Հունիսի 11-14-ը Երեւան, ապա Թբիլիսի, հետո նաեւ Բաքու է այցելելու ԵԱՀԿ գործող նախագահ Իռլանդիայի արտգործնախարար, փոխվարչապետ Է. Գիլմորը: Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից, Գիլմորը Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում հանդիպումներ կունենա կառավարության անդամների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու ԵԱՀԿ աշխատանքը տարածաշրջանում:
«ԵԱՀԿ գործող նախագահի համար կարեւոր առաջնահերթություն է ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների տեւական կարգավորմանն ուղղված առաջընթացի ապահովումը», նշված է հաղորդագրությունում: Ըստ այդմ, Գիլմորը տարածաշրջանային այցելության ընթացքում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, 2008-ի ռուս-վրացական պատերազմի հետեւանքներն ու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:
Իռլանդիայի փոխվարչապետը ասուլիսներ կունենա բոլոր երեք հարավկովկասյան մայրաքաղաքներում:
Ա. Հ.