«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2012-06-12 | #106, 2012-06-13 | #107, 2012-06-14


ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԻՑ ԵՎ «ԳԾԻ ՏԵՐԵՐԻՑ»

«Հայաստանի սպառողների ասոցիացիա», «Աքիլլես ԱԻՊԿ», «Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության», «Էկոլոգիական հասարակական դաշինք», «Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունները երեկ հայտարարություն են տարածել հասարակական տրանսպորտի խնդիրների վերաբերյալՙ իրենց դժգոհությունը հայտնելով այստեղ տիրող վիճակից: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

Որպես իրավական եւ սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ եւ անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսեւորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայականությունները բերում են ողբերգական հետեւանքների: Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի ուղեւոր «փախցնելու» պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետեւանքն է:

Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի եւ առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ եւ իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15000-25000 դրամ: Սա այն պարագայում, երբ, մեր տեղեկություններով, գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է եւ գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաեւ հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ:

Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաեւ հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքները, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաեւ օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններՙ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը եւ խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, ո՞ր իրավական ակտի համաձայն, ի՞նչ պահանջներով, ովքե՞ր են գծատերերը: Հարցերը եւ խնդիրները բազմաթիվ են, եւ այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում եւս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի:

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված եւ հետեւողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ լուծելու, ոլորտում օրինականություն եւ կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացուՙ համալրել մեր շարքերը եւ պայքարել սեփական իրավունքերի պաշտպանության համար»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4