Ճապոնական ձկնորսական մի գյուղում 1920-ին ծնված (ընտանիքը 1919-ին էր այնտեղ ապաստան գտելՙ փախչելով Ռուսաստանի բոլշեւիկյան հեղափոխությունից) Ռոյ Էսոյանը մոտ 40 տարի անց հայտնվում է Խորհրդային Միությունում որպես ամերիկացի լրագրող:
Ասոշիեյթեդ պրես գործակալության թղթակից եւ «Asia News» պարբերականի այն ժամանակվա խմբագիր Ռիչարդ Փայլը, որ 7 տարի անցկացրել է Ճապոնիայում, նրա մահվան առիթով հետաքրքրական հոդված է գրել, որը տպագրվել է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում: Ստորեւ թարգմանաբարՙ հատվածներ նրա հոդվածից:
Երեք տարի Նիկիտա Խրուշչովի եւ մյուս կոմունիստ առաջնորդների հետ մտերմանալուց հետո նրա սառըպատերազմյան արկածախնդրությունները հանկարծ ավարտվում են 1958-ին, երբ նրան աքսորում են ԽՍՀՄ-ի եւ Չինաստանի միջեւ լուրջ տարաձայնությունների լուրը տարածելու համար: Արտգործնախարարությունն արարքը անվանել էր «խորհրդային գրաքննության կոպիտ խախտում»: Հետագայում, իհարկե, տարաձայնության լուրը հաստատվեց:
Հոնկոնգից Էսոյանը շարունակում է իր լրագրողական կարիերանՙ ճանապարհորդելով տարբեր երկրներ եւ երկար ժամանակ անցկացնելով Կահիրեում եւ Բեյրութում, նախքան դարձյալ Ճապոնիա վերադառնալը:
1985-ին որպես թոշակառու հաստատվում է Հավայան կղզիներում, որտեղ էլ այս տարվա մարտի 22-ին վախճանվում է 92 տարեկանում:
Ճապոնիայի Ցուրուգա առափնյա ավանը սկզբնական շրջանում շատ սրտաբաց է ընդունում օտարերկրացիներին, բայց գնալով հյուրընկալությունը փոշիանում է, երբ ռազմամոլներն են գալիս իշխանության գլուխ: Ընտանիքը տեղափոխվում է նախ Կոբի, ապա Շանհայ 1932-ին, որտեղ հաճախում է «Պաբլիք ընդ Թոմաս Հենբերի» վարժարանը: Գրել սկսել է փոքր տարիքից, բայց երբ 17 տարեկանում անգլիատառ մի թերթ մերժել է հրատարակել հոդվածը, դանիական մի բեռնատար նավ է բարձրացել եւ մեկուկես տարի շրջել դրանով: Այդ նավի կապիտանն է նրան Ռոյ անունը տվելՙ գտնելով, որ նրա իսկական Գարեգին անունը դժվարահունչ է:
Շանհայ վերադառնալով 1939-ինՙ աշխատում է «Շանհայ թայմս» թերթում: 1941-ին ամուսնանում է: Դեկտեմբերին ճապոնացի զինվորները շատ արագ գրավում են քաղաքը, եւ կյանքը դժվարանում է: Մեծ եղբայրը սպանվում է պատահական գնդակից: Քիչ անց կորցնում է նաեւ կնոջն ու որդուն, որոնք մահանում են հիվանդության պատճառով:
Հակամարտության ավարտինՙ 1945-ին նրան առաջարկում են ամսական 90 դոլարով աշխատել Ասոշիեյթեդ պրես լրատվական գործակալությունում: Գոհ մնալով նրա աշխատանքիցՙ խմբագիրը նրան Հավայան կղզիներ է ուղեւորում, որտեղ նա Մ. Նահանգների քաղաքացիություն է ձեռք բերում:
Վերստին ամուսնանում է 1953-ին «Հոնոլուլու սթար բյուլետեն» թերթի աշխատակից Բեթսի Բիգզի հետ, որը նրան պարգեւում է չորս երեխաՙ Քեթրին, Դեյվիդ, Սյուզան եւ Սթիվն անուններով:
Ռուսերենին տիրապետելու պատճառով 1955-ին նրան Ասոշիեյթեդ պրեսի Մոսկվայի գրասենյակ են տեղափոխում: 2002-ին տված հարցազրույցում Էսոյանը հիշում է, թե ինչպես օտար լրագրողները ստիպված էին ապրել պետության հատկացրած բնակարաններում, որոնցում հեռախոսները հսկողության տակ էին: Գրաքննությունը շատ խիստ էր, բայց 1958-ին նրան հաջողվում է խուսափել դրանից եւ լուր հասցնել, որ Մաո Ցզե Դունի եւ Խրուշչովի միջեւ տարաձայնություններ կան: Վաշինգտոնում նրան այդ քայլի համար գովաբանում են եւ կանխագուշակում, որ որպես հետեւանք խորհրդային առաջնորդը երեւի հրաժարական կտա: Անշուշտ, նման բան տեղի չի ունենում: Փոխարենը Էսոյանին են վտարում երկրից: Բայց դրանով Մոսկվայի հետ նրա հարաբերությունները վերջ չեն գտնում: Մի քանի տարի անց, երբ Խրուշչովը Ինդոնեզիա է այցելում, այնտեղ այլ լրագրողների թվում նկատում է Էսոյանին, որին հրավիրում է անձնական զրույցի: Այդ ժամանակ է, որ Էսոյանը իր բեյսբոլի գլխարկը կատակով խորհրդային առաջնորդի գլխին է դնում, եւ լուսանկարիչներն անմիջապես չրխկացնում են իրենց ապարատները «անմահացնելով» պատմական մի դրվագ, որը հետագայում տարածվում է աշխարհով մեկ:
Մոսկվայից հետո Հոնկոնգում ապրելովՙ Էսոյանը Ասոշիեյթեդ պրեսի համար հոդվածներ է պատրաստում վիետնամական պատերազմի վերաբերյալ: Դրանցից մեկի վերջում նա գրում է. «Մինչ մենք ուղղաթիռով հեռանում էինք, Հարավային Վիետնամի դրոշն էր ծածանվում, բայց վաղն առավոտյան կոմունիստները դարձյալ վերադառնալու են»: Այդպես էլ պատահում է:
Ճշգրիտ եւ ժամանակին արված եզրակացությունների համար 1965-ին նրան նշանակում են Մերձավոր Արեւելքի գործողությունների պատասխանատու (Բեյրութում) եւ լրատվական հյուսիսասիական ծառայությունների վարիչ (Տոկիոյում) 1973-ին:
Նրա հետ աշխատող ամերիկացի, ճապոնացի եւ այլ ազգությունների լրագրողները միշտ հիացել են նրանով, նրա վարակիչ հումորով: Նրանք միշտ մի նոր բան են սովորել նրանից: «Նա շատ լավ էր հասկանում ճապոնական մթնոլորտն ու ճապոնացիների հոգեբանությունը», նշել է Ասոշիեյթեդ պրեսի աշխատակիցներից ճապոնացի Շիգեյոշի Կիմուրան:
Թարգմ. Հ. Ծ.