ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Դուք ծրագրին չեք դեմ, դուք դեմ եք ընդամենը վարչապետին ու կառավարությանը», նեղացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդդիմադիրներից, բայց բոլորին հասկանալի էր` ավելի շատ ՀՀԿ-ի նախկին գործընկեր ԲՀԿ-ից, որը վերջին երկու օրը Ազգային ժողովի նիստում ակտիվորեն քննադատեց կառավարությանն ու վարչապետին: Հավանաբար ՀԱԿ-ին էր ուղղված նրա այն որակումը մինչդեռ, թե այսօրվա ընդդիմությունը ոնց որ այն (իննսունականների-Մ.Խ.) ժամանակվա ընդդիմության ֆոնոգրաման լինի:
Երեկ բուռն ու անզիջում քննարկումներից հետո 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց Հայաստանի նոր կառավարության նոր ծրագիրը. ահա այս հարաբերակցությունն է լինելու նոր Ազգային ժողովի բոլոր քվեարկությունների ժամանակ, ինչպես եւ սպասելի էր ուժերի դասավորությունից: Ու գուցե դա նկատի ուներ ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը , որ ասում էր, թե ընդդիմությունը չի կարողանալու ազդել որոշումների կայացման համար ու ժողովրդին նորից հունիսի 26-ին հանրահավաքի է կանչում:
Ասենք, որ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում մեկ անգամ եւս իրենց դիրքորոշումը հայտնեցին, ու հետո ըստ այդմ էլ քվեարկեցին` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ըՙ կողմ, մնացած խմբակցությունները` դեմ:
Բայց մինչ այդ բավական հետաքրքրական պատկեր էր ստեղծվել ելույթներում, որոնց ընթացքում նոր պատգամավորներն էին իրենց ցույց տալիս մի տեսակ, եւ որ ավելի կարեւոր է` իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները հակահարված էին տալիս միմյանց:
Ամենավերջում ելույթ ունեցած Տիգրան Սարգսյանի ձայնում մի պահ վիրավորված երանգներ երեւացին, որը նա արագ հաղթահարեց` նշելով, որ կառավարությունն անսխալական չէ. «Մեր թիմի քաղաքական ղեկավարը պահանջել է, որ մշտապես լինենք բաց եւ թափանցիկ, որ ինքներս բացահայտենք մեր թերությունները, եւ մեր աշխատաոճն այս տարիներին եղել է հենց այդպիսին», նշեց վարչապետը` հավելելով, որ դա չի նշանակում, թե իրեն կարելի է վերագրել բաներ, որոնք չեն արվել, ու պետք չէ քաղաքական-գաղափարական բանավեճից հարցը տեղափոխել անձնական դաշտ` երբեմն էլ զրպարտելու ու վարկաբեկելու նպատակով. «Լավ մեթոդ չէ անձնական դաշտում պետական լրջագույն խնդիրներ քննարկելը», ասաց: Նա նաեւ ուրախ էր ծրագրի առիթով պառլամենտում մեծ մասամբ ակտիվ քաղաքական բանավեճի համար, որն առաջընթացի ճանապարհ է: Նա նաեւ խոստացավ, որ ընդդիմադիրների ոչ մի առաջարկ չի վրիպելու կառավարության աչքից, դրանք քննարկվելու են:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ քվեարկությունից առաջ իր ելույթում կոչ էր անում միասնաբար քվեարկել կառավարության ծրագիրը, կարծես մինչ այդ լուրջ չէր ընդունել քննադատական ելույթները. «Այսօր Հայաստանի Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է` բառի ամենաուղղակի իմաստով, ԱԺ-ում ներկայացված է Հայաստանի քաղաքական դաշտն իր ամենալայն ներկապնակով, ուրախ եմ, որ մեզ հաջողվել է լավ ընտրությունների միջոցով ձեւավորել ուժեղ օրենսդիր մարմին», ուրախացավ նա, իսկ կառավարության ծրագրին անդրադառնալիս էլ նկատեց. «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը հիմնավորված է եւ արտացոլում է մեր կառավարության ձգտումը մեր երկրի եւ մեր քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ, իսկ կառավարությունն ունի բավարար հնարավորություններ, որպեսզի իրականացնի իր ծրագիրը»:
Դրանից առաջ, սակայն, իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների տեսակետները մի ուրիշ տեսակի էին բախվել` ափսոս հնարավոր չէ ավելի մանրամասն փոխանցել. ընդդիմադիրների խոսքի հիմնական ուղղվածությունն էլի այն էր, որ կառավարությունը մանրամասն ծրագիր չի բերել, եւ դրանով հնարավոր չէ ապագա աշխատանք պատկերացնել, ու այս հիմնական միտքը համեմում էին ձախողումների վերաբերյալ մեղքերի անվերջանալի օրինակներով: Իսկ իշխանականները նշում էին, որ սա ընդամենը ծրագիր է, քաղաքական փաստաթուղթ` հետագա աշխատանքի ուղղությունները մատնանշող, որի հիման վրա պետք է մշակվեն մանրամասն մի քանի տասնյակ ծրագրեր (Խոսրով Հարությունյան), ու այնտեղ նշված են թիրախները: Էլ ինչ ասես չասացին` ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը խոսում էր վարչապետի սխալներից ու ռեժիմի տապալումներից, Գալուստ Սահակյանն էլ ուրիշներին ու նրան պատասխանելով ասում էր, թե ձեր բոլորի խոստումները էլի ՀՀԿ-ն է իրականացնելու: ԲՀԿ խմբակցությունից Գուրգեն Արսենյանը փորձում էր երկրում առկա վիճակը հասկանալ ըստ իր նախընտրական հանդիպումների եւ հանգել էր այն եզրակացության, որ երկրում աղետ է, ու վերջին տարիներին 500 հազար մարդ է հեռացել երկրից: Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը շմփացնում էին ընդդիմությանը` առաջինն իր տնտեսագիտական եզրույթներով, երկրորդը ընտրակեղծիքների մասին խոսող ՀԱԿ-ականներին հիշեցնելով, թե առաջին ընտրակեղծարարներն ու տնտեսություն փոշիացնողները նրանք են: Լեւոն Զուրաբյանը նշում էր, թե կառավարության անցյալ գործունեությունը պետք է գնահատել ու օր առաջ կառավարությունից ազատվել, ոչ թե ծրագիրը քննարկել: Ու հենց դա ազնիվ կեցվածք համարեց Արմեն Աշոտյանը ` նրանց կազմած կառավարությունը չէ, չեն ընդունում, մինչդեռ, ըստ նրա, անցած տարիներին 40-100 տոկոս կառավարման մասնակցություն ունեցող նախկին գործընկերները, որոնք երբեք դեմ չեն քվեարկել նախկին բյուջեին ու նրա կատարողականին, հիմա կառավարության ձախողումներից են խոսում: Նույն կերպ նրա կուսակից Գագիկ Մինասյանը անթույլատրելի համարեց անցյալը ռեւիզիայի ենթարկելու գործելակերպը` էլի նկատի ուներ ԲՀԿ-ականներին: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ իր դիտարկումները կառուցեց հակամենաշնորհային քաղաքականության անցման եւ օլիգարխիկ համակարգից ազատվելու ելակետից, ծրագիրը համարժեքության եւ կատարելիության առումով քննելով: Ու եզրակացրեց` ծրագիրը համարժեք չէ մարտահրավերներին: Մհեր Շահգելդյանն, ընդհակառակը, նշեց ծրագրի բարեմասնությունները:
Այսպես թե այնպես, կառավարությունն այս անգամ հոգին ազատեց քննադատության համար բավական մարդիկ ունեցող եւ այդ իմաստով թեւքերը միշտ քշտած պահող այս նոր խորհրդարանից, որը, երեւում է, այլեւս չի թողնելու, որ գործադիրում որեւէ մեկը հանգիստ քնի գիշերը: