Լրագրական աշխատանքի բերումով Մոսկվայում հաճախ եմ հանդիպել «հայրենակիցների», որոնց ազգային ծագման միակ նշույլը եղել է նրանց ազգանունը: Ուրիշ ոչինչ: Էությամբ եղել են ռուս, երբեմն էլՙ հրեա: Արդարացել ենՙ դե, ազգանունը ժառանգել են պապից, հորից, իսկ իրենք խառն արյուն ունեն, մեծացել են բուն ռուսաստանյան միջավայրում եւ այլն:
Եթե այդ մարդիկ իրենց անհատականությամբ ու կեցվածքով նորմալ անձնավորություններ են, ապա ծագումը հիշեցնող ազգանունը նրանց թերահայությանը չի խանգարում: Բայց բավական է մի սխալ, եւ այդ ուծացված անձը, իրենից էլ անկախ, ընդունակ է խայտառակելու ազգին, որի հետ նա, ինչպես ասացինք, ըստ էության ոչ մի առնչություն արդեն չունի:
«Ազգափիլիսոփայական» այս խոհերն առաջ եկան հայտնի ռադիոհաղորդավար, ավտոփորձագետ Սերգեյ Ասլանյանի մի հարցազրույցից հետո: Ես ծանոթ չեմ այդ մարդու հետ, սակայն չեմ էլ նկատել, որ նա որեւէ ձեւով կապված լինի տեղի հայության, համայնքի հետ: Արտաքինով էլ նման չէ հայի (երեւի «հիբրիդ» է): Ահա եւ «յան»-ով վերջացող ազգանունով այս մարդը, հանդես գալով «Մայակ» ռադիոկայանով եւ խոսելով նոր ավտոմեքենաներ ընտրելու միանգամայն «աշխարհիկ» թեմայով, որտեղից որտեղ (թե ինչ է փչում խելքին, հայտնի չէ) ծավալվում է... Մուհամեդ մարգարեյի կենսագրության շուրջը: Ինքնին հասկանալի է, որ իսլամի հիմնադրի ժամանակներում ավտոտեխնիկա գոյություն չի ունեցել, եւ անիմաստ է շաղկապել ոչ մի առնչություն չունեցող այդ երկու թեմաները: Բայց Ասլանյանը ինքնակամորեն, կասեինքՙ առանց ուղեղին զոռ տալու, «ավտոշոուում» սկսում է վերարտադրել մարգարեի ապրած կյանքի իր «պատկերացումները»: Պարզվում է, որ Մուհամեդը եղել է ոչ թե կրոնական հիմնադիր առաջնորդ, այլ... բիզնեսմեն, որը պարզապես որոշել է «վեր» բարձրանալ: Որ նա ընդամենը «արտագրել» է Աստվածաշունչը: Որ ունեցել է սեռական լուրջ խանգարումներ, այդ պատճառով էլ իր համակիրներին գայթակղել է բազմակնությամբՙ չորս էգով: Եվ այլն ու այս ոճով: Հազիվ թե լուսավորյալ Ասլանյանին հայտնի չէին դանիացի ծաղրանկարչի, հնդկական ծագումով բրիտանացի գրողի հակաիսլամական հղանքների առաջացրած մահաշունչ արձագանքները:
Իսկ հիմա պատկերացրեք ռուսաստանցի մուսուլմանների բողոքի ու ցասման ելույթների մակարդակը: Ամենաառաջինըՙ ոմն մուսուլման (մեծ հավանականությամբՙ թաթար), հեռախոսազանգով տնից հանելով Ասլանյանինՙ դանակի քսան հարված է հասցնում նրան (բարեբախտաբարՙ ոչ մահացու): Եվ սա սոսկ սկիզբն էր: Երկրի համայն մուսուլմանական հասարակության ներկայացուցիչներըՙ բարձրագույնից մինչեւ շարքայինը, նզովեցին հրեշավոր իսլամատյացին, քստմնելի սադրիչին, նողկալի քարոզչին, պահանջեցին քրեական եւ զանազան այլ պատիժների ենթարկել նրան (ընդհուպՙ քարկոծել):
Քավ լիցի, եթե դրանով ամեն ինչ ավարտվեր: Ինտերնետը անմիջապես աղտոտվեց հակահայկական հայհոյանքներով, որոնց ընդհանուր միտքը հետեւյալն էրՙ ո՜վ ես դու, ողորմելի հայ գյավուր, որ համարձակվում ես պղծել մեր ամենաբարձրյալին: Իսկական վայնասուն:
Ռուսաստանը Եվրոպա չէ, որտեղ մուսուլմանները եկվոր են: Ռուսաստանցի մուսուլմանները դարերով ապրում են իրենց պատմական հողում: Ոչ մի քիչ թե շատ բանական մոսկվացի հայ իրեն թույլ չէր տա նման անպատասխանատու շաղակրատանքներՙ հստակ պատկերացնելով անփառունակ հետեւանքները: Ո՞ւմ կապացուցես, որ այդ մարդու ազգանունն է միայն հայկական, այն էլ արմատովՙ մուսուլմանական: Եվ ո՜նց մոսկվայաբնակ ադրբեջանցին կփախցնի իր շանսը նորից փնովելու «ռասիստ» հայերին, վերհիշելու նրանց «օկուպանտ» էությունը: Թաթարից, չեչենից, ինգուշից բարձր կգոռա:
Իրեն եւ ընտանիքի անդամներին վտանգի ենթարկած Ասլանյանը նոր է զգում իր արածի կատարյալ տխմարությունը: Իսկ սպառնալիքները «պիղծ հայի» նկատմամբ իրական են: Բայց սա հարցի սոսկ միՙ մասնավոր կողմն է: Անհամեմատ ավելի տհաճ է անհարկի ու անիմաստ հակահայկական կրքերի բորբոքումը Ռուսաստանում: Այն էլՙ կեղծ հայի պատճառով:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա