Հերոսը հարձակվո՞ղն է, թե՞ պաշտպանվողը: Թերեւս կարող է լինել ինչպես հարձակվող, այնպես էլ պաշտպանվող, որովհետեւ պետք է հստակեցնելՙ հարձակվում են հայրենիքը ազատագրելո՞ւ համար, թե՞ պաշտպանում են հայրենիքը:
Այսինքն` հերոսը հանուն հայրենիքի գործողություն իրականացրած անձն է, հերոսությունն` այդ գործողությունը, որը կարող է լինել ե՛ւ հարձակողական, ե՛ւ պաշտպանական:
Գրեթե նույն հարցն է` ո՞վ է ագրեսորը, արդյոք միայն հարձակվո՞ղը, իհարկե ոչ, քանի որ պաշտպանողը գուցե եւ պաշտպանում է ոչ իր հայրենիքը, այլ գրավյալ տարածք: Ստացվում է, որ ագրեսորն ու ազատագրողն էլ որոշվում են հայրենիքի գործոնով, նա, ով ազատագրում կամ պաշտպանում է իր հայրենիքը, չի կարող կոչվել ագրեսոր: Ընդ որում, միջազգային իրավունքի նորմը սահմանում է, որ ագրեսիան պարտադիր ենթադրում է նախահարձակ կողմ, հետեւաբար պաշտպանվող կողմը, համաձայն միջազգային իրավունքի, ագրեսոր չի կարող կոչվել: Այս սկզբունքը փոքր-ինչ վիճարկելի է անշուշտ, ինչպես եւ ամբողջ միջազգային իրավունքը, քանի որ ոչինչ չկա միանշանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Հյուսիսային Կիպրոսը վկա:
Դառնանք, սակայն, նահատակներին, մարտիրոսներին, կամ, ինչպես հարեւան Ադրբեջանում են նրանց կոչում, շեհիդներին:
Գաղտնիք չէ, որ Բաքվի Շեհիդների պուրակում ամփոփված են Ադրբեջանի «նահատակները», ազգային հերոսները, գաղտնիք չէ նաեւ, որ այս բոլորն ապրել են մեր ժամանակներում, նրանք նորօրյա նահատակներ են: Ի՞նչ է սա նշանակում, որ Ադրբեջանն առաջ, ասենք, 18-րդ դարում, նահատակ չի՞ ունեցել, ազգային նպատակ ու դրա իրագործման համար զոհված հայրենասեր չի՞ ունեցել: Իսկ նշանակո՞ւմ է նաեւ սա, որ Ադրբեջանն, ասենք, 18-րդ դարում, ուղղակի գոյություն չի ունեցել որպես ազգ, քանի որ չի կարող լինել ազգ ու չունենալ իր ժամանակի հերոսները, սա էլ իհարկե նշանակում է:
Ուշագրավ է նաեւ, որ շեհիդները հարեւան երկրում շատանում են: Այսինքնՙ Ադրբեջանը հերոսների կարիք ունի, քանի որ ամեն բան նրա համար կարող է ընկալվել որպես հերոսություն: Սա լինում է պարզապես միայն այն դեպքում ու այն ազգերի հետ, որոնք չգիտեն, թե ինչ են հերոսն ու հերոսությունը, քանի որ ամեն մեկի ամեն գործ կարող են հռչակել հերոսություն, եւ մարտի դաշտում ընկած ամեն մեկինՙ նահատակ:
Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից, որը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, Իլհար Վերդիեւը ճանաչվել է շեհիդ: Վերջինս ծանր վիրավորվել է, ինչպես գործակալությունն է ընդգծում` «իր ծառայողական պարտականությունները կատարելիս»: Այսինքնՙ մարդուն կարող են հերոս ճանաչել «իր ծառայողական պարտականությունները» կատարելու համար միայն, ինչը նշանակում է, որ ադրբեջանական բանակում ոչ բոլորն են կատարում իրենց ծառայողական պարտականությունները, քանի որ ոչ բոլորն են այնտեղ շեհիդ: Ուշագրավ է, սակայն, թե այդ ինչպես ու ամենակարեւորը որտե՞ղ է կատարել «իր ծառայողական պարտականությունները» շեհիդ Վերդիեւը:
Նա վիրավորվել է հունիսի 10-ին. «Ականի վրա սկզբում պայթել էր ինժեներա-ականազերծման ծառայության ղեկավար Զաիր Մամեդովը: Եվ վիրավոր սպային տանելու նպատակով Վերդիեւը մոտեցել է եւ պայթել երկրորդ ականի վրա», տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից:
Սահմանագծին ծանոթ ամեն մեկին պարզ է, որ հակառակորդ բանակների հսկողության տակ գտնվող տարածքներում ականներ չեն լինում, դրանք լինում են միայն միջանկյալ տարածքներում: Հետեւաբար ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկի ինժեներա-ականազերծման ծառայության ղեկավար Զաիր Մամեդովը ականից պայթել է հենց միջանկյալ տարածքում, իսկ ի՞նչ էր նա այնտեղ անում, արդյոք դիվերսիոն գործողությունների իրականացման համար «ճանապարհի ականազերծում» չի՞ կատարել...
Ինչեւէ, սպանված սպային տանելու համար Վերդիեւը հռչակվել է շեհիդ, ինչպես Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ է ասված. «Նա շեհիդ է: Նրան վերջին ճանապարհ կուղեկցեն այդ բարձր անվանը համապատասխան»:
Ահա եւ վերջ... հերոսությանը, քանի որ երբ հերոսները շատ են լինում ու լինում են պարզապես «ծառայողական պարտականություններ կատարելու համար», ուրեմն նրանք հերոս չեն, որովհետեւ հերոսն էլ, հերոսությունն էլ այդպիսին են, որովհետեւ եզակի են ու բարի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ