«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


ԲԵՐԴ ՔԱՂԱՔԸՙ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՄՐՈՑ, ԵԿԵՂԵՑԻՆՙ ՄԻՋՆԱԲԵՐԴ

Օրեր առաջ ադրբեջանցի ասկյարները մահվան ուրվական սփռեցին Տավուշի վրա. երեք ամրակազմ երիտասարդ, երեք կյանք, երեք խեղված ճակատագիր: Թվացՙ սուգը մտավ բոլորի տուն, կյանքը կանգ առավ...

Եվ այս ողբերգության ֆոնի վրա թերեւս շրջադարձային դարձավ Բերդ քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնարկեքը ի հայրապետության Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: Քաղաքն ասես ուշքի եկավՙ վերակենդանացավ, մարդկանց դեմքին հույս ու հավատ ուրվագծվեց: Կառույցը բոլորվեց բնակիչներով:

Հիմնարկեքի օծման եւ օրհնության արարողության հանդիսապետՙ Գուգարաց թեմի նորանշանակ հոգեւոր առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը իր խոսքում կարեւորեց եկեղեցու կառուցումը հատկապես թշնամու հետ սահմանամերձ տարածաշրջանում: Նա Բերդ քաղաքը համեմատեց Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանը պահող ամրոցի հետ, իսկ եկեղեցինՙ միջնաբերդի: Սրբազան հայրը համոզմունք հայտնեց, որ նորակառույցը կդառնա բոլորի հավաքական հավատքի խորհրդանշանը:

- Ինչքան էլ բարձր ու մեծ լինի եկեղեցին, նա ոչինչ է առանց հավատացյալների, ուստի դուք բոլորդ ձեր սրտերում մի փոքրիկ եկեղեցի պիտի կառուցեք,- պատգամեց թեմի առաջնորդը:

Ավանդական ճարտարապետական ոճով նախագծված կառույցը հասակ կառնի տակավին 1680 թվականին հիմնադրված եկեղեցու տեղում, որն անցյալ դարի 30-ականներին հիմնահատակ ավերեցին հայտնի աստվածամերժները:

Արարողությանը մասնակցում էին ոչ միայն բերդցիները, այլեւ Երեւանից եկած բազմաթիվ նախկին շամշադինցի անվանի մտավորականներ, գործարար մարդիկ: Հեռավոր ամերիկյան Բոստոնից ժամանել էր Բերդի պատվավոր քաղաքացի, ճանաչված բարերար ու արդեն հիմնարկեքի քարակիր կնքահայր Ջեք Մեծորյանը տիկնոջՙ պրպտուն հասարակական գործիչ Իվա Մեծորյանի հետ: Ի դեպ, եկեղեցու շինարարության հիմնական մասի հովանավորը եւս ամերիկահայ էՙ լուսահոգի Ջոն Սթիվենսոնը:

Ոչ միայն եկեղեցու կառուցման, այլեւ առհասարակ մայրուղիներից մեկուսացված լեռնաշխարհում հոգեւոր կյանքի վերածնման գործում շռայլ է Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Արամ քահանա Միրզոյանի ծառայությունը: Նվիրյալ, ազնիվ ու եռանդուն հոգեւոր այրը իր առաքելությունը տեսնում է իր փոքր հայրենիքի կյանքի 70-ամյա աստվածամերժության ժամանակահատվածը մոռացության տալու մեջ: Մեր բախտը բերել է մեր քահանայի հարցումՙ գոհունակությամբ հավաստում է Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը :

- Որպես Ադրբեջանի հետ ամենամեծ սահմանն ունեցող մարզի ղեկավար ես խոր բերկրանք եմ ապրում նման իրադարձությունների կապակցությամբ,- ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը :- Մենք ոչ միայն նոր եկեղեցի ենք կառուցում, այլեւ ապահովում ենք մեր պատմության ու հոգեւոր կյանքի շարունակականությունը: Եկեղեցին մեր ոգու լիցքն է: Երբ Բերդի մեծերի հետ քննարկում էինք եկեղեցու անվանակոչության ոչ դյուրին հարցը, համերաշխվեցինք այն մտքին, որ մենք վերածնում ենք 2,5 դար առաջ կերտված մեծ աղոթատեղին, որ կրել է Սուրբ Գեւորգ անունը: Բացի դրանիցՙ սահմանի անվտանգությունն ապահովող մարդկանց համար նույնքան նվիրական է, որ Սուրբ Գեւորգը եղել է զինվորի, ժողովրդի պաշտպանը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4