«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2012-06-07 | #103, 2012-06-08 | #104, 2012-06-09


ՀԱՅԱՊԱՏՈՒՄ ՎԵՐՖԵԼԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԸ» ԱՆԳԼԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Այս տարվա ապրիլի 24-ին, ըստ նյույորքյան «Փաբլիշըրզ Ուիքլի» պարբերականի, հրատարակիչ Դեյվիդ Գոդինը լույս է ընծայել ավստրիացի հրեա գրող Ֆրանց Վերֆելի (1890-1945) «Մուսա լեռան 40 օրը» դյուցազներգության նոր, ամբողջական անգլերեն թարգմանությունը: Գրախոսելով աննախադեպ այս հրատարակությունըՙ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում Դեֆնի Աբիլը «պատմական եւ մշակութային մեծ իրադարձություն» է համարում կատարվածը, քանի որ 1934-ին Ջեֆրի Դանլոպի թարգմանությամբ «Վայկինգ» հրատարակչատան լույս ընծայած հատորը 20-25 տոկոսով կրճատված անգլերեն տարբերակն է եղել բնագրի: Լրացուցիչ 150 էջերի թարգմանությունը եւ ամբողջական տեքստի վերամշակումը հանձն է առել բանաստեղծ եւ թարգմանիչ Ջեյմս Ռեյդելը, որը Վերֆելի ստեղծագործություններով սկսել է հետաքրքրվել նրա բանաստեղծությունները թարգմանելու ընթացքում: Ինչքան խորացել է բանաստեղծությունների մեջ, այնքան մեծացել է հետաքրքրասիրությունը հեղինակի մյուս գործերի նկատմամբ, եւ ի վերջո «Մուսա լեռան 40 օրերը» վեպը կարդալով նախ գերմաներեն եւ հետո անգլերեն լեզուներով, պարզել է պակասող էջերի փաստը:

Դեֆնի Աբիլի հետ Ցինցինատիից հեռախոսազրույցի ժամանակ Ռեյդելը հաղորդել է, որ դրանք հիմնականում հայ ժողովրդի կենցաղային եւ մշակութային առանձնահատկություններին վերաբերող էջերն են, որոնք այդ ժամանակ դուրս են թողնվել «թուրքերին ավելորդ վիրավորանք չպատճառելու» նկատառումներով: «Կուզենայի վերստին թարգմանել ամբողջ գիրքը, բայց դա չափազանց թանկ կնստեր, եւ սահմանափակվեցինք իմ նոր էջերի թարգմանությունները միահյուսելով նախորդիՙ Դանլոպի թարգմանություններին», ասել է նա, ավելացնելով, որ Վերֆելը շատ լավ քաղաքական հոտառություն է ունեցել եւ զգացել է ժամանակի շունչը: Նա մտահղացել է գրել հայերի մասին այդ պատմությունը 1929-30-ական թվերի ձմեռ-գարուն ժամանակահատվածում Պաղեստին, Սիրիա եւ Լիբանան կատարած իր ուղեւորության ժամանակ: Վերֆելը ծանոթ էր պատերազմի սարսափներին, քանի որ որպես կրտսեր ենթասպա ծառայել էր ավստրո-հունգարական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին: Ինքըՙ հեղինակը, վեպի վերջաբանում գրել է. «Այս գիրքը ուրվագծվել է 1929 թվականի մարտին, Դամասկոսում եղած ժամանակ: Գորգագործարանում աշխատող գաղթական խեղանդամ ու սովալլուկ մանուկների թշվառ վիճակը վճռական խթան դարձավ ամբողջ իրադարձության մեռյալ թագավորությունից դուրս բերելու հայ ժողովրդի անըմբռնելի ճակատագիրը» (1): «Որեւէ ընթերցողի համար 900-էջանոց այս գիրքը գուցե անհաղթահարելի դժվարություն թվա առաջին հայացքից, բայց իր գրական «զարմիկի»ՙ Լեւ Տոլստոյի «Պատերազմ ու խաղաղություն» վեպի նման մնում է 20-րդ դարի ամենանշանակալի եւ գրավիչ գործերից մեկը», գրում է Դեֆնի Աբիլը իր գրախոսականում: «Հատորը հարգանքի տուրք էՙ մատուցված փոքրամասնությունը ներկայացնող այն խիզախ մարտիկներին, որոնք դեմ դուրս եկան գերագույն ուժերին, եւ, իհարկե, նրանում պարփակված ուղերձը չէր կարող իր ազդեցությունը չթողնել գերմանացի եւ հրեա ընթերցողների վրա: Այդ իսկ պատճառով Վերֆելը, որի նախորդ վեպերը արդեն արգելված էին երկրում, այս անգամ նացիստական մամուլի կողմից հայտարարվեց «թշնամի գործակալ»: 1934-ին Ամերիկայում անգլերեն հրատարակության առթիվ Լուիս Կրոնենբերգեր անունով մի գրաքննադատ «Նյու Յորք թայմսում» գրում է. «Եթե Հոլիվուդը չաղավաղի եւ սխալ չվարվի, հրաշալի կինոնկար դուրս կգա դրանից»: Հակառակ իր փաստաբանների խորհուրդներինՙ «Մետրո-Գոլդուին Մայեր» ընկերության ղեկավարներից Իրվինգ Թալբերգը ձեռք է բերում վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունքը եւ սկսում է աշխատանքները գլխավոր հերոսիՙ Գաբրիել Բագրատյանի դերը վստահելով Կլարք Գեյբլին:

Թեեւ գրքի անգլերեն տարբերակը կրճատված էր, այնուամենայնիվ մարտահրավեր էրՙ ուղղված Թուրքիայի կառավարությանը, եւ Մ. Նահանգների թուրք դեսպան Մեհմեդ Մունիր Էրտեգյունին հանձնարարվում է վերջ դնել այդ ֆիլմի նկարահանումներին: Այդ օրերի մամուլի էջերում նշված են են նրա խոսքերըՙ ՄԳՄ-ի պաշտոնատար անձանց. «Եթե ֆիլմը նկարահանվի, Թուրքիան համաշխարհային հակաքարոզչություն կծավալի դրա դեմ: Այնտեղ հայկական հարցն է շոշափվում, իսկ հայկական հարցն արդեն լուծված է»: Առարկությունը տեղ է հասնում, եւ ֆիլմի նկարահանման աշխատանքները դադարեցվում են: 1970-ականներին ֆիլմի նկարահանման իրավունքները վաճառվում են, եւ էժանագին ու թույլ մի ֆիլմ է պատրաստվում Սարգի Մուրադյանի ռեժիսորությամբ: Վերջին փորձը Մել Գիբսոնի եւ Սիլվեստր Ստալոնեի մտահղացումն էր, որ դարձյալ ձախողվեց: Գուցե հատորի այս նոր, ամբողջական թարգմանությունը վերանորոգի հետաքրքրությունները, եւ առավել հաջողված մի ֆիլմ, ի վերջո, նկարահանվի մոտիկ ապագայում:

Հատորը առաջին անգամ հրատարակվել է Վիեննայում «Պոլ Ցոլնայ Վերտագ» հրատարակչատան կողմից այն ժամանակ (1939), երբ Ադոլֆ Հիտլերն ու իր նացիստական կուսակցությունը ամրապնդում էին իրենց դիրքերը Գերմանիայում: Եվ չնայած գիրքը ընթերցվել է Գերմանիայում, սակայն շուտով արգելվել է եւ նույնիսկ գրքի օրինակները այրվել են այնտեղ: Գրքի առաջացրած հետաքրքրությունը չի մարել, Ջեֆրի Դանլոպի թարգմանությամբ անգլերեն տարբերակը անմիջապես դարձել է «բեստսելլեր» Մ. Նահանգներում եւ տասնամյակներով մնացել «ամսվա լավագույն գիրքը» ակումբի ցուցակներում:

Բոստոնաբնակ Դեյվիդ Գոդինի այս նոր հրատարակության պատմությունը հետաքրքրական մանրամասներ ունի: «2008-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ժամանակ հետաքրքրվեցի Վերֆելի «Pale Blue Ink» («Բաց կապույտ թանաք») վեպի հրատարակության իրավունքը ձեռք բերելու հարցով, բայց երբ իմացա, որ «Մուսա լեռան քառասուն օրն» էլ կարող եմ ունենալ, չհապաղեցի եւ ձեռք բերեցի 2 գրքերի հրատարակության իրավունքները: Ես տեղյակ էի գրքի բովանդակությանը, բայց չգիտեի, որ անգլերեն տարբերակը պակաս էջեր է պարունակում: Այդ մասին տեղեկացանք Ջեյմս Ռեյդելի նամակից, որ նա գրել էր մեր խմբագիրներից Սյուզան Բարբային», պատմում է Գոդինը:

Բարբան, որի տատը հայ է, համագործակցում էր Ռեյդելի հետ, եւ հաշվի առնելով, որ երկար ժամանակ է, ինչ չի վերահրատարակվել «Մուսա լեռան քառասուն օրը», ձեռնամուխ է լինում այդ գործին, մանավանդ որ այս անգամ ամբողջական պիտի լիներ: Այնուհետեւ խնդրում է բազմավաստակ մանկավարժ, դաստիարակ եւ «Կարնեգի» հաստատության տնօրեն Վարդան Գրիգորյանին, որ գրի գրքի առաջաբանը: «Վեպը չքողարկված նախազգուշացում է շովինիզմի, թունոտ ռասիզմի եւ հակահրեական տրամադրությունների մասին, որ այդ ժամանակ հետզհետ աճում էին նացիստական Գերմանիայում: Որոշ առումով դա զարթնեցնող կոչ էրՙ ուղղված հրեաներին եւ ոչ միայն հրեաներին մոտալուտ վտանգի վերաբերյալ», մեկնաբանում է Գրիգորյանը:

Ինչպես Թոմաս Մաննը եւ այլ մտավորականներ, Վերֆելը չէր կարող մնալ Գերմանիայում եւ 1938-ին կնոջՙ Ալմա Մահլերի հետ Իսպանիայի եւ Ֆրանսիայի վրայով տեղափոխվում է Մ. Նահանգներ, որտեղ հաստատվում եւ մինչեւ իր կյանքը վերջը (1945-ին) մնում է Կալիֆոռնիայում: Նրան թաղում են Լոս Անջելեսի Ռոուզդեյլ գերեզմանատանը, որտեղից նրա աճյունը 1975-ին Վարդան Գրիգորյանի եւ այլոց ջանքերով տեղափոխվում է Ավստրիա:

Չնայած «Մուսա լեռան քառասուն օրը» Վերֆելի մեծագույն գրական նվաճումն է, նա շատերին ծանոթ է նաեւ իր «Բեռնադետի երգը» ստեղծագործությամբ (1941 թ.): Դա մի գեղջուկ կրոնասեր աղջկա պատմությունն է, որը ֆիլմի է վերածվել եւ «Օսկարի» արժանացել: Հրեա լինելով հանդերձ, ըստ Դեֆնի Աբիլի, Վերֆելը տարված է եղել կաթոլիկությամբ եւ իր գրություններում հաճախ է շոշափել կրոնական եւ հոգեւոր թեմաներ:

Մինչեւ տարեվերջ Դեյվիդ Գոդինը պատրաստվում է տպագրել Վերֆելի մյուսՙ «Բաց կապույտ թանաք» վեպը, իսկ դրանից հետոՙ հայազգի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարների ալբոմը «Քարշ: Լուսանկարչական ապարատից այն կողմ» խորագրով:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(1) Էդ. Թոփչյանի առաջաբանից. «Մուսա լեռան քառասուն օրը», Հայպետհրատ, 1964, Երեւան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4