«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2012-05-31 | #98, 2012-06-01 | #99, 2012-06-02


NBC-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԹՂԹԱԿՑՈՒՀԻՆՙ ՋԱՆԵԹ ՇԱՄԼՅԱՆ

Մայիսի 24-ին Քեմբրիջի (Մասաչուսեթս) «Ռոյալ Սոնեստա» հյուրանոցում «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հիմնադրման 80-ամյակին նվիրված ընդունելություն-ճաշկերույթի ընթացքում «գերազանցության» համար նախատեսված 2 մրցանակներից մեկը շնորհվեց NBC լրատվական գործակալության թղթակցուհի Ջանեթ Շամլյանին:

Ըստ վերոնշյալ շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանիՙ «ժողովրդական թղթակից» կոչմանը արժանացած հայուհուն կարելի է տեսնել NBC-ի ամենատարբեր ծրագրերում, սկսած «Nightly News»-ից («Գիշերային լուրեր») մինչեւ «Today Show» («Օրվա շոուն») եւ «Dateline» («Ժամադրություն») ծրագրերը: 9-16 տարեկան հինգ զավակների մայր Ջանեթը նույնքան հոգատար եւ շրջահայաց է իրական կյանքում, որքան հեռուստատեսային ծրագրերում: Նա երբեք չգիտի, թե հաջորդ պատմությունը ստեղծելու համար որտեղ եւ որքան ժամանակով կհայտնվի: Ափսոսում է, իհարկե, որ երեխաների մոտ երկար ժամանակ չի կարողանում անցկացնել, բայց մխիթարվում է, որ այդ հարցում նրան մեծապես օգնում է ամուսինըՙ Լը Ռոյ Մելչըրը:

Ջանեթը ծնվել-մեծացել է Չիկագոյում: Մայրը իռլանդացի է, հայրըՙ հայ: Լրագրող-հաղորդավարուհու մասնագիտությունը ձեռք է բերել Միսուրիի համալսարանում: Աշխատել է Միչիգանում, Հյուստոնում: Ծնողները շուտ են մահացել, եւ հինգ զավակներ մեծացնելու հոգսաշատ պարտականության պատճառով մոտ յոթ տարի չի աշխատել, բայց բախտը ժպտացել է, եւ ժամանակին պարտաճանաչ աշխատողի համբավը օգնել է, որ նրան վստահեն NBC-ում, որտեղ հետզհետե պաշտոնի բարձրացում է ունեցել:

Նրա հավաստմամբՙ հեռուստատեսային ծրագրերի հանդեպ հետաքրքրության նվազման լուրերը չափազանցված են եւ ժամանակավրեպ: Օն-լայնի առկայության պայմաններում մարդիկ դեռեւս նախընտրում են հեռուստատեսային ծրագրերը: «Բայց այստեղ դու շատ լավ գրել պետք է իմանաս, պետք է իմանասՙ ինչպես հետաքրքրական դարձնել քո պատմությունը, քո նյութը», հավատացած է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4