ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Մեկնարկեց հայոց լեզվի եւ հայ գրականության միասնական քննությունը, որն առանձնացավ դիմորդների քանակի գերակշռող թվով` շուրջ 11795 դիմորդ: Մեկնարկից առաջ ԵՊՀ-ում շրջայց կատարեցին ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը : Ինչպես նախորդ քննությանը, այս անգամ եւս դիմորդների ծնողները ստեղծել էին գերլարված իրավիճակ, որը խանգարում էր հենց իրենց երեխաներին: «Ազգը» փորձեց ծնողներից ճշտել, թե որն է պատճառը, որ նման խառնաշփոթ են ստեղծում մոնիտորների դիմաց, երբ երեխաների պատկերները գտնելը փոքրիկ մոնիտորներում գրեթե անհնարին է (իրականում ոչինչ էլ չի երեւում 300 դիմորդներով լեցուն դահլիճում). «Փորձում եմ գտնել երեխայիս, որպեսզի փոխանցեմ ներքին էներգիաս, որը, վստահ եմ, կազդի»: Իսկ ծնողներից մեկն էլ մոնիտորների դիմաց հուսահատ կանգնած ասաց. «Երեխաս սպիտակ գուլպաներ էր հագել, բայց ո՞ւր է»:
Եղան դիմորդներ, որոնք հարգելի պատճառով չէին ներկայացել քննական կենտրոններ, եւ ինչպես հաղորդեց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը , նրանք հունիսի 24-ից պետք է ներկայանան Գնահատման եւ թեստավորման կենտրոն` կլոր կնիքով բժշկական թղթերով:
«Ազգը» զրուցեց նաեւ ԵՊՀ-ում տեղի ունեցող հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի քննության թեստը առաջիններից մեկը ավարտած Մանասերյան Լիանայի հետ, որը դիմել է ԵՊՏՀ. «Թեստը շատ հեշտ էր, եւ ինձ թվում էՙ 20 բալ կհավաքեմ»:
Անդրադառնալով նախորդ քննություններինՙ նշենք, կենսաբանության միջին միավորը կազմում է 11.4 միավոր, ընդհանուր պատմությանը` 12.2 միավոր, աշխարհագրությանը` 12.3 միավոր: 17.5-20 միավոր հավաքած դիմորդների թիվը կենսաբանություն առարկայից կազմում է 149, ընդհանուր պատմություն` 12.2 դիմորդ, աշխարհագրություն` 41 դիմորդ: Դրական շեմը չեն հաղթահարել կենսաբանություն առարկայից` 370 դիմորդ, ընդհանուր պատմություն` 56 դիմորդ, աշխարհագրությունՙ 37 դիմորդ: ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, անդրադառնալով հունիսի 1-ի կենտրոնացված քննությաններին, ասաց, որ 2010 թ.-ի համեմատությամբ բալային լուրջ տարբերություն չի եղել: Ինչ վերաբերում է հայոց լեզվի եւ հայ գրականության, մաթեմատիկայի քննություններինՙ Մ. Մկրտչյանը նշեց, որ դիմորդների բալերը շատ կարեւոր են վերլուծության համար. «Տեսնենք, թե ինչ տարբերություն կլինի քննությունների արդյունքներում այս տարի, քանի որ հայոց լեզու եւ հայ գրականություն, մաթեմատիկա առարկաների թեստերը կազմվել էին շտեմարաններից: Վերլուծությունը հիմք կհանդիսանա, որ հասկանանքՙ մյուս առարկաները եւս անցնե՞նք շտեմարանային համակարգի, թե՞ ոչ: Ինչպես գիտեք, մենք իրականացնում ենք ԿԳ նախարարի եւ ՀՀ վարչապետի քաղաքականությունը, ըստ որի ընդունելությունը պետք է լինի հեշտ, ավարտելըՙ դժվար»:
Ընդգծենք, որ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից միասնական քնություն հանձնող դիմորդները քննակենտրոններից դուրս էին գալիս ժպտալով եւ գոհ, նշելով, որ շատ հեշտ էին թեստերը: Նման դեպք դեռ չէր գրանցվել: