Տորոնտոյի «Զորյան» ինստիտուտից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ լույս է ընծայել անգլերեն թարգմանությամբ Ռիֆաթ Բալիի «Model Citizens of the State: The Jews of Turkey During the Multi-Party Period» («Պետության օրինակելի քաղաքացիները: Թուրքիայի հրեաները բազմակուսակցական ժամանակահատվածում») հատորը, որը քննարկում է հրեական համայնքի հանդեպ վերաբերմունքը Թուրքիայում 1950-ական թվականներից մինչեւ մեր օրերը, հրեաների պայքարը հակասեմական դրսեւորումների դեմ ու հանուն սահմանադրական իրավունքների ձեռքբերման:
Հեղինակը 1948-ին Ստամբուլում ծնված անկախ գիտնական է, որը մասնագիտացել է Թուրքիայում ապրող հրեաների պատմության բնագավառում: Թղթակից անդամ է Ալբերտո-Բենվենիստե կենտրոնի (Փարիզ, Սորբոն) եւ 2009 թվի նույն կենտրոնի գիտական հետազոտությունների մրցանակակիրը: Խոսելով գիրքը գրելու դրդապատճառների մասինՙ նա նշել է. «Ձանձրացել էի նույն վարդագույն ներբողականները լսելով Թուրքիայի առաջնորդներից եւ տեղի հրեական համայնքի ներկայացուցիչներից: Ցանկացա բացահայտել ճշմարտությունը»: Նա բացատրում է, որ հակառակ ներկայացված պատկերին, թե իբր հրեաները շատ լավ հարմարվել են պետության օրինակելի քաղաքացի լինելու քեմալական բնորոշմանը, չափազանց մեծ է դեռեւս երկրում հակասեմական մթնոլորտի ազդեցությունը: 1923-49 թվերին հրեական համայնքը միեւնույն վերաբերմունքին էր արժանանում, միեւնույն վախին ու սպառնալիքներին էր փորձում դիմակայել, ինչ հայկական եւ հունական համայնքները:
«Վերաբերմունքը փոխվեց 60-ականների վերջերին եւ 70-ականների սկզբներին հիմնականում 3 գլխավոր պատճառներով. 1967 թվի 6-օրյա արաբա-իսրայելական պատերազմը, 1974 թվի Կիպրոսի մի հատվածի գրավումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված միջազգային գործընթացը: 1970-ականներին թուրքական կառավարությունը, փոխելով իր քաղաքականությունը, թույլատրեց հրեաներին կապ հաստատել իրենց ամերիկյան կազմակերպությունների հետ եւ նրանց միջոցով փորձել ճնշել Հայոց ցեղասպանության ճանաչումը Ամերիկայի կառավարության կողմից», ասում է հեղինակը:
Գրքի թուրքերեն տարբերակի լույս ընծայման առթիվ մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ, թուրք լրագրող Աիշե Գյունայսուն «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթում գրել է. «Գիրքը երեւան է հանում փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես թուրք կառավարող շրջանակները շանտաժի են ենթարկել երկրի հրեական համայնքին եւ նրա միջոցով նաեւ Մ. Նահանգների հրեական կազմակերպությունների ներկայացուցիչներին, պահանջելով նրանցից պաշտպանել թուրքական դիրքորոշումը ընդդեմ Հայկական ցեղասպանության ճանաչման: Նրանք հավաստիացրել են, թե հակառակ դեպքում չեն կարող երաշխավորել հրեաների անվտանգությունը Թուրքիայում»:
Պատասխանելով լրագրողների հարցերինՙ Ռիֆաթ Բալին ասել է. «Չեմ կարծում, որ գրքի անգլերեն տարբերակի հրատարակումը բացասական ազդեցություն ունենա իսրայելա-թուրքական հարաբերությունների վրա, բայց վստահ եմՙ անգլիախոս հասարակությունը դրանով ավելի ճիշտ եւ իրական պատկերացում ունենալու հնարավորություն կստանա այդ հարաբերությունների վերաբերյալ»:
Հատորը անգլերեն լեզվով հրատարակել է Ֆերլի Դիկինսոն համալսարանի (Fairleigh Dickinson University) հրատարակչությունը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ