«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2012-06-21 | #113, 2012-06-22 | #114, 2012-06-23


ՍԵՎԱՆԻՑ ԷԼԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՈՒՐ ԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ` ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Երբ Ազգային ժողովում երեկ 93 կողմ եւ ընդամենը 12 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց Սեվանից լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջրառ թույլատրող օրենսդրական փաթեթը, դրան դեմ ուժերից ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը վարման կարգի վերաբերյալ ձայն վերցնելով ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին. «Դուք չե՞ք կարող հանրապետականներով այնպես անել, որ Ենիսեյ գետը հոսի Հայաստանով»: Չգիտենք, թե ինչ պատասխանեց Վարդան Այվազյանը (ասում են` ասել է. «Դուք երբ որ Բոսֆորը սարքեք արյան ծով, մենք էլ Ենիսեյը Հայաստանով կհոսեցնենք), որովհետեւ նա տեղից ինչ-որ բան ասում էր, բայց ԱԺ նախագահը նրա խոսափողը միացնել թույլ չտվեց:

Սակայն փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունումից առաջ այնքան մտահոգություններ հայտնվեցին, որ անգամ զարմանալի թվաց, թե ինչու էին դեմ ձայներն այդքան քիչ: Բայց ասենք, որ հումորը սկսվել էր ոչ թե Վահան Հովհաննիսյանից, այլ հենց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանից , որը հարցերին պատասխանելիս ասաց, թե գործադիրը իր որոշումներով գետերի հոսքերը կառավարելու հնարավորություն չունի: Նախ Ա. Անդրեասյանը խոսեց բնության սյուրպրիզից, թե կանխատեսելի չի եղել, որ ջրամբարները դատարկ կմնան, քանի որ ձմռանն առատ ձյուն է եղել, բայց հիմա Ազատի ու Ապարանի ջրամբարները ջրի դեֆիցիտ ունեն, ու շուրջ 40 հազար հեկտար հողերը ոռոգելու համար կոշտ կանխատեսումներով այս տարի մինչեւ 150 մլն խմ Սեւանից լրացուցիչ ջրառ է հարկավոր, ընդհանուր` 320 միլիարդ խմ:

Ընդդիմախոսները հարցերով հակադրվեցին այս նախաձեռնությանը, կասկածներ հայտելով, որ այս լրրացուցիչ ջրառը հենց գյուղացիական տնտեսությունների համար մտահոգությունից է:

ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը այդ կասկածը դրեց իր ելույթում նաեւ, թե որքան ափամերձ տարածք է ազատվելու այդ ջրառից, եւ եթե երաշտ էր սպասվում, ուրեմն պետք է կառավարությունը միջոցներ ձեռնարկեր ու ջրամբարների ջուրը խնայողաբար օգտագործեր, իսկ այժմ լրացուցիչ ջրառի դեպքում Սեւանի բացասական հաշվեկշիռը չի բացառվում, ինչպես որ մայր օրենքով է նախատեսված:

Շատ ելույթներում առկա էր այս նախաձեռնությամբ օլիգարխների օբյեկտները ջրածածկ լինելուց հետ պահելու շարժառիթի վերաբերյալ կասկածը:

ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին անպայման հավաստիացում էր պետք, որ ոչ թե հենց 150 միլիոն խմ պետք է վերցվի, այլ մինչեւ` 150 մլն խմ` հույսով, որ ավելի քիչ պետք կլինի, բայց ընդհանրապես` նա եւ իր կուսակցությունը կողմ էին գյուղացուն ոռոգման ջրով բավարարելուն:

Չնայած` պակաս ծախսելու հույսը մեր կարծիքով անիրական է, քանի որ հայտնի դարձավ, որ 100 մլն խմ այս տարի արդեն վերցրել են Սեւանից: Հրանտ Բագրատյանը հարցը տարավ-հասցրեց նրան, թե ինչու է գյուղացիներին ջուրը վաճառվում, իսկ Սեւան-Հրազդան կասկադին նվեր տրվում: Կասկածը զարգացավ` արդյո՞ ք հենց նրա համար չէ այդ լրացուցիչ ջրառը, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու մեծ շահույթներն ապահովվեն` ջուրն անցնելու է նախ կասկադով ու էլեկտրաէներգիայի է վերածվելու:

Ուրիշներին տանջում էր այն հարցը, թե ինչո՞ւ են դատարկ Ազատի եւ Ապարանի ջրամբարներն այս ջրառատ տարում, ուր եւ ինչպես է անհետացել ջուրը` արդյոք չնորոգված ջրամբա՞րն են են ջուրը թողել, թե՞ դիտմամբ է տեղի ունեցել (Վահագն Մախսուդյան), եւ կամ ինչու գյուղացիների պարտքը ջրի համար չվերցնել էներգահամակարգից: Անգամ ջուրը ընտրությունների ժամանակ որպես ընտրակաշառք ձրի նվիրելու տարբերակի մասին խոսք գնաց ( Վահան Հովհաննիսյան ), որի պատճառով էլ ջրամբարները դատարկ են: Վերջինս հիշել էր պատմական անցյալը` հնագետի իր գիտելիքներով նշելով, թե Սեւանը 3,5 հազար տարի առաջ այնքան ցածր մակարդակ է ունեցել, որ հետագայում շատ բնակավայրեր են մնացել ջրի տակ, իսկ 1000 տարի առաջ լիճը բարձրացել է, եւ բնությունն է այդ բոլորը կարգավորում: Բայց այժմ բաց թողնվող ջուրը պետք կգա այն ժամանակ, երբ Սեւանը սկսի հետ նահանջել, եթե հիմա անընդհատ չվերցնենք, հետո քիչ կնահանջի:

Արմեն Ռուստամյանը վերցրեց հումորի էստաֆետը ջրտնտկոմի նախագահ Ա. Անդրեասյանից, թե վատ բնակլիմայական պայմանները հետապնդում են կառավարությանը, ու նրա համար անհասկանալի էր, թե ինչու Սեւանը լցված է, Սիսիանի ջրամբարը եւս, իսկ Ազատի ու Ապարանների ջրամբարները դատարկ են, ու ո՞ւր է գնացել ջուրը:

Էներգահամակարգից վերցնելու մասին հարցը Ա. Անդրեասյանը տարավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դաշտ:

Լեւոն Զուրաբյանին հետաքրքրում էր Սեւանի ջրառի եւ հարակից գործընթացի հասարակական վերահսկողության հնարավորությունը ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների կողմից, ու անգամ ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանը անհանգստացած էր Սեւանի բացասական հաշվեկշռի բացառման սկզբունքից հրաժարվելուց, քանի որ վստահ չէր, թե որոշման արդյունքում հենց այդպես չի լինի:

Էդմոն Մարուքյանը , Վիկտոր Դալլաքյանի ընտրատարածքից ընտրված պատգամավորը, դեմ էր փաթեթին, քանի որ համարում էր, թե այն չի համապատասխանում կառավարության որդեգրած ռազմավարության ուղղություններին:

«Ժառանգության» Ռուբեն Հակոբյանը փաթեթի մերժումը բնապահպանական նկատառումներով էր պայմանավորում:

Հրանտ Բագրատյանը ջուրը հավասարեցրեց նավթին` 150 մլն խմ նավթի մասին է խոսք գնում, դեռ մի բան էլ ջրին ավելի թանկ գին տվեց նավթից` աշխարհում է այդպես: Իսկ մենք մեր ունեցածին տիրություն անել չգիտենք. երբ նրա վրա գին դրվի, ապա ինքն իրեն կկարգավորվի ջրի խնայողական օգտագործումը, մինչդեռ այսօր ոռոգումը 7-8 անգամ հարկավորից ավելիով է կատարվում:

Սակայն բոլոր այս ընդդիմախոսություններին հակադրվեցին նախաձեռնության հեղինակ կառավարության ներկայացուցիչը, ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը (2002-ից Սեւանը 4 մ բարձրացել է, հիմա ինչո՞ւ գյուղացուն ջուր չտալ), Հակոբ Հակոբյանը , Արտակ Դավթյանը , Դավիթ Հարությունյանը , ՕԵԿ-ից Խաչիկ Հարությունյանը , որոնք խոսում էին գյուղացու կարիքները հոգալու անհրաժեշտության, բնության անկանխատեսելիության, վերջին տարիներին Սեւանի մակարդակի անասելի բարձրացման մասին, հույսով, որ փաթեթով պահանջվածից քիչ ջուր կծախսվի: Եվ շեշտում էին, որ բնապահպանական առումով Սեւանի հետ ոչինչ չի կատարվի, քանի որ Սեւանը շարունակում է բարձրանալ, չնայած Սեւանի հանդեպ համալիր վերաբերմունքի անհրաժեշտությունը եւս ընդունում էին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4