«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2012-06-02 | #100, 2012-06-05 | #101, 2012-06-06


«ՀՈՐՈՎԵԼ» ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ ՏՈՆԵՑ 40-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԸ

Հունիսի 4-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հորովելցիներն էին: Նրանքՙ համույթի երախտավորները, ներկայիս սերունդը իրենց արվեստը սիրող ու գնահատող մարդկանցով շրջապատված տոնում էին «Հորովել» երգի-պարի համույթի անվանակոչության 40-ամյա հոբելյանը: Մինչդեռ համույթը 50-ից ավելի տարիների կենսագրություն ունի: Կենսագրություն, որը նաեւ մի քաղաքի մշակութային պատմությունն է, որի մեջ միահյուսվում են հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող մարդկանցՙ արվեստի գործիչների կենսագրությունը: Դեռեւս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբերի հիման վրա էլ ձեւավորվել է «Հորովել» համույթը, որը կազմվեց 1958-ինՙ Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային համույթի բազայի վրա: 1972-ին, հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը եւ արտիստների վարպետությունը, շնորհվեց պետականի կոչում եւ վերանվանվեց «Հորովել» երգի-պարի պետական համույթի կարգավիճակ: Ստեղծագործական դժվարին, սակայն գեղեցիկ ճանապարհ է անցել համույթը եւ իրավունք ունի դեռ երկար գոյատեւելու, քանի որ նրա ստեղծագործական ակունքը ժողովրդականն է: «Հորովելի» ծրագրում տեղ են գտել հայ ժողովրդի հինավուրց երգն ու պարը, որոնք շնորհալի կատարողների ջանքերով իրենց յուրովի մեկնաբանումն են գտել: Այժմ անսամբլը ստեղծագործական վերելք է ապրում:

Համույթը հյուրախաղերով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի եւ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, եվրոպական մի շարք երկրներում մասնակցել է միջազգային փառատոների. 1966 թ.ՙ Լեհաստանՙ ոսկե մեդալ, 1967 թ.ՙ Բեռլինՙ առաջին կարգի մրցանակ, 1968ՙ Լեհաստան եւ Մոլդավիաՙ համամիութենական փառատոնի դիպլոմ, 1969ՙ Մոսկվայի համագումարների պալատՙ առաջին կարգի դիպլոմ, 1975, 1980, 1989, 1991ՙ Ֆրանսիա, 1984ՙ Ուկրաինա, 1993ՙ Ռուսաստան, Վրաստան, 1998ՙ Իտալիա, 2002ՙ Իրաք, 2003ՙ Հունաստան, 2006ՙ Ֆրանսիա եւ այս շարքը կարելի է շարունակելՙ մատնանշելով համույթի ձեռքբերումներն ու հաջողությունները: Համույթի կայացման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել բազմաթիվ երախտավորներՙ դուդուկահարներ Վլադիմիր Կռոյանը, Արտավազդ Տեր-Հովհաննիսյանը, բալետմայստեր Կարլեն Համբարձումյանն ու հնչեղ շատ այլ անուններ: Անուրանալի է եղել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի ներդրումը: 1960-ին համույթ է հրավիրվել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը, ով երկար տարիներ եղել է «Հորովելի» անփոփոխ բալետմայստերը: Նրա բեմադրություններն այսօր էլ անփոփոխ տեղ են զբաղեցնում համույթի պարացանկում: Խաչիկ Մարգարյանը նույնպես եկել էր շնորհավորելու սիրելի համույթին: Դահլիճը նրան ողջունեց հոտնկայս ծափահարություններով:

Համույթում սահուն սերնդափոխություն է կատարվել եւ նոր սերունդը կատարողական արվեստով չի զիջում նախորդներին: Այժմ համույթի գեղարվեստական ղեկավարը եւ տնօրենն է Գագիկ Անանյանը: Սկսած 1968-իցՙ արդեն 44 տարի, գրեթե ողջ գիտակցական կյանքում Գագիկ Անանյանը համույթի հետ քայլում է կողք-կողքի: Նրա կենսագրությունը հյուսվում է «Հորովելի» կենսագրությանը զուգընթաց: Արայիկ Գեւորգյանը համույթի գլխավոր բալետմայստերն է: Նրա պարային բեմադրությունները հավասարը հավասարին են կանգնում վաստակաշատ պարուսույցների բեմադրություններին: Երաժշտական մասի ղեկավարն ու դիրիժորն է սիրված երաժիշտ Էլմիրա Կռոյանը:

Համույթի 40-ամյա հոբելյանական երեկոյի բացման պատիվը տրվեց «Հորովելի» պարային համույթի ավագ սերնդին, ովքեր ուրախ շուրջպար բռնեցին աբելյանական բեմումՙ մեկ անգամ եւս վկայելով, որ տարիները չեն ծերացնում արվեստի նվիրյալներին: Նրանցից շատերն իրենք էլ համույթներ են ղեկավարումՙ գեղագիտական ճաշակ ու ազգային պարի նկատմամբ սեր սերմանելով մատաղ սերնդի մեջ: Ինչու չէ նաեւ պրոֆեսիոնալ կադրեր «մատակարարում» մայր համույթին: Շատերն էլ չէին կարողացել ներկա գտնվել սիրելի համույթի հոբելյանական երեկոյին, քանի որ բնակվում են արտասահմանյան տարբեր երկրներում: Նրանք նույնպես աշխարհի տարբեր ծայրերում ուսուցանում են հայ ազգային պարըՙ այդկերպ նպաստելով հայապահպանությանն արտերկրում: Նրանք իրենց ջերմ բարեմաղթանքներն էին հղել ուղերձների, նամակների միջոցով:

Հորովելցիներին իր օրհնության ու բարեմաղթանքի խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը :

- «Հորովելի» կատարումների ներքո մենք նորովի ենք սիրահարվում մեր ժողովրդին, արվեստին, մշակույթին: Երիտասարդների մեջ ազգասիրության զգացմունք է ձեւավորվում, ինչը կարեւոր է հայի ոգին ու դեմքը պահպանելու համար,- ասաց Սեպուհ սրբազանը :

Հոբելյանի առթիվ ողջույնի խոսք ասաց նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանը:

- Կարեւորում ենք երաժշտությունն ու պարը, քանի որ երկուսն էլ թարգմանության կարիք չունեն, հասկանալի են բոլորի համար: Երաժշտության մեջ արտացոլվում է ժողովրդի ոգին: Իսկ ոգին ազգապահպանության ամենակարեւոր պայմաններից մեկն է,- ասաց նաՙ փոխանցելով նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձը: Ս. Գեղամյանը հանդես եկավ նաեւ կարեւոր առաքելությամբ. Լոռու մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելու, ազգային երգարվեստի ու պարարվեստի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար, ինչպես նաեւ 40-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ոսկե մեդալով պարգեւատրվեցին Գագիկ Անանյանը, Արայիկ Գեւորգյանը եւ Էլմիրա Կռոյանը, շնորհակալագրերով եւ պատվորերովՙ մի շարք հորովելցիներ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս շնորհակալագրեր ու ծաղկեփնջեր հանձնեց համույթի մի շարք երախտավորների ու ներկայիս սերնդի ներկայացուցիչների: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը , ում շնորհիվ ստեղծվում են նպաստավոր պայմաններ համույթի գործունեության համար, եւս ձեռնունայն չէր եկել:

- «Հորովելը» կերտել ու շարունակում է կերտել Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի մշակութային պատմությունը: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցի իր մեջ կրում է ձեր անունը,- ասաց նա:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը քաղաքապետի ուղերձը հանձնեց Գ.Անանյանին եւ պատվոգրեր ու նվերներ հանձնեց Էլմիրա Կռոյանին, համույթի ակունքներում կանգնած Արմենուհի Դիլանյանին, Սեյրան Գինոյանին, այլ երախտավորների ու նաեւ ներկայիս համույթի կազմում ընդգրկված երիտասարդներին: Պատվոգիր հանձնվեց նաեւ Վանաձորի թիվ 1 մշակույթի տան տնօրեն Սիլվա Անտոնյանին, քանի որ, ինչպես նշվեց, «Հորովելը» նախկինում իր գործունեությունը ծավալել է այստեղ եւ այս տարի լրանում է թիվ 1 մշակույթի տան գործունեության 65-ամյա տարեդարձը:

Բարեմաղթանքներ հղեց Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը .

- Մի քանի րոպեում արժեւորել 40-ամյա գործունեությունն անհնար է: Հորովելցիներով հպարտանում է ոչ միայն Վանաձորը, Լոռին, այլեւ ողջ հանրապետությունը, մենքՙ պարարվեստի գործիչներս: Այսօր գնահատելու ժամանակը չէ, այսօր մեծարելու ժամանակն է: Ավելի մեծ ու հարուստ մարզեր ու քաղաքներ կան, սակայն «Հորովել» ունեն միայն լոռեցիները,- ասաց նա: Կ. Գեւորգյանը միության պատվոգրեր հանձնեց մի շարք հորովելցիների:

Շնորհավորանքի խոսքեր հղեցին նաեւ Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը , ով վկայեց, որ նույնպես տարիներ առաջ պարել է համույթի կազմում: Նա փոխանցեց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի եւ մշակույթի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանի շնորհավորական ուղերձը:

Բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը , «Երգի թատրոնի» գեղարվեստական ղեկավար Գագիկ Աղաբաբյանի ուղերձը հանձնեցին թատրոնի արտիստները:

Համույթի նախորդ տարիների մեներգիչ Աշոտ Սարիբեկյանի եւ պարուհի Կարինե Քոչարյանի դուստրըՙ Անահիտ Սարիբեկյանը , որը նույնպես պարել է համույթի կազմում, անակնկալ մատուցեց հանդիսատեսին: Անմիջապես ժամանելով Նիժնի Նովգորոդից, նա փոխանցեց ծնողների եւ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը: Սրտառուչ խոսք ասաց Խաչիկ Մարգարյանը: Շնորհավորանքները բազմաթիվ էին, շնորհավորագրերն ու ուղերձներըՙ եւս, որոնք ընդմիջվում էին համույթի անզուգական կատարումներովՙ «Անզուգական հուշեր», «Կժերով պարը»ՙ բեմադրող Արայիկ Գեւորգյան, «Գյուղական պատկերներ»ՙ բեմադրող Խաչիկ Մարգարյան եւ այլ պարերը, մեներգիչներ Սուսաննա Ջաղինյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի, Արմեն Ներսիսյանի կատարումները բազմաթիվ հաճելի պահեր պարգեւեցին հանդիսատեսին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4