ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թեեւ բոլորին է հայտնի, թե այս ընտրություններն ինչպիսի հնարամտություններով անցան, սակայն ի վերջո այս անգամ չկրկնվեց նախորդ խորհրդարանական ընտրություններից հետոյի լարվածությունը: Նախօրոք գծված, թե ոչ` բոլոր քաղաքական ուժերը հայտնվեցին խորհրդարանում, բացի դրանիցՙ չնայած ՀՀԿ-ի ներսում որոշ արմատական տրամադրությունների, ՀՀԿ առաջնորդն ինքը ոչ մի կերպ եւ ոչ մի առիթով չսրեց իրավիճակը: Իսկ խորհրդարան անցած երկու մեծ ուժերի հետընտրական լուռ պահվածքն առհասարակ առայժմ լիցքաթափեց լարվածությունները գոնե ամառվա ամիսների մասով: Հիմնական ինտրիգը, թե ի վերջո ԲՀԿ-ն նախագահի սեփական թեկնածու ունենալու է, թե, այնուամենայնիվ, այս անգամ պաշտպանելու է նախագահի թեկնածությունը, մնաց աշնանը: Այժմ քաղաքական շրջանակները զբաղված են հույժ կարեւոր գործով` պաշտոնները բաժանել-կիսելով, այն եւս հրապարակային լրախժդժանքներով է տեղի ունենում, սա նույնպես մի պահ շեղում է հանրության ուշադրությունը, հանրությանը վարակում այն նույն անորոշ սպասողականությամբ, ինչ որ որդեգրել են հիմնական քաղաքական ուժերը` իրական թե ձեւացրած: Բոլորը կարծես սպասում են Գոդոյին, բայց Գոդոն մինչեւ աշուն գոնե չի գա: Իսկ այն տեղային նշանակության մերձընտրական գործընթացները ոչինչ չեն որոշելու եւ ավելի շատ այս պահին ընթացակարգային նշանակություն ունեն: Ասենք` Սահմանադրական դատարանն ավելի վաղ մերժել էր ՀԱԿ-ի դիմումը` համամասնական կարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, կամ` երեկ մերժել է մեծամասնականով թիվ 37 ընտրատարածքի ՀԱԿ-ի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը, որով վիճարկվում էր այդ ընտրատարածքից պատգամավոր դառնալու (ՀՀԿ-ի աջակցությամբ Հայկ Գրիգորյանն է դարձել պատգամավոր) մասին ԸԸՀ որոշումը: Այդ կարգի գործընթացներից մարդիկ ոչինչ համարյա չեն սպասում, ու կոնկրետ վերը նշվածները պետք են ՀԱԿ-ին` Եվրոպական դատարանի անուն էր տալիս Լեւոն Զուրաբյանը, «զապաս խոդերի» տոպրակն են լցնում հիմիկվանից:
Մի շարք իրադարձություններ ավելի են հեռացնում ընտրությունների վերաբերյալ կրքերն ու մտածումները` դրանք այլեւս անցած էտապ դարձնելով. ողջ մամուլն ամեն օր այնպիսի եռանդով է լծվել այս ու այն մարդուն նշանակել-հանելով, այնպիսի մի մրցավազք է` որ լրագրողը շուտ ում եւ որտեղ կնշանակի, որ մի պահ մտածում ես, թե այդ այդ բոլորը հատուկ կարգավորվում է, որպեսզի մարդկանց զբաղեցնեն, այսինքնՙ հասարակությանն ապահովեն տեսարաններով` հացը պակաս է քանի որ:
Ընտրություններից հետո էլ մի քսան օր բոլոր քաղաքական ուժերը ջուր առան բերանները` բոլորով սպասում էին ԲՀԿ-ի` կոալիցիա մտնել-չմտնելուն: Մի խոսքով` գազն անցավ:
Այս քանի օրն էլ նոր մտահոգություններ կան հասարակության համար` հայոց սահմաններում թշնամու դիվերսիաներ են, հետն էլ` տիկին Քլինթոնի բազմանշանակ շրջայցը (Երեւան, Թբիլիսի, Բաքու, Անկարա) տարածաշրջան` էնքան մտմտալու բան կա այս առիթներով, որ ընտրությունները, է՜, մնացին չշարժված սարերի հետեւում: Ընդ որում, այցի արտաքին` երեւացող մասը տեսանք, սակայն անհայտ մասի մասին ոչինչ չգիտենք` ենթադրությունների դուռը բաց է թողնված ու դրանց համար տարածաշրջանային թնջուկների նյութն առատ` Իրանի միջուկային ծրագիր, հակաահաբեկչական թեմա, ԼՂ կարգավորում եւ այլն: Գումարած Հայաստանի սահմանին իրեն անկառավարելի պահող հարեւան, որ չգիտենք` Քլինթոնի՞ն էր բան հասկացնում, թե ինքն իրեն էր գոտեպնդում անիմաստ դիվերսիայով` «գոռա, որ չվախենաս» սկզբունքով: Բայց որ մեր տղաների կյանքեր խլող այդ հարեւանին ոչ միայն պետք էր տեղը ցույց տալ, այլ նաեւ նախօրոք վնասազերծել, դիվերսիայի միտքն իրականություն դարձնելը բնում խեղդելով, որպեսզի հայ մայրերը չսգային իրենց որդիների մահը, դա կարելի է մեր պաշտպանության թերացումը համարել միանշանակ: Չէ որ նախադեպը վերջին շրջանում եղել էր, ուրեմն` մերոնց զգոնությունն է պակաս եղել, ու հենց զինվորական դատախազն էր ասում սահմանին հայկական կողմի զգոնությունն ավելացնելու մասին:
Հիմա թե ինչո՞ւ էր ժպտում տիկին Քլինթոնը այդ մահերի մասին լսելուց հետո, չգիտենք: Եվ չգիտենք, թե ինչ է կասի նա Ալիեին այդ առիթով, բայց երես առած ադրբեջանցիք մի օր հետո որ նորից դիվերսիա կատարեցին եւ շան ծեծ կերան ու 5 ու ավելի զոհ էլ տվեցին, տեսնես դաս ստացա՞ն, եւ ամենակարեւորը` ի՞նչ մեսիջներ էր հղում Ալիեւն աշխարհին իր այդ դիվերսիաներով: Կռվա՞ն ստացավ իր կարծիքով, թե Քլինթոնի ձեռքը կռվան տվեց, եւ առհասարակ` ի՞նչն ինչի՞ հետ է ենթաթելերով կապվում մեր տարածաշրջանում, որտեղ բոլորը բոլորին սպառնում են, ու ամեն մեկին մյուսի դեմ մահակներ եւ կռվաններ են հարկավոր: Ու այդ բոլորի մեջ մենք, մեր երկիրը ո՞նց ենք լող տալիս, ի՞նչ են առնում ու տալիս` մակերեսում գտնվող երկու երկրների (Հայաստանի եւ ԱՄՆ-ի) «վերընթաց զարգացման» եւ ԱՄՆ-ի` տարածաշրջանում բարձր դերի մասին մեր նախագահի հնչեցրած գնահատականներից այն կողմ: Ի՞նչ սպասումներ ունենք արեւմտյան վեկտորից, ու ի՞նչ ենք հակադրելու կամ հավասարակշռելու Ռուսաստանի ենթադրվելիք դժգոհությանն այս առիթով, եւ առհասարակ, մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջը տարածաշրջանում, որի քավորությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման արագությունը, աստված մի արասցե, մի օր ու մի անգամ հաշվելու ենք, այս անգամը չէ՞ր դեռ: Այս բոլորի տակ արդյոք ԼՂ խնդրի երկու կողմից` ի նպաստ սեփական երկրի լուծման երաշխիք ստանա՞լն է:
Բայց Ալիեւին հարյուր ասա` «խնդրի ռազմական լուծում գոյություն չունի»` կարող են դրանք «վատ միջադեպերի եւ բարդ հետեւանքների» հանգեցնել կամ Հելսինկյան ակտի երեք սկզբունքը միասին են գործադրվելու, տեսնում եք, նա իր էշն է քշում, բյուրեղապակյա՛: Իսկ թե հայ-թուրքականում էլ նախապայման չի կարող լինել, սա տիկին Քլինթոնը որ կրկնում է` պետք է լսած լիներ օրեր առաջ Հայաստանում Սեծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ի թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների իրար «քոմագ» կանգնելը, որոնք միջազգային այս կազմակերպության` համագործակցելու մանդատը շան տեղ չդնելով պնդում էին` մեկը մյուսի հետ կապ ունի, նախապայման էլ կա: Հիմա երեք սկզբունքի մասին խոսող Քլինթոնն այսօր Ալիեւին հասկացնելո՞ւ է տեսնես երեք սկզբունքի հավասարապես կիրառելու մասին, թե այնտեղ Բաքվում ավելի մեծ շահերից են խոսելու` Իրանի, Թուրքիայի հետ կապված խնդիրներից, Անկարայում էլ դիվանագետ տիկինն ասելու է փակ սահմանների անկարելիության եւ նախապայմանների անթույլատրելիության մասինՙ ասելու համար միայն:
Ու բոլորը միասին սպասելու են-տեսնեն` այս բոլորի մասին ի՞նչ է խոսելու մեր ռազմավարական գործընկերը, տարածաշջանային մյուս խոշոր խաղացող Ռուսաստանը, որի նախագահի այցը սպասվում է աշնան սկզբին: Մերոնք էլ ուզում են տեսնել, թե ինչ կերպ են այս բոլորը կապվում եկող գարնանը սպասվելիք մեր նախագահական ընտրությունների, ներկա եւ ապագա նախագահների (կամ` գուցե նախագահի, քանի որ դա ամենայն հավանականությամբ ՍերԺ Սարգսյանն է լինելու) դիրքորոշումների եւ մոտեցումների հետ:
Մեր քաղաքականները, վստահ եմ, շուտով կարթնանան ու մի լավ կքննարկեն Քլինթոնի տարածաշրջանային տուրնեն, գուցե սպասում են` ի՞նչ կասի նա մյուս մայրաքաղաքներում: Մերոնք կրքով կխոսեն սահմանների պաշտպանության մակարդակը բարձրացնելու մասին, ընդ որում` այնպիսի կիրք կդրսեւորվի քննարկումներում, որ ընտրությունների թեման «ղալաթ» է արել: Սահմանի վերաբերյալ, թեեւ, տեղին կլինի մի լավ թափ տալ մեր պաշտպանության նախարարությանը, քանի որ մայիսի 4-ի լույս 5-ի գիշերվա դիվերսիային արժանի հակահարված տալը դրվատենք, բայց ախր ո՞նց կարելի էր դիվերսիա եւ զոհեր թույլ տալ դրանից մեկ օր առաջ, ո՞վ է պատասխանատու, ո՞վ զգոն չի եղել` կանխելու հարձակումը. վերջապես գտնենք մեղավորներին, որ մեկ անգամ զոհ տալուց ու դրանից հետո կրկին զոհ տալուց հետո` մեր սահամանային հրամանատարները պարզապես այլեւս ոչ մի պատճառաբանություն չունենան այդպիսի դեպքի կրկնության համար, կրկնություն բացառվի ընդհանրապես, դիվերսիան կանխվի ու խեղդվի բնում:
Իսկ ընտրություններն, իրոք, մոռացվեցին, առաջ դեպի պաշտոնաբաժանում, որ կավարտվի մինչեւ հունիսի 15-ը հավանաբար: