Երեկ երեկոյան ժամը 6-ի սահմաններում, կայքերում լուրեր տարածվելուց հետո, ԼՂՀ ՊԲ-ն հաստատեց, որ առավոտյան ժամը 08:25-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի գնդակից մահացու վերք է ստացել ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նշենք, որ երեկ Փարիզում հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանըՙ քննարկելու Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Սա առաջին դեպքը չէ, երբ երկու երկրների նախագահների կամ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հակառակորդը խախտում է հրադադարն ու կրակում հայկական հենակետերի ուղղությամբ:
Նման դեպք պատահեց նաեւ 2 տարի առաջՙ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո. նախագահ Ալիեւն անսպասելիորեն մեկնեց Բաքու, ինչին հաջորդեց ադրբեջանական դիվերսիան: Հունիսի 18-ին ադրբեջանական զորքերը դիվերսիոն հարձակում էին իրականացրել Չայլուի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ըՙ վիրավորվել էին:
Այս տարվա հունիսի սկզբին, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելեց Հայաստան, ադրբեջանական կողմը կրկին միջազգային հանրությանը ներկայացավ ագրեսորի կերպարով: Այս անգամ ադրբեջանական դիվերսիայից հայկական կողմը 4 զոհ տվեց:
Ստացվում է Ադրբեջանի ականջը քաշող չկա, որ ամեն անգամ միջազգային մակարդակով առաջին դեմքերի հանդիպումներից կամ այցելություններից հետո Ալիեւի ղեկավարությունը դիմում է զենքի օգնությանն ու շարունակում ագրեսորի եւ հրահրողի իր գործը: Մնում է, որ մենք քաշենք նրա ականջը:
Հ. Հ.