Իսկ ինչո՞ւ պետք է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտեր Ադրբեջանի ագրեսիան` Տավուշի մարզի Չինարի-Բերդավան գյուղերի մոտակայքում իրականացված: Վաշինգտոնը սեփական շահերը չունի՞, եւ մենք դեռ չե՞նք համոզվել, որ Վաշինգտոնը նախ մշտապես առաջնորդվել է սեփական շահերով, ապա եւ վերջիններս խիստ հազվադեպ են առնչվել հայկական շահին (եթե իհարկե գոյություն ունի «հայկական շահը»):
Ու իսկապե՞ս Երեւանում նստած սպասում էինք, թե երբ պետք է Քլինթոնը ՀՀ նախագահի կամ ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ, կամ դրանցից հետո անի հայտարարություն, որով դատապարտի ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիան: Եթե սպասում էինք, ապա թույլ տվեք հիշեցնել, որ ամեն տարի աշխարհի հայությունը սպասում է նախագահ Օբամայի «Հայոց ցեղասպանություն» բառերին, սակայն` ապարդյուն, ինքըՙ տիկին Քլինթոնը, բազմիցս է հայտարարել, որ դա «այո, ցեղասպանություն էր», սակայն այդ ամենը մինչ պետքարտուղար դառնալը, ասել է թե` մինչ ամերիկյան շահ կրելն ու ներկայացնելը: Ու արդյո՞ք մենք Բաքվին դատապարտող հայտարարություններ սպասում էինք մի երկրից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում կարող է ընդգծել, թե ԼՂ հակամարտության լուծման համար առաջարկված սկզբունքները` ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկել մեկ ընդհանրության մեջ, այսինքնՙ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի այս սկզբունքներից բոլորով, ոչ թե դրանց «մի մասով», այս հստակ հայտարարությունն արել է նույն Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ երկրների նախագահների` Աստանայում տեղի ունեցած վերջին գագաթաժողովի ժամանակ, երբ Իլհամ Ալիեւն արդեն լքել էր գագաթաժողովը: Սակայն նույն այս ԱՄՆ-ը, արդեն որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ստորագրի մի հռչակագիր, որտեղ որպես «հարավկովկասյան բոլոր հակամարտությունների» լուծման համար առաջարկվող սկզբունք մոռացված է ազգերի ինքնորոշումը:
Այսքանից հետո ու այսքանն իմանալովՙ մենք ակնկալիքներ ունեի՞նք տիկին Քլինթոնից. եթե այո, ապա չենք սովորել: Քանի որ Քլինթոնը, տվյալ պարագայում` Վաշինգտոնը, պետք է աներ եւ արեց հայտարարություն, որտեղ «կոչ է արվում կողմերին», ոչ թե կողմին:
Կասեք, բայց չէ՞ որ ԱՄՆ-ը` ի թիվս Մինսկի խմբի այլ համանախագահների, ցանկանում է լուծում տալ ԼՂ հակամարտությանը, հետեւաբար այդ առումով առավել նպատակային կլինի «իրերն իրենց անունով կոչել», սակայն վստա՞հ եք, որ ԱՄՆ-ը ավելի շատ չի ուզում տարածաշրջանային անորոշություն, որտեղ բոլոր կողմերից, ոչ թե մեկ կոնկրետ կողմից կարող է ուզած ժամանակ օգուտներ քաղել` հանուն այդ նպատակի օգտագործելով բոլոր կողմերի համար էլ խիստ զգայուն մի հարց: Այդպես չէ՞, իսկ դուք նայեք Բաքվից էլ շատ նավթով հարուստ Իրաքին, Լիբիային... այնտեղ ԱՄՆ-ը ի՞նչ բերեց անորոշությունից բացի...
Հետեւաբար, ինչո՞ւ ենք մենք ակնկալում ԱՄՆ պետքարտուղարից ու չենք ակնկալում ՀՀ քաղաքացուց: Այն օրը, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններ ծավալեց Տավուշի մարզում, վերանշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարը, հետեւաբար ընդգծվեց, որ նախարար Օհանյանը «լավ է աշխատել» ու շարունակում է վայելել երկրի բարձրագույն իշխանության վստահությունը: Մինչդեռ դիվերսիոն գործողությունները այսրոպեական կրակ չեն, ինչը գրեթե անհնար է կանխարգելելը, դա վաղօրոք մտածված գործողություն է, ինչի մասին դիվերսիայի ենթարկվածը պարտավոր է իմանալ կանխավ, որպեսզի չենթարկվի այդ դիվերսիային: Մենք չիմացանք, ինչի հետեւանքը մեր երեք զոհերը եղան ու մի քանի վիրավորները, նաեւ ադրբեջանական կողմից շարունակվող դիվերսիան, արդեն` երեկ, նորը:
Հիմա, արդյոք այս ամենի հետ կապված հարցերի պատասխանները մեզ չպե՞տք է տա ՀՀ քաղաքացին` նախագահից, նախարարից, որոնք երկուսն էլ ոչինչ չխոսեցին` ի դեպ, շարքային քաղաքացուց վերջացրած. չէ՞ որ զոհվողը ՀՀ քաղաքացի է, հայ զինվոր, ոչ թե «տուն չվերադարձած», այլ` հերոս զինվոր: Բայց ոչ, մենք շարունակում ենք սպասել, որ «ինչ-որ» մեկը գա ու մեր փոխարեն պատժի մեր հակառակորդին, մինչդեռ այդպես չի լինում, քանի որ միջազգային հանրությունը խոսում է միայն նրա հետ, որը ասում էՙ կկրակեմ, ու կրակում է, հրեաները` վկա:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ