Հայտարարում է Թուրքական պատմական ընկերության աշխատակից պրոֆ. Չիչեքը
Երեկ «Բուգյուն» թերթը անդրադարձել էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղահանված հայերի «տիրազուրկ կալվածքների» վաճառքից գոյացած 5 միլիոն օսմանյան ոսկու ճակատագրին: 1915-ին 22 մլն դոլարի հավասարազոր այդ գումարը, որի ներկայիս արժեքը, ըստ թուրքական թերթի, կազմում է 1 մլրդ 300 մլն ստեռլինգ, իթթիհատականները փոխանցել են Բեռլինի «Ռայխսբանկ» այն էլՙ Ջեմալի, Էնվերի եւ Թալեաթի կեղծ անուններով բացված հաշվեհամարին, սակայն այդ գումարը որպես ռազմատուգանք յուրացրել են Անտանտի երկրները:
Ի դեպ, հայ ժողովրդի երեւելի բոլոր դահիճները, որոնք 1918-ի Մուդրոսի պայմանագրի ստորագրումից հետո փախել էին արտասահման, կեղծանուններ էին օգտագործում: Նրանցից Էնվերը, Թալեաթը եւ Ջեմալն ունեին մի քանի կեղծանուն: Ավելինՙ խուսափելու համար հայ վրիժառուների հաշվեհարդարից, Թալեաթը նույնիսկ բեղերն էր սափրել, դեն շպրտելով ֆեսը:
Համենայն դեպս, ինչպես «Բուգյունն» է վկայում, Անտանտի երկրների հայկական ոսկիները յուրացնելու փաստը, «տիրազուրկ կալվածքներին» առնչվող վավերագրերը երկու տարի ուսումնասիրելուց հետո, բացահայտել է Թուրքական պատմական ընկերության հայկական ուսումնասիրությունների բաժնի աշխատակից պրոֆ. Քեմալ Չիչեքը:
Օգտվելով առիթից, նշենք, որ պրոֆ. Չիչեքը Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ «աշխատությունների» հեղինակն է, որոնցից թերեւս կարելի է նշել նրա 2004-ին հրատարակված «Հայեր. աքսոր եւ արտագաղթ» եւ 2005-ին լույս տեսած «Հայերի բռնի արտագաղթը 1915-1917 թթ.» գրքերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքական պատմական ընկերությունը վերջին տասնամյակներում լծված է «ցեղասպանության հայկական պնդումների դեմ» պայքարելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականությունը հիմնավորելու գործին, կարծում ենք, ինքնին հասկանալի են դառնում պրոֆ. Չիչեքի շատ գիտական այսպես կոչված աշխատությունների ե՛ւ բնույթը, ե՛ւ բովանդակությունը, ե՛ւ առաջադրանքը:
Նույնը պետք է ասել հայերի ոսկիների յուրացման փաստի մասին նրա արած բացահայտումների առնչությամբ: Նա փաստը «Բուգյունին» պարզաբանելիս ահա թե ինչ է ասում. «Հայերին վերագրվող 5 միլիոն օսմանյան ոսկին իբրեւ ռազմատուգանք յուրացնելիս Անգլիան եւ նրա դաշնակիցները որեւէ փաստաթուղթ չեն թողել ճշտելու, թե այդ գումարը որտեղ է ծախսվել: Որքան ինձ հայտնի է, սփյուռքահայերը տեղյակ էին այս 5 միլիոնի մասին, որովհետեւ Կանադայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներ, օգտվելով Բրիտանիայի քաղաքացիություն ունենալու հանգամանքից, կարողացել են Անգլիայից 5 հազար ստեռլինգ գանձել: Քանի որ վճարել է, ուստի Անգլիան ընդունած պետք է լինի յուրացված գումարիՙ հայերին պատկանելու փաստը: Այլապես հայերին ինչո՞ւ գումար վճարել: Ավելին, անգլիացի փոխգնդապետ Կորբինը, որը եղել է «Հայերի բարեկամների» միության քարտուղարը, վկայակոչելով հայերին, պնդել է, որ 1930-ին արդեն այդ գումարից 200 հազար ոսկի էր մնացել: Չեմ հասկանում, թե հայկական սփյուռքը փոխանակ Թուրքիայից փոխհատուցում պահանջելու, ինչո՞ւ առգրավված գումարը չի պահանջում Անգլիայից եւ նրա դաշնակիցներից: Փոխհատուցման բուն հասցեատերը Անտանտի երկրներն են եւ հատկապեսՙ Անգլիան»:
Թուրքական պատմական ընկերության հայկական ուսումնասիրությունների բաժնի աշխատակից պրոֆ Չիչեքի այս խոսքերը ավելորդ են դարձնում ամեն մի մեկնաբանություն: Բայց որ ժողովրդական «Գողՙ սիրտը դող» ասացվածքը միանգամայն արտացոլում է նրա հոգեվիճակը, ակնհայտ է:
Խնդիրը, սակայն, Չիչեքի հոգեվիճակը չէ, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը եւ ծավալման պայմաններում թուրքական ժխտողականության դիրքերի սպառումը: Այս երկու փաստերը, այսինքնՙ գործընթացի ծավալումն ու դիրքերի սպառումը եթե համադրելու լինենք, ապա դժվար չի լինի կռահել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փուլը միջազգային ասպարեզում թեւակոխում է Մեծ եղեռնի հետեւանքների վերացման փուլ եւ դա ընդունում է թուրք պրոֆեսորը:
Այլապես նա չէր փորձի փոխել ցեղասպանության համար փոխհատուցման հարկադրանքի տակ գտնվողների հասցեն:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ