Ազգային ժողովում շարունակվում է նոր պատգամավորների տեղավորման եռուզեռը: Տեղավորումը, պարզվում է, այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ պատգամավորները տարբեր ցանկություններ են հայտնում, մի մասն ուզում է խմբակցության սենյակին մոտ լինել, մյուսներն, ընդհակառակը, հեռու են ուզում մնալ այդ սենյակից` աչքից-շառից-փորձանքից հեռու, բայց եւ ամենահեռավոր անկյունների սենյակներում լինելը վիրավորական են համարում: Բացի դրանից` ԱԺ միջանցքների, դահլիճների ու հանձնաժողովների նիստերի սրահների հարմարավետությանը (մենք կասեինք` ճոխությանը), որի հեղինակը Հովիկ Աբրահամյանն է, պետք է հարիր լինի պատգամավորների սենյակների հարդարանքը, հատկապես նոր եկածներից շատերն այդպես են համարում` փորձելով «տկլոր» չթողնել իրեն սենյակները:
Երեկ զարմանալիորեն բավական անցուդարձ կար ԱԺ շենքի ներսում` հստակ երեւում էր, որ Ազգային ժողովի նախագահն է հատկապես բուռն գործունեություն ծավալում նաեւ, եւ դատելով նրա սենյակ ուղեւորվողներիցՙ դա բոլորովին էլ միայն տեխնիկական գործունեություն չէր: Օրինակ` մի տասը րոպե մեր ներկայության պահին նրա մոտ տեւական գտնվելուց հետո դուրս եկավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որից չկարողացանք պարզել այցի նպատակն ու բովանդակությունը: Իսկ ահա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, որին լրագրողները փորձում էին կանգնեցնել, ասաց, որ ուշանում է ԱԺ նախագահի հետ հանդիպումից, սակայն Հ. Աբրահամյանի հետ նրա հանդիպումը մի քանի րոպե տեւեց միայն, ու էլի չկարողացանք պարզել այս մենակ կանչվածության հանգամանքը:
ԲՀԿ խմբակցության սենյակի վրա մի կողմից գրված էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը, մյուս կողմից` արդեն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունը: Խմբակցության սենյակ գնալու նպատակն էր իմանալ, թե ինչո՞ւ է իր պաշտոնից հրաժարվել ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, որը երեկ հայտարարություն էր տարածել, որ հունիսի 6-ից դադարեցնում է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի իր լիազորությունները: Նա նաեւ նշել էր, թե շնորհակալ է բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնց հետ ունեցել է ակտիվ կառուցողական ու արդյունավետ համագործակցություն: Սակայն խմբակցությունում որեւէ պատգամավոր ներկա չէր, ու խոսնակի հրաժարականի պատճառների վերաբերյալ պաշտոնական բացատրություն այդպես էլ չստացանք: Հետաքրքրությունն այդ խնդրի հանդեպ առկա է այն պատճառով, որ մամուլով եւ բերանացի տարբեր ենթադրություններ կան, թե պատճառն այն է, որ նա ինքնագլուխ շփումներ է ունեցել նախագահական նստավայրի հետ, մի ուրիշ ենթադրությամբ էլ` Խ. Գալստյանը նեղացած է իրեն մանդատ չտալուց: Ամեն դեպքում` հաճելի էր կիրթ մարդու հետ շփվելը, որ էր եւ է Խ. Գալստյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանի սենյակում հանդիպեցինք մամուլի ակումբներից մեկի ղեկավար Վանիկ Էլիզբարյանին, որն, ըստ մամուլի, Ծառուկյանի խոսնակի պաշտոնի հավակնորդ է համարվում: Էլիզբարյանը նշեց, որ իրեն այդպիսի առաջարկ չի արվել, իր հետ նման քննարկում տեղի չի ունեցել, եւ ընդհանրապես` այդ մասին նա իմացել է միայն մամուլից:
Որոշ լրատվություն քաղեցինք ՀՀԿ-ին մոտ կանգնած ԱԺ մեր աղբյուրներից: Ըստ այդ տեղեկությունների` հունիսի 11-13-ը վերջնականապես կորոշվի ՀՀԿ-ական նախարարների հարցը, ու փաստորեն այդ ժամկետի մեջ որ օրը ՀՀԿ գործադիրի նիստ եղավ` ուրեմն վերջնականապես որոշված կլինի խնդիրը: Ըստ այդ աղբյուրի` ՀՀԿ-ի մինչեւ այժմ աշխատած նախարարների 90 տոկոսը կշարունակի պաշտոնավարել, ՕԵԿ-ի երկու նախարարները եւս կմնան, ինչը չի կարելի ասել Մանուկ Վարդանյանի մասին: ԲՀԿ-ի 4 նախարարների փոխարեն նախարարներից մեկի պորտֆելը հաստատ տրվելու է Սամվել Նիկոյանին: Թե ո՞ր նախարարության` կախված կլինի նրանից, թե նախարարություններից ո՞ր մեկը կտրվի ՕԵԿ-ին (նախարարն էլ լինելու է Հովհաննես Մարգարյանը): Եթե սոցապ նախարարությունը կարողացան տալ ՕԵԿ-ին, ուրեմն Նիկոյանը կամ կնշանակվի քաղաքաշինության, կամ էլ կապի եւ տրանսպորտի նախարար: Առողջապահության նախարարի թեկնածուի հարցում էլ ՀՀԿ-ում դեռ չեն կարողանում կողմնորոշվել, սակայն կշեռքն ավելի շատ հակվում է դեպի Դերենիկ Դումանյանը, քան Արա Բաբլոյանը (վերջինս ԱԺ հանձնաժողովի նախագահ է):
Ի դեպ, ՀՀԿ խմբակցության սենյակի վրա Գալուստ Սահակյանի անվանը զուգահեռ պահպանել էին արդեն անցած խորհրդարանում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի անունը` ՀՀԿ-ում հույս ունեն, որ պաշտոնանշանակումների եւ այդ առիթով մանդատները վայր դնելու արդյունքում Մելիքյանն ի վերջո կրկին կհայտնվի խորհրդարանում:
Իսկ ՀՀԿ-ից Ռաֆիկ Գրիգորյանի` Գեղարքունիքի մարզպետ դառնալու հավանականությունը 100 տոկոս չէ, բայց բավական մեծ է, ըստ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրների:
Ինչպես տեսնում եք` «Ազգն» այսօր խախտեց բամբասանքներին եւ «հավաստի» ու «շատ իրազեկ» աղբյուրներին սովորաբար չտրվելու եւ բամբասանքներ չփոխանցելու իր սովորույթը եւ ընթերցողին կերակրեց այս անգամ մյուս թերթերի ոճով: Ինչպես մի անգամ Ազգային ժողովի գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանն էր նկատել` եթե մյուս թերթերում որեւէ լուր կասկածելի է թվում, նայում է «Ազգը», քանի որ գիտի, թե այստեղ չափազանցություններ հնարավոր չեն: Այս անգամ չարդարացրինք նաեւ Ֆ. Խաչատրյանի հույսերը` ընթերցողի պահանջներին նայեցինք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ