Ամռանը սննդային թունավորումներից խուսափելու համար առաջին հերթին պետք է օգտվել ճիշտ պայմաններում պահվող ու վաճառվող սննդամթերքից: Նորություն չէ, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում սննդամթերքը շուտ է փչանում, հետեւաբար պետք չէ գնել դրսում` հենց արեւի տակ վաճառվող սնունդը:
Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին հիշեցրեց ամռանը ճիշտ սնվելու անհրաժեշտությունը: Թեեւ թունավորումների առումով հանրապետությունում սրված իրավիճակ չէ, եւ երեկվա դրությամբ, համենայն դեպս, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում սննդային թունավորման դեպքեր չկային, այնուամենայնիվ Արա Ասոյանը խորհուրդ է տալիս պահպանել զգուշությունը: Ըստ նրա` ամռանը նաեւ պետք է խուսափել դժվարամարս սննդամթերքից, ճարպերից, ավելի շատ օգտագործել բանջարեղեն ու մրգեր:
Իսկ հեղուկների վերաբերյալ գլխավոր ինֆեկցիոնիստը նշում է` նախ հարկավոր է խմել 1-1,5 լիտր հեղուկ, որն էլ պետք է լինի առանց աղի բաղադրության: «Օրինակ` ինքս գերադասում եմ մեր մրգահյութերը», ավելացնում է պարոն Ասոյանը:
Բացի բժշկի վերոնշյալ խորհուրդներից նաեւ յուրաքանչյուր ոք իր հերթին պետք է հետեւի իր շրջապատի հիգիենային` պահանջելով, որ խանութներում նույնպես պահպանեն հիգիենայի կանոնները: Հաճախ ենք ականատես լինում` ինչպես է վաճառողը վերցնում դրամը եւ հետո առանց ձեռնոցների կտրատում երշիկը կամ առհասարակ ձեռք տալիս վաճառվող սննդամթերքին: Նման երեւույթները համապատասխան տեսչությունների ուշադրության կենտրոնում լինելուց բացիՙ պետք է առաջ բերեն նաեւ հասարակական դժգոհության լայն ալիք: Եվ քաղաքացիներն էլ, ըստ Արա Ասոյանի, պետք է հասկանան, որ սննդամթերք նման վաճառողներից պարզապես պետք չէ գնել:
Ի. Պ.