Հունիսի 4-ին Երեւանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, արդեն իսկ տեղյակ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում հայ զինվորների սպանության փաստին, նախընտրեց բավարարվել միայն «խիստ մտահոգ» լինելու մասին հայտարարելով:
Պարզվում է, Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցչին մեկ կողմի զոհերի առկայությունը բավարար չէր դատապարտման խոսքեր ասելու համար, քանի որ արդեն Բաքվում, ըստ «Ազերիպրես» գործակալության, տիկինը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ճեպազրույցում «դատապարտել է» միջադեպերըՙ նշելով. «Այդ բռնություններին վերջ պիտի տրվի»:
Անդրադառնալով հունիսի 17-ին կամ 18-ին Փարիզում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը` Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Փարիզում «մենք ղարաբաղյան հակամարտության լուծման նոր մոտեցում կառաջարկենք»: «Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ հասնել խաղաղության: Հարցի լուծումը պետք է գտնվի», Բաքվում հայտարարել է Քլինթոնը:
Ի՞նչ մոտեցում, ինչո՞ւ նոր մոտեցում եւ արդյոք հենց այդ մոտեցո՞ւմն է Բաքվի սադրանքների նպատակակետը` գուցե պարզ դառնա, երբ փարիզյան հանդիպումն, այդուհանդերձ, կայանա:
«Ես ասել եմ Ադրբեջանի նախագահին, որ ԱՄՆ-ը պատրաստ է անել ամեն ինչ` աջակցելու հակամարտության կարգավորմանը», Բաքվում հայտարարել է Հիլարի Քլինթոնը` եզրափակելով հարավկովկասյան այցն ու մեկնելով Թուրքիա:
Ա. Հ.