«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2012-06-16 | #110, 2012-06-19 | #111, 2012-06-20


«ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»ՙ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Ուոթերթաունում (Մասաչուսեթս) անգլերեն լեզվով լույս է տեսել Ժիրայր Ղարիբյանի «Հայկական լրագրությունը 1794-1977 թթ.» արժեքավոր ուսումնասիրությունը, որի առաջաբանում հեղինակը արձանագրել է. «Հազվագյուտ են այն ազգերը, որոնք պարտավորված են զգում թերթեր ու ամսագրեր հրապարակել, որպեսզի ապահովեն իրենց վերապրումն ու կենսունակությունը»: Իսկ Ուեսլեյըն համալսարանից դոկտ. Խաչիկ Թոլոլյանն իր խոսքում նշել է, որ իրենց պատմության ընթացքում հայերը մեծ տեղ են հատկացրել լրագրությանը ինչպես քաղաքական, այնպես էլ մշակույթի կյանքի նորություններին ծանոթանալու համար:

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 12-ի համարում տպագրված Դեֆնի Աբիլի գրախոսականից տեղեկանում ենք, որ հեղինակը հիմնադիրն է եղել մինչեւ օրս Բոստոնում հեռարձակվող «Հայկական անկախ ռադիոժամի», եւ գիրքը լույս է տեսել նրա այրուՙ Եվգինե Ղարիբյանի ջանքերովՙ ի հիշատակ վաղամեռիկ ամուսնու, որը վախճանվել է 1991 թվին:

Ժիրայր Ղարիբյանը ծնվել է Բաղդադում (Իրաք): Ուսումնառությունը սկսել է ծննդավայրում, բայց շարունակել է Լոնդոնում, որտեղ էլ հիմնադիրներից է եղել ՀՅԴ «Նավասարդյան» կոմիտեի: 1964-ին տեղափոխվել է եւ տասը տարի ապրել Թեհրանում: Երիտասարդ սերնդի դաստիարակության եւ կրթության խնդիրներով մտահոգված հիմնել է «Ալիք պատանեկան» երկշաբաթյա պարբերականը: 1975-ին հրավիրվել է Մ. Նահանգներՙ ստանձնելու ՀՅԴ երիտասարդական դաշնության գործադիր քարտուղարի պաշտոնը: Այդ ժամանակ է, որ Բոստոնի համալսարանի լրագրության բաժնում սովորելիս մագիստրոսի աստիճանի թեմա է ընտրել հայկական լրագրությունը: Նա Մ. Նահանգներում հրատարակվող 52 պարբերականների անուններն է գրանցել 1977-ին, որոնցից առաջինը «Արեգակն» է եղել Հայկ Էկինյանի խմբագրությամբ:

«Հայկական լրագրությունը 1794-1977 թթ.» գրքից օրինակներ ունենալու համար այցելել yevgine@aol-com կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4