Կամ բոլորը դառնում են դիկտատոր
Մեր գիտակցության մեջ դիկտատորը (բռնակալը) այն առաջնորդն է, որ դաժան է ու անպատժելի` միառժամանակ: Ով երբեք ու ոչ մի հարցում չի լսում, էլ չասենքՙ չի ենթարկվում այն ժողովրդին, ում կառավարում է, ճնշում է ժողովրդական ընդվզում խիստ դաժանորեն, հաճախ անգամ այդ ընդվզումը դեռ չսկսված, հենց «օրորոցում»: Մի ընդհանուր խոսքով` դիկտատորը մեզ համար ամենակարող առաջնորդն է, ումից վախենում են ու ենթարկվում:
Արեւմտյան վարկածով նման դիկտատորներ էին ու են Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, Թունիսի նախկին նախագահ Բեն Ալին, Լիբերիայի նախկին նախագահ Չառլզ Թեյլորը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջ` Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հասարակական ճնշումների հիշյալ առաջնորդները անխոս գնացել են եւ գնում են, սակայն մի՞թե, օրինակ, նախագահ Ասադի օրոք բողոքի բազմահազարանոց հրապարակային ցույցեր տեղի չեն ունենում, հենց միայն դա ապացուցում է, որ Ասադը դասական իմաստով բռնակալ չէ: Արդյո՞ք նախագահ Պուտինը ռուսաստանցիներին «չի լսում» կամ մի՞թե Բելառուսում մարդիկ ապրում են ինչպես բռնապետությունում, իհարկե` ոչ:
Հետեւաբար, դիկտատորներն այսօր փոխվել են, ու նրանք այլեւս այն գործելակերպը չունեն, որը գործածողին մենք կոչում էինք բռնակալ:
Այսօր դիկտատորը հասկանում է, որ ինքը չի կարող ոչնչացնել իր դեմ բողոքի ելած բազմությանը ու միջադեպը թաքցնել, քանի որ նման պատահարն արագորեն հայտվում է YouTube-ում: Հետեւաբար ժամանակակից դիկտատորը ժամանակակից տեխնոլոգիական նորույթներին ծանոթ է` մեղմ ասած: Օրինակՙ Հարվարդի համալսարանի քաղաքագետները Չինաստանում իրականացրել են ուսումնասիրություն: Պարզվել է` Չինաստանում համացանցային, սոցիալական կայքերում սահմանափակում է դրվում ոչ թե կառավարության քաղաքականության քննադատությանը, այսպիսի հրապարակային քննադատությանը հարվարդցիները բազմիցս են հանդիպել չինական համացանցի տիրույթում, այլ «այդ քննադատության դաշտում համախմբմանը»: Այս ուսումնասիրությունը բավական խոսուն կերպով ցույց է տալիս ժամանակակից դիկտատորի գործունեության փոփոխությունը. եթե նախկինում դիկտատորը թույլ չէր տալիս իր հասցեին որեւէ քննադատություն, փակում էր` ինչով ասես ու ինչպես ասես այդ բերանները, ապա այժմ դիկտատորները առանձին-առանձին քննադատություններ թույլ տալիս են, երբեմն անգամ` խրախուսում, որոշակի հասարակայնորեն լայն բարձրացված խորհուրդներ լսում, սակայն թույլ չեն տալիս երբեք քննադատական ալիքի մասսայականություն:
Եվս մի օրինակ կարելի է բերել Ռուսաստանից: Ամեն ինչ վերահսկել սիրող Պուտինին, գաղտնիք չէ, որ առավելաբար, եթե ոչ բացառապես, քննադատում է միայն տպագիր մամուլը (իհարկե նաեւ համացանցային որոշ կայքեր): Սակայն Ռուսաստանում տպագիր մամուլ կարդում են առավելաբար Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, իսկ ռուսաստանցիների հիմնական լրատվամիջոցը հեռուստատեսությունն է, որը ամբողջությամբ վերահսկում է Կրեմլը: Ստացվում է, որ Ռուսաստանում, ինչպես նաեւ նույն Չինաստանում, Վենեսուելայում եւ այլուր, իշխանությունը վերահսկում է հասարակության ամենալայն հատվածի համար հասանելի միակ լրատվամիջոցը, փաստորեն դարձնելով այն քարոզչամիջոց:
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ «նորդիկտատորական ռեժիմներ» հաստատվում ու ամրապնդվում են աշխարհի ոչ միայն վերոհիշյալ երկրներում: Հատկապես համացանցային տեղեկատվության այս առատությունից ու մանավանդ բազմաբովանդակ լինելուց աշխարհի երկրների առաջնորդները սեփական իշխանությունը պահելու ու ամրապնդելու համար կարիք ունեն մասսայական վերահսկողություն սահմանելու եւ սահմանում են: Նայենք մեր հարեւաններին` Իրան, Թուրքիա, Վրաստան, ինչ խոսք` Ադրբեջան: Ու արդյո՞ք Արեւմուտքում այսօր «նորդիկտատորական ռեժիմներ չեն», ու արդյո՞ք Հայաստանը ժամանակակից աշխարհի մաս չէ...
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ