«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2012-06-05 | #101, 2012-06-06 | #102, 2012-06-07


«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս եւ Մավրիկիոս կայսրերի օրոք

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, պատմաբան եւ քաղաքագետ Արմեն Այվազյանի անգլերեն լեզվով լույս ընծայած նոր գիրքըՙ «Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում» («The Armenian Military in the Byzantine Empire», Ed. Sigest, 128 pages, Alfortville) խորագրով, երեւան է հանում հայ զինվորականության եւ Բյուզանդական կայսրության հետ նրա բարդ հարաբերությունների պատմության ամենաքիչ ուսումնասիրված, սակայն եւ ամենափոթորկալից շրջաններից մեկը:

Ըստ խմբագրությանը հասցեագրվածՙ գիրքը ներկայացնող շրջաբերականի, ուսումնասիրության առաջին մասում Այվազյանը ձեռնամուխ է եղել Հուստինիանոս կայսեր կառավարության դեմ 538-539 թթ. բռնկված հայկական ապստամբության ռազմապատմական վերլուծությանը: Բացահայտելով հայկական ուժերի կիրառած զանազան մարտավարական տարրերն ու հնարամտություններըՙ նա հատուկ ուշադրություն է դարձրել հայոց զինուժի ավելի վաղ եւ ավելի ուշ շրջաններում իրականացրած ռազմական գործողություններին, ներառյալ բարձր ռիսկայնության առաքելություններին, ինչպիսիք էին թշնամի հրամանատարների սպանություններն ու գաղութարարական վարչակարգերի ղեկավարների դեմ կազմակերպված մահափորձերը:

Հատորի երկրորդ մասում Այվազյանը քննարկել է բյուզանդացիների վերաբերմունքը հայերի եւ հայկական զինուժի հանդեպՙ բացահայտելով, որ հակահայկական դրսեւորումների շարունակականությունը հռոմեական նույնանման նախապաշարմունքների հետ աշխարհաքաղաքական պատճառներ ուներ:

Գրքի առաջաբանում Ֆիննական բյուզանդագիտական ընկերակցության փոխնախագահ, ռազմական պատմաբան դոկտոր Իլկա Սայվանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, գրել է. «Դոկտոր Այվազյանը կարողացել է իրագործել գրեթե անկարելի մի առաջադրանք: Նա ցույց է տվել, որ հակառակ պատմական վկայությունների սակավությանը, կարելի է ամբողջովին նոր մոտեցումով, հավաստի եւ լավ հիմնավորված կերպով վերականգնել 538-539 թթ. հայոց ապստամբության պատմությունը»:

Ընդհանուր առմամբՙ գրքի թեման հայերի դիմադրողական շարժումն է ընդդեմ Բյուզանդական կայսրության վարած գաղութարարական քաղաքականության:

Ավելացնենք, որ շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան եւ Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակներըՙ դոկտոր Այվազյանը ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի եւ Ստանֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում: Հեղինակ է մի շարք հոդվածների եւ գրքերի, այդ թվումՙ «Հիմնատարրեր` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի», «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում», «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն», «Մայրենի լեզուն եւ ազգայնականության սկզբնավորումը. հայկական եւ եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն», «1720-ականների հայկական ապստամբությունը եւ ցեղասպանական ճնշամիջոցների սպառնալիքը» եւ այլն:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4