«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2012-06-07 | #103, 2012-06-08 | #104, 2012-06-09


«ՈՎ ՔԱՄԻ Է ՑԱՆՈՒՄ, ՓՈԹՈՐԻԿ ԿՀՆՁԻ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ղուրանից այս մեջբերումը երեկ «հատուկ արկածախնդիր ադրբեջանցիների համար» արեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Մեջբերմանը դեռ կանդրադառնանք, սկսենք մեկ այլ մեջբերումից. համաձայն ադրբեջանական մի շարք կայքերի` «Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերվանից Աղդամի ու Ֆիզուլիի ուղղություններում ընթանում են մարտական գործողություններ»: Համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական հայտարարությանՙ այս տեղեկությունները սուտ են: ԼՂՀ ՊԲ-ն, ճիշտ է, ընդգծում է, որ հիշյալ ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հաճախականության աճ է գրանցվել, «որը, սակայն, որեւէ կերպ չի ազդել եւ չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա», ասված է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ, որն ավարտվում է հետեւյալ ձեւակերպմամբ. «ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»:

Ուրեմն ինչո՞ւ են ստում ադրբեջանական աղբյուրները. երկու պատճառով. նախՙ վերջին օրերին իրենց իսկ իրականացրած դիվերսիոն գործողություններից տված զոհերը պետք է որեւէ կերպ արդարացնել, այսինքն, ադրբեջանական իշխանական վերնախավին պետք էր հնարել մի բան, որը ադրբեջանական հասարակությունը կընկալեր որպես իր ունեցած զոհերի պատճառ: Դիվերսիան նման հարմար առիթ չէ, քանի որ եթե ադրբեջանական իշխանությունը խոստովանի, որ զոհերը դիվերսիոն գործողությունների հետեւանք են, ապա դրանով իսկ կխոստովաներ այդ դիվերսիաների արկածախնդրություն լինելը: Եվ երկրորդ նպատակըՙ մարտական գործողությունների վերսկսման պատրանք ստեղծելովՙ ադրբեջանական վերնախավը ցանկանում է «բարձրացնել ազգի բարոյահոգեբանական ոգին», մանավանդ որ շուտով «կպարզվի», թե «այդ գործողություններից ադրբեջանական կողմը ծանր կորուստներ է կրել»:

Սակայն իրականում ադրբեջանական կողմը ծանր կորուստներ կրել է ոչ միայն սահմանագծում, այդ կորուստները տեսանելի են անգամ քաղաքական-դիվանագիտական հարթակներում:

Գաղտնիք չէ, որ Կասպից ծովի ափամերձ Ադրբեջանը աշխարհի նավթով հարուստ երկրներից է: Գաղտնիք չէ նաեւ, որ աշխարհում նման երկրները շատ արագորեն հայտնվում են միջազգային ուժային կենտրոնների ուշադրության եւ վերահսկողության ներքո: Հետեւաբար հասկանալի է, որ Ադրբեջանը կոնկրետ ԱՄՆ-ի անմիջակական «հեռադիտակի» առջեւում է, մանավանդ որ մեր հարեւան երկիրը նաեւ բավական հարմար կամուրջ է Վաշինգտոնի համար` դեպի Միջին Ասիա, Աֆղանստան ճանապարհին: Նման ուշադրության արժանի երկրներին, որքան էլ հարուստ լինեն էներգետիկ կամ այլ պաշարներով, ԱՄՆ-ը որպես կանոն ներկայացնում է պահանջներ: Ու եթե այդ երկիրը ունի նաեւ «զգայուն կետ», ինչպիսին Ադրբեջանի, ավելի ճիշտ` Ադրբեջանի իշխանության համար է Լեռնային Ղարաբաղը, ապա ԱՄՆ-ը հրաշալիորեն օգտագործում է այդ «զգայուն կետը»` այս երկրների համար որպես թիրախ կամ, ավելի ճիշտ, «պարգեւատրում»:

Հիմա կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջեւ «կնքված» լինի այսպիսի գործարք, իհարկե կարող է: Օրինակՙ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունից քիչ թե շատ զերծ մնացած Ադրբեջանից կարող էր պահանջել, որ Բաքուն իր էներգետիկ ռեսուրսները արտահանի Արեւմուտք` բացառապես ոչ ռուսական էներգատար նախագծերի միջոցով: Որպես այդպիսին դիտարկելի է ՆԱԲՈւԿԿՈ-ն, որը, ստեղծման պարագայում, ամբողջովին կզրկեր ռուսական «Հարավային հոսքին» նպատակահարմարությունից: Որպես հաջորդ «ամերիկյան պահանջ` Բաքվին» կարող էր լինել Կասպից ծովում, Բաքվի օժանդակությամբ, ամերիկյան ազդեցության բարձրացումը, օրինակ: Մյուսը, Վաշինգտոնը կարող էր պահանջել Ադրբեջանից, որպեսզի վերջինս, բնականաբարՙ ոչ պետական խողովակներով, օգտագործի Իրանի հյուսիսում ազերի ազգաբնակչությանը` Իրանում պառակտում, սուր հակասություններ մտցնելու համար: Այս ամենին գումարենք նաեւ որոշ կոմունիկացիոն պահանջներ, օրինակ` Բաքու-Թբիլիսի-Կարս գծով, որը կարող էր դնել Վաշինգտոնը` Բաքվի առջեւ, ու այս բոլորի համար Ադրբեջանին խոստանալով Լեռնային Ղարաբաղը:

Ադրբեջանը հիշյալ «պահանջներից» եւ ոչ մեկը չիրագործեցՙ չնայած ձեռնարկած փորձերին. ՆԱԲՈւԿՈ-ն գրեթե բոլոր փորձագետների գնահատմամբ «հավերժ նախագծերի» շարքից է, Կասպից ծովի ավազանի երկրների վերջին գագաթաժողովում Մոսկվայի ու Թեհրանի ցանկությամբ ավազանի երկրները, այդ թվում` Ադրբեջանը, ստորագրեցին փաստաթուղթ, որի դրույթներից մեկը սահմանում է, որ ծովի ու ավազանի անվտանգությունը պետք է բացառապես տարածաշրջանի երկրներին վերաբերի, հետեւաբար ԱՄՆ-ն այստեղ ազդեցություն չպետք է ունենա, էլ ուր մնաց բարձրացնի: Իրանի հյուսիսի ազերիների առնչությամբ Ադրբեջանը կարծես թե որոշակի հաջողություններ ունեցավ, ինչը, սակայն ոչ թե պառակտում կամ ներքին սրվածություն առաջացրեց Իրանի ներսում, այլ Իրան-Ադրբեջան հարաբերություններին լարվածություն հաղորդեց: Այսքանից հետո, բնականաբար, ԱՄՆ-ը կարող է հասկացնել Ադրբեջանին, որ ինքը չի պատրաստվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ աջակցել Բաքվին, քանի որ վերջինս չի իրականացրել իր առջեւ դրված խնդիրը, ամերիկյան խնդիրը:

Սա կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը այնքան էլ չշտապի դեսպան նշանակել Բաքվում, քանի որ Ադրբեջանը կորցրել է «հուսալի գործընկերոջ» կարգավիճակը, սակայն, միեւնույն ժամանակ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տարածաշրջանային այց ձեւակերպի, քանի որ տարածաշրջանն, այդուհանդերձ, ԱՄՆ հետաքրքրությունների տիրույթում է:

Իսկ Բաքվում այս ամենը կարող է բերել խուճապից առաջացած քայլերի, որոնք, որպես կանոն, սխալ հաշվարկված են լինում: Հասկանալով, որ իրենց ներկայացված պահանջները անկատար են, ու լսելով նաեւ, որ Մինսկի խմբի գերտերություններից մեկը տարբեր խողովակների միջոցով ընդգծում է, որ Բաքուն չի կարող ստանալ իր աջակցությունը, Ալիեւը կարող էր գնալ այն քայլին, որին գնաց, եւ նա դա պետք էր աներ հատկապես տիկին Քլինթոնի այցելության ընթացքում` ցույց տալով վերջինիս, որ «Ղարաբաղը ես առանց ձեր պահանջներն իրականացնելու էլ հետ կբերեմ»:

Սակայն ինչպես թերեւս հատուկ նմանների համար ասված է մահմեդականների սրբազան Ղուրանում. «Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի», ընդ որումՙ սա վերաբերում է Իլհամ Ալիեւինՙ ե՛ւ որպես ամերիկյան կողմին բան հասկացնողի, ե՛ւ որպես հայկական զույգ պետությունների տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ դրսեւորողի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4