«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ԼԻԴԻՑԵԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ 70-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Հունիսի 10-ին չեխական Լիդիցե գյուղը կրկին մարդաշատ էր: Չեխիայի կառավարության նախագահ Նեչասը , խորհրդարանի երկու պալատների ղեկավարությունը, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները, այդ թվումՙ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, հարգանքի տուրք մատուցեցին 1942 թվականին նացիստների ոչնչացրած գյուղի բնակիչների հիշատակին: Ծաղկեպսակների պաշտոնական զետեղումից հետո ներկաներին ողջունեց Լիդիցե հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը , առաջինը ելույթի համար ձայն տալով վարչապետ Նեչասին: «Աշխարհի աչքերը բացվեցին դեռ համակենտրոնացման ճամբարների ու գազախեղդարանների մասին փաստերի հրապարկումից շատ առաջ, երբ տեղի ունեցավ Լիդիցե գյուղի եւ նրա բնակիչների ոչնչացումը,¬ ասաց Չեխիայի վարչապետը, ավելացնելով, որ Լիդիցեի ողբերգության հետեւանքով Անգլիայի եւ Ֆրանսիայի կառավարությունները չեղյալ հայտարարեցին Մյունխենյան պայմանագիրը:

Այնուհետեւ ելույթներ ունեցան Չեխիայի խորհրադարանի երկու պալատների ղեկավարները, հիշատակելով նաեւ Գերմանիայի նախագահի ցավակցական նամակը Չեխիայի նախագահինՙ կապված Լիդիցեի ողբերգության հետ: Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան իր քարոզում հիշատակեց զոհերին, եւ հատկապես Լիդիցե գյուղի հոգեւոր հովիվ Յոզեֆ Շտեմբերգին, որը մինչեւ վերջ մնացել է եւ կիսել իր համագյուղացիների ճակատագիրը:

Պատերազմի վետերանների միության նախագահն էլ իր ելույթում առաջարկեց քննարկել ներում ստացած, բայց իր համագյուղացիների հետ մինչեւ վերջ մնացած եւ զոհված հոգեւորականին սրբերի կարգը դասելու հարցը:

Հիշեցնենք, որ Լիդիցե, հետագայում նաեւ Լեժակի եւ Էվիչկո գյուղերի ոչնչացումը նացիստների պատասխանն էր գերմանական ռայխի ներկայացուցիչ (պրոտեկտոր) Ռեյնահարդ Հեյդրիխի մահափորձին: Միայն այդ օրը Լիդիցեում զոհվեցին 173 տղամարդիկ, իսկ զոհերի ընդհանուր քանակը հասավ 340-ի, որոնցից 88-ը երեխաներ էին: Համակենտրոնացման ճամբարներ ուղարկված կանացից ու երեխաներից հետագայում ողջ մնացին 14 կին ու 17 երեխա: Իսկ գյուղն ամբողջությամբ ավերվեց ու հրի մատնվեց:

Երկրորդ համաշխարհային պատերազմը Չեխիայում խորհրդանշող Լիդիցեի ողբերգությունից զոհված երեխաների հիշատակին արդեն 40-րդ անգամ անցկացվող միջազգային մանկական ցուցահանդեսում այս տարի նույնպես մասնակցել էին հայաստանցի երեխաները, որոնք արժանացել էին տարբեր մրցանակների: Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը այցելեց նաեւ հուշահամալիրում գտնվող պատկերասրահը եւ ծանոթացավ շնորհալի դպրոցականների աշխատանքներին: Մասնավորապես Դիլիջան եւ Երեւան քաղաքների հինգ դպրոցականներ արժանացել էին պատվոգրերի, իսկ Դիլիջանի գեղարվեստի դպրոցի սան, յոթնամյա Աննա Գեւորգյանըՙ ցուցահանդեսի մեդալին: Տեղին է նշել, որ այս միջազգային ցուցահանդեսի հիմնադիրներից է հայ ժողովրդի մեծ բարեկամ, ակադեմիական նկարիչ Յիրժի Նոսեկը, ումՙ Հայաստանին նվիրված անհատական ցուցահանդեսը մեկ ամիս շարունակ գործեց Պրահայի GH ցուցասրահում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4