«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած Ալեքսանդր Արզումանյանը երեկ խոսում էր այն մասին, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում չի զիջի իր դիրքերը եւ շարունակելու է ուշադիր հետեւել տարածաշրջանային գործընթացներին: Նա համաձայն էր այն տեսակետին, որ Ադրբեջանի հարձակման պահի ընտրությունը համաձայնեցված է եղել: Ադրբեջանն ուզում էր հասկացնել, թե ինչպես է պատրաստվում լուծել հակամարտությունը, եթե ի նպաստ իրեն չլուծվի` կոնֆլիկտի մեջ ներքաշելով Հայաստանին եւ աշխարհին էլ ցանկանալով ցույց տալ, որ կոնֆլիկտը Հայաստանի հետ է: Սակայն նա չէր կարծում, որ այս գործողությունները կարող են այժմ վերածվել պատերազմի: Ադրբեջանը միայն մի դեպքում կարող է պատերազմական գործողությունների դիմել` երբ համոզված լինի, որ Հայաստան-Ադրբեջան ուժերի հավասարակշռությունն իր օգտին է եւ ինքը կարող է հաղթել: Իսկ այդպիսի բան չկա: ԼՂՀ խնդրի հետ կապված նոր մոտեցումներին նա չէր հավատում եւ բանակցային գործընթացի նախկին ձեւաչափին վերադառնալու անհրաժեշտությունն էր տեսնում, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացի մասնակից էր: Նախկին արտգործնախարարի փորձով` Արզումանյանը համոզված է, որ բոլոր դեպքերում առանց ԼՂՀ մասնակցության հարցը չի լուծվի:
Մ. Խ.