«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2012-06-20 | #112, 2012-06-21 | #113, 2012-06-22


ՍԱՄՈՒԷԼ-ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԵՍԻ ԱՌԻԹՈՎ

Մխիթարյան միաբանության վարժարանները հայության բազմաթիվ սերունդների ոչ միայն որակյալ կրթությամբ ապահովեցին, այլեւ ամենատոկուններից մեկը գտնվեցին սփյուռքյան պայմաններում (անշուշտ, անխուսափելի նահանջներով): Բազմամյա պատմություն եւ հարուստ ավանդություններ ունեցող Սեւրի Սամուէլ-Մուրատեան վարժարանը ներկայում էլ շարունակում է հայանպաստ գործունեությունը ոչ միայն կրթական, նաեւ մշակութային ասպարեզներում: Վարժարանը ֆրանսիական առաջին Կայսերական հրովարտակով ստեղծված հիմնարկն է, որի հիմնադրման պատմությունը սկսվում է 19-րդ դարի առաջին կեսերից: Այստեղ տասնամյակներ շարունակ կիրառվել են ֆրանսիական միջնակարգ դպրոցի, ապա գործել են ֆրանսիական լիցեյի ծրագրերը: Շրջանավարտներին շնորհվել է բակալավրի աստիճանՙ առանց քննությունների համալսարան ընդունվելու իրավունք:

Արդեն 20-րդ տարին է, դպրոցը գործում է շաբաթական երկօրյա դասընթացքովՙ դասավանդումը կազմակերպելով միայն հայկական թեմաների շուրջ (հայոց լեզու, գրականություն, պատմություն, երգ-երաժշտություն, պարարվեստ), 12 ժամ, մանկապարտեզից մինչեւ բակալավրիատ: Ամեն տարի հայոց լեզվի պետական քննությունը պարտադիր է: Ներկայում վարժարանում սովորում է 110 աշակերտ, դասավանդող ուսուցիչները տասն են: Վարժարանի տեսուչըՙ Մխիթարյան միաբան Հարություն վրդ Պզտիկյանը հայ մշակույթի ու պատմության մասնագետ, աշակերտության եւ ծնողների համար հաճախ հանդես է գալիս բանախոսություններով: Դպրոցի հարմարավետ սրահներն ու դահլիճը օգտագործվում են տարաբնույթ ձեռնարկներ ու ցուցահանդեսներ ներկայացնելու` հայությանն առնչվող նշանավոր իրադարձություններին եւ հոբելյաններին նվիրված: Բանախոսության հրավիրվում են նաեւ օտար մասնագետներ, Հայաստանից ժամանած արվեստագետներ, կազմակերպվում են նկարչական եւ այլ ցուցահանդեսներ: Վարժարանը համագործակցում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հետ, շնորհիվ ընդարձակ տարածքի, տեղ է տրամադրում Հայաստանին օգնող մի շարք կազմակերպությունների: Այժմ մարզպետ Պատրիկ Դեւեջյանի հետ (որը վարժարանի նախկին սաներից է) համագործությունը, նոր ծրագրերի մշակումը խոստանում է միանգամայն նոր հնարավորություններ բացել, որի հաջողության դեպքում կենտրոնը օժտվելու է հայ արվեստի, մշակույթի, ցեղասպանության թանգարաններով, գրադարանով, համաժողովների սրահով:

Ինչպես տեղեկանում ենք Փարիզից, այս կիրակիՙ հունիսի 24-ին, վարժարանը կազմակերպելու է ուսումնական տարեվերջյան հանդես: Սաները հանդես կգան արեւմտահայ եւ հայաստանյան բանաստեղծների, երգահանների ստեղծագործությունների կատարմամբ: Այս տարի բակալավրի աստիճան կշնորհվի վարժարանի վեց սաների:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4