«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2012-06-16 | #110, 2012-06-19 | #111, 2012-06-20


ԷԳՈՅԱՆԸ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Շնորհիվ իր նոր ֆիլմի ֆինանսավորման ձգձգումներին ճանաչված ռեժիսոր Ատոմ Էգոյանը կարողացել է հաղթահարել աշխատանքային գերծանրաբեռնվածության դժվարությունները: «Չգիտեի ինչ անել», խոստովանել է նա, բացատրելով, որ «Սատանայի հանգույցը» ֆիլմի նկարահանումները Նոր Օռլեանում համընկնում էին Չառլստոնում «Ֆենգ Յի Տինգ» չինական օպերայի բեմադրության հետ: Վերջինս Գուո Ուենյինգի օպերան է, որ մայիսի 20-ին պետք է մասնակցեր այնտեղ կայանալիք Սպոլետո փառատոնին: Դրանից հետո նույն օպերան պետք է ներկայացվի Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում ամռանը նախատեսված փառատոնի շրջանակներում: Գրեթե միաժամանակ նա բեմադրել էր Կանադայում բրիտանացի դրամատուրգ Մարտին Քրիմպի «Դաժան եւ քնքուշ» պիեսը:

Ինչ վերաբերում է ֆիլմին, «Սատանայի հանգույցը» (Devil՛s knot) հիմնված է Մարա Լեւերիտի 2002 թվականին լույս տեսած բեսթսելլերի վրա: Գիրքը պատմում է 1993-ին Արկանզասում ութ տարեկան երեք երեխաների սպանության եւ երեք անմեղ պատանիների 18 տարվա բանտարկության դատավճռի մասին: Ի դեպ, այդ անմեղ պատանիներից երկուսը, 18 տարի բանտում անցկացնելուց եւ ազատ արձակվելուց հետո այժմ դարձել են ֆիլմի գործադիր պրոդյուսերները: Ֆիլմում նկարահանվելու համար Էգոյանը դարձյալ հրավիրել է բրիտանացի դերասան Քոլին Ֆըրթին, որի հետ համագործակցել էր «Որտեղ ճշմարտությունն է թաքնված» իր նախորդ ֆիլմի ժամանակ: Ֆըրթը կատարելու է մասնավոր խուզարկու Ռոն Լաքսի դերը: Իսկ սպանված երեխաներից մեկի մոր դերով հանդես է գալու Ռիզ Ուիթերսփունը, որը տասը տարի առաջ Քոլին Ֆըրթի խաղընկերն էր «Լրջախոհ լինելու կարեւորությունը» ֆիլմումՙ ըստ Օսկար Ուայլդի համանուն վեպի: Դերի մեջ մտնելու համար Ռիզը երկար ժամանակ անցկացրել է սպանված երեխայի իսկական մոր եւ ընտանիքի մյուս անդամների հետ: Ֆիլմի նկարահանումները սկսվելու են հունիսի 25-ին Ատլանտայում: Գրքի էկրանային տարբերակի սցենարը գրել են Պոլ Բորդմանը, Սքոթ Դեթիկսոնը եւ Ատոմ Էգոյանը:

Իր գերլարված ծրագրերի հետեւանքով հայազգի տաղանդավոր ռեժիսորը ստիպված է եղել մեկ տարով հետաձգել իր հաջորդՙ «Գիշերվա թագուհին» վերնագրով հոգեբանական թրիլլերի նկարահանումները: Այս մասին տեղեկացրել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4