«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2012-06-02 | #100, 2012-06-05 | #101, 2012-06-06


ԿՐԿԻՆ ԶՈՀԵՐ, ՀԻՆԳԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ` ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտում են ադրբեջանական դիվերսիան, իսկ Քլինթոնը շարունակում է «ժպտալ» հարավկովկասյան մայրաքաղաքներում

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հունիսի 4-ին Երեւանումՙ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ սպասվում է արտգործնախարարների հանդիպում` չմանրամասնելով, թե ինչ ձեւաչափային արտգործնախարարական հանդիպման մասին է խոսքը: Երեկ արդեն, «Ազերիպրես» գործակալության տեղեկացմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հստակեցրել է Քլինթոնի հրապարակած տեղեկությունը, նշելով, որ հանդիպումը Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարներինն է, որ կլինի հունիսի 18-ին Փարիզում, ընդ որում` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների մասնակցությամբ:

Թե ինչ հարցեր են օրակարգում` վերջին երկու օրվա իրադարձությունների ֆոնին էական չեն կարող լինել, քանի որ հաստատապես կողմերը կարիք ու անհրաժեշտություն ունեն քննարկելու այն, ինչ տեղի է ունենում Տավուշի մարզի` Ադրբեջանին սահմանակից հատվածում:

Հունիսի 4-ի լույսի 5-ի գիշերը, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Ադրբեջանը կրկին դիմել է սադրանքի` փորձելով խախտել Հայաստանի սահմանը: Այս անգամ, ի տարբերություն Չինարի գյուղի մոտակայքում դիվերսիայի ու դրա հետեւանքով 3 հայ զինվորների սպանության, ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է հայկական տարածք ներխուժել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում:

Հայ դիրքապահներն, ըստ պաշտոնական տեղեկության, հայտնաբերել են 15-20 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբն ու վնասազերծել:

Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կան հինգ զոհ (մի շարք աղբյուրներ տասն են համարում նրանց թիվը), վիրավորներ, որոնց իրենց հետ տարել են կենդանի մնացածները: Հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան:

Ադրբեջանական կողմը, բնականաբար, իր տարբերակն է առաջարկում, ըստ որի «շեհիդներ» են դարձել 5 զինծառայող` 4-ը «հայկական դիվերսիայից են սպանվել, մեկը` Ղազախի շրջանի անանուն բարձունքներից արձակած կրակոցից»: Ու թեեւ ադրբեջանցի զինծառայողները կարծես որպես շարքային են ներկայացվում, նրանցից առնվազն մեկը պետք է որ կամ սպա լինի, կամ պայմանագրային, կամ էլ վարձկան, քանի որ եղել է 24 տարեկան: Վիրավորների մասին ադրբեջանական կողմը ոչինչ չի հաղորդում, թեեւ ակնհայտ է, որ զոհերի նման թվի դեպքում վիրավորներ պետք է լինեին:

Ու թեեւ երկու դեպքում էլ Ադրբեջանը մեղավոր է համարում «հայկական դիվերսիոն խմբերին»ՙ զոհեր ունենալով հանդերձ, մի տեսակ լռություն է` ինչպես քննադատության, այնպես էլ դատապարտման իմաստով, ինչն ինքնին տարօրինակ է, չնայած դատապարտման խոսքեր չհնչեցրեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարը, երբ Երեւանում տեղեկացել էր հայ 3 զինծառայողների սպանության մասին:

Եվ եթե Քլինթոնը այսօր Բաքվում դատապարտման խոսքեր ասի, դա կարող է միայն նշանակել, որ ամերիկյան իրողություններն ու արժեքներն էլ գրոշի արժեք չեն, քանի որ «հավասարակշռվում» են պարիտետներով, էներգետիկ շահերով ու, այսօրվա դրությամբ ամենակարեւորը դարձած, հակաիրանական համագործակցություն ստանալու ցանկությամբ:

Ճիշտ է, տեղի ունեցածը դատապարտելու կոչով Քլինթոնին դիմել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, մի շարք կոնգրեսականներ էլ իրենց վրդովմունքն ու դատապարտումն են արտահայտել հայ զինվորների սպանության առնչությամբ, ակնհայտ է, որ այս բոլոր հարցերը ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցի օրակարգի վերջին տողերից են, քանի որ հիմնական թեման, այդուհանդերձ, հաստատապես մնում է իրանական հարցը: Իսկ քանի որ վերջինի դեպքում Ադրբեջանը մեծ դերակատարության հեռանկարի առաջ է կանգնած` թեկուզ զուտ աշխարհագրական առումով, ակնհայտ է, որ Հիլարի Քլինթոնն իր «իրանական դարդերը» չի թողնի ու զբաղվի «անիմաստ մահերով», ինչպես հենց ինքը` ԱՄՆ պետքարտուղարը սահմանին տեղի ունեցած միջադեպի զոհերի առնչությամբ բնորոշում օգտագործեց երեւանյան ասուլիսում:

Թերեւս ինչ-որ կերպ տեղի ունեցածը դատապարտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Փարիզում հունիսի 18-ին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, սակայն, ըստ էության, դատապարտումն էլ արդեն վաղուց բավարար չէ. անհրաժեշտ են հստակ ու հասցեագրված զգուշացումներ, այլապես երբեմն բռնկվող «սառեցված» հակամարտությունը կրակի մեջ կառնի առանց այդ էլ ոչ կայուն ու խաղաղ տարածաշրջանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4