«Հայերի մուտքը Երուսաղեմ հիշատակվում է դեռեւս քրիստոնեության տարածման առաջին շրջանում, մասնավորապես IV դ.: Թեպետ մինչ այդ էլ, մանավանդ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանն ու հայերը կապեր են ունեցել Պաղեստինի հետ: Երուսաղեմում եւ նրա շրջակայքում հաստատված հայերը հիմնականում եղել են հոգեւորականներ: Հայ աշխարհիկ համայնքը առաջացել է VII դ, երբ հաստատվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: Համայնքը կազմված էր հիմնականում վաճառականներից ու արհեստավորներից, նրանք բնակվել են Սիոն թաղամասում: «Աշխարհիկ համայնքը տարբեր դարերում բարգավաճել կամ թուլացել է», կարդում ենք «Հայկական սովետական հանրագիտարանի» 3-րդ հատորում:
Ահա այդ խիզախ, տոկուն, հույսերով ու հույզերով լի, բայց նաեւ զրկանքներ ու ողբերգություններ տեսած համայնքի մասին պատմող մի ֆիլմ է պատրաստվումՙ ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի: Նախաձեռնողը ավստրալահայ լրագրող (նախկինում Երուսաղեմի պատրիարքության մամլո աշխատակիցը), «Ազգ» թերթի ընթերցողներին իր հոդվածներով ծանոթ Արթուր Հակոբյանն է, որն արդեն բանակցություններ է վարում ինչպես ֆիլմարտադրող ընկերությունների, այնպես էլ դերասանների հետ: Մի քանի տարի առաջ նա նախաձեռնել էր «Քաղաքացիներ» ծրագիրը, որը նպատակ էր հետապնդում պահպանելու եւ կորստից փրկելու Երուսաղեմի հին հայկական համայնքի պատմությունը, մշակույթն ու սովորությունները: Հայկական պատրիարքարանի տոմարից, անձնական հիշողություններից եւ տարբեր փաստաթղթերից հավաքված ավելի քան երեք հազար անուն արդեն գրանցվել է, եւ այդ ծրագրի հաջողությունն է, որ հավանաբար մղել է Հակոբյանին ձեռնամուխ լինելու այդ ամենը էկրան բարձրացնելու դժվարին ու պատասխանատու գործին: Ենթադրվում է, որ ինքն էլ կգրի ֆիլմի սցենարը: «Այն պետք է լինի խիստ համոզիչ ու գրավիչ», ասում է Հակոբյանը, որն այժմ զբաղված է անհրաժեշտ նյութական միջոցները հայթայթելու բարդ գործով: «Համոզված եմ, որ հետաքրքրությունը մեծ կլինի, եւ մարդիկ կցանկանան օգնության ձեռք մեկնել, բայց մենք պետք է շտապենք, որովհետեւ գնալով էլ ավելի սակավաթիվ մարդիկ են մնում հին «քաղաքացիներից», որոնք կարող են հետաքրքրական մանրամասնություններով համեմել ֆիլմը», բացատրում է նաՙ ավելացնելով, որ ծրագրի նախնական անունն է «Սալաքարեր» (Cobblestones), իսկ ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են այցելել www.jerusalemthemovie.com կայքը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ