«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2012-06-16 | #110, 2012-06-19 | #111, 2012-06-20


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»` ԱՃ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

Բանկը ծրագրում է մինչեւ 2014-ը դուրս գալ արժեթղթերի միջազգային շուկա

«Արարատբանկի» բաժնետերերի 5-րդ տարեկան ժողովը երեկ տեղի ունեցավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Ժողովը բացեց բանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը ՙ ողջունելով բանկի բաժնետերերին, եւ խոսքը փոխանցեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին :

ԿԲ նախագահը, կարեւորելով «Արարատբանկի» գործունեությունը, նշեց, որ այն իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում եւ վայելում թե՛ հաճախորդների, թե՛ բաժնետերերի վստահությունը: Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ բանկի ակտիվները վերջին տարում աճել են միջինը 45 տոկոսով, ինչը բանկային համակարգի միջին ցուցանիշից բարձր է: Վարկերի վերադարձվելիության ցուցանիշով եւս «Արարատբանկը» լավագույն արդյունքն ունի` միայն 0,4 տոկոսը չի վերադարձվել: Բանկում ներդված ռիսկերի կառավարման մեխանիզմի առկայությունը, ըստ ԿԲ նախագահի, կարեւոր պայման է բանկի հետագա կայուն զարգացման համար: Նա նաեւ վկայակոչեց բանկի մասնաճյուղերի, պլաստիկ քարտերի թողարկման ծավալների եւ այլ ցուցանիշների աճը:

Արթուր Ջավադյանի ելույթից հետո «Արարատբանկի» տարեկան ժողովի մասնակիցներին ողջունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ներկայացուցիչ Վալերի Ռազլոգը: Նա ընդգծեց «Արարատբանկի» միջոցով ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրագործված ծրագրերի ֆինանսավորումը եւ համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի եւ կզարգանա:

Բանկի գործունեության 2011-ի արդյունքները ներկայացրեց վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը : Համաձայն դրանց, անցյալ տարի բանկի ակտիվներն աճել են 39 տոկոսով, տրված վարկերը` գրեթե 52 տոկոսով, պարտավորությունները` 43 տոկոսով, ներգրաված ավանդները` մոտ 8 տոկոսով, ընդհանուր կապիտալը` 19,3 տոկոսով, հաճախորդների թիվը` մոտ 50 տոկոսով, պլաստիկ քարտերի ծավալները` 63,6 տոկոսով, մասնաճյուղերը 5-ով, հասնելով 38-ի, իսկ այս տարվա ընթացքում ավելանալով եւս 2-ով, հասնելով 40-ի: Բանկի մաքուր շահույթը 2011-ին կազմել է 2,2 մլրդ դրամ, աճելով 73 տոկոսով: Բանկի բաժնետերերին տեղեկացվեց, որ բանկի շահույթից 268 մլն դրամը նրանց կվճարվի որպես շահաբաժին:

Անցյալ տարվա հիշարժան իրադարձություններից Աշոտ Օսիպյանը նշեց Petrol Plus նոր համակարգի եւ VISA միջազգային վճարային համակարգի երկակի քարտերի ներդրումը, գերամանական Commerzbank-ի կողմից «Որակի գերազանցություն» եւ «Առեւտրի ֆինանսավորում» մրցանակների արաժանանալը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ամենակտիվ թողարկող բանկ ճանաչվելը, միջազգային «Դայնրզ կլաբ» մասնակցություն ստանալու թույլտվությունը եւ այլն:

Խոսելով 2012-ի բանկի գործունեության մասինՙ «Արարատբանկի» գործադիր տնօրենը հայտնեց, որ առաջին 5 ամիսների ցուցանիշով բանկի ակտիվներն աճել են 40 տոկոսով, բանկը ծրագրում է ակտիվացնել գյուղատնտեսության, փոքր բիզնեսի, միջազգային առեւտրի վարկավորումը: Արտահանողների համար 8 տոկոսով վարկ է նախատեսվում: Բացի այս ամենից, Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ մինչեւ այս տարի բանկը կթողարկի արժեթղթեր ներքին շուկայում, իսկ մինչեւ 2014-ը դուրս կգա արժեթղթերի միջազգային շուկա` Վարշավայի կամ Լոնդոնի բորսաների միջոցով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4