «ԱՄՆ-ը իսկապե՞ս համոզված է, որ ԼՂ հարցը պետք է լուծում ստանա նաեւ ինքնորոշման իրավունքի հիման վրա, թե՞, ինչպես ՆԱՏՕ-ի վերջին փաստաթղթում է նշված, տարածքային ամբողջականության սկզբունքի: Այս հստակեցումը ԱՄՆ-ը պետք է կատարի, այլապես մենք պետք է մտածենք, թե այդ բանակցությունների ֆորմատը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ», ասաց Կիրո Մանոյանը:

Շարունակելով ղարաբաղյան թեմանՙ Մանոյանը նշեց, որ առաջիկայում բանակցային առաջընթաց չի կանխատեսվում. «Չի կարելի բացառել նաեւ պատերազմի վտանգը, չնայած, իմ համոզմամբ, այսօր Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, քանի որ այդ պարագայում նավթի օրհնանքը կվերածվի նավթի անեծքի. նավթը խաղաղություն է սիրում»:

ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն անդրադարձավ նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին: Մասնավորապես նախագահ Գյուլը վերջերս մի քանի անգամ ընդգծում է, թե հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակություն ունենալ: Ըստ Մանոյանիՙ այս հայտարարությունները «սոսկ շղարշ են», իրականում ոչ մի տեսակ հայ-թուրքական գործընթաց էլ չի ընթանում:

Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ էին այն տեղեկությունները, որ, ըստ որոշ աղբյուրների, վերջին ժամանակներում նկատվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների որոշակի սառեցում: Որպես այս ամենի «ապացույց» բերվում էր հանգամանքը, երբ ԱՄՆ նախագահ Օբաման Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին «մատով էր կանչել», ինչը, շատերի համոզմամբ, «անհարգալից վերաբերմունք է Անկարայի հանդեպ»: Մանոյանն այս կապակցությամբ նշեց. «Ես համոզված եմ, որ Օբաման շատերին կարող է մատով կանչել, կամ Սարկոզին ծամոն ծամելով հասել էր Անկարա, եւ իրենք վիրավորվել էին դրանից էլ: Սակայն ֆրանսիացու կամ ամերիկացու համար դրանք դիմացինի նկատմամբ արհամարհանքի դրսեւորումներ չեն: Հետեւաբար ես կարծում եմ, որ գոնե այս համատեքստում պատճառ չկա կարծելու, թե Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները սառել են»:

Վերջում ՀՅԴ ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Հայաստանի նոր խորհրդարանին: Մանոյանը ընդգծեց, որ նոր ԱԺ-ից արտաքին քաղաքականության առնչությամբ ինքը մեծ ակնկալիքներ չունի, քանի որ «մեծամասնությունը նախագահի արտաքին քաղաքականության գիծն է տանելու», ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4