Որ հայաշատ Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի վտանգի առջեւ, այսօր տեսանելի է բոլորին:
Սակայն, մանավանդ հաշվի առնելով արաբական աշխարհում անցյալ տարվանից սկսված գործընթացները, Սիրիայում եւս քաղաքացիական անհանգստությունները դիտարկելի չեն միայն երկրի ներսում ձեւավորված դժգոհություններով: Սիրիական լրատվամիջոցները ընդգծում են, որ երկրում ստեղծված իրավիճակը հրահրված է Արեւմուտքից, ինչպես եւ այլ արաբական երկրներում: Սիրիայում բնակչությունը միատարր չէ` ոչ էթնիկ, ոչ էլ կրոնական առումներով: Հետեւաբար այն հեղափոխական կամ հետհեղափոխական սցենարները, որոնք կիրառվել են Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում, Եմենում եւ այլուր, չեն կարող կիրառվել Սիրիայում, քանի որ յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի: Օրինակ, Լիբիայում գործեց առաջնորդին սպանելու գնով պաշտոնազրկելու սցենարը, այս տարբերակը, հաշվի առնելով սիրիական առանձնահատկությունները, Սիրիայում չի կարող անցնել: Եգիպտոսում նախագահ Մուբարաքը հրաժարական տվեց, որից հետո այդ երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Այս, եթե կուզեք` «եգիպտական սցենարը» Սիրիայի պարագայում ամենաշրջանառվող առաջարկություններից է, որին կարծես թե իրենց համաձայնությունը տվել են նախագահներ Պուտինն ու Օբաման: Մյուս կողմից, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան առաջարկում են «եմենյան տարբերակը». արաբական այս երկրում Արեւմուտքը խոստացավ Եմենի նախկին նախագահին ու նրա ընտանիքին անձեռնմխելիություն պաշտոնից հրաժարվելու դիմաց: Իսկ այս ընթացքում, մինչ Սիրիայում վերջնականապես չի գործադրվել որեւէ սցենար կամ չի գտնվել նորը` «սիրիականը», հասարակության դժգոհ հատվածին պետք է պահել որպես երկրում նախագահական պաշտոնանկությանը հասնելու կարեւորագույն պատճառ:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Հայկ Քոչարյանը, ընդգծելով, որ Սիրիան կանգնած է քաղաքացիական պատերազմի առջեւ, նկատեց. «Իշխանությունը փորձում է ամեն կերպ դեմն առնել պառակտիչ գործողությունների, որոնք ղեկավարվում են այսպես կոչված ընդդիմության կողմից, ինչո՞ւ այսպես կոչված, որովհետեւ սիրիական ընդդիմությունը առանձին խմբավորումներն են, որտեղ, անշուշտ, առաջատար տեղ ունի Սիրիայի ազգային կոմիտեն»: Ստացվում է, ուրեմն, որ սիրիական դեմքերը դիտարկելի են նաեւ որպես «պառակտիչ», իսկ եթե այսպես դիտարկելի են, ուրեմն կարելի է ապացուցել նաեւ, որ այդ գործողությունները հրահրված են կոնկրետ կամ զանազան ուժային կենտրոններից:
Սիրիան ու այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները հայերիս հետաքրքրական են հատկապես այն առումով, որ այդ երկրում մենք ունենք Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Արաբագետ Քոչարյանն ընդգծում է. «Հալեպը Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկակական համայնքն է, ու եթե սփյուռքը դիտարկելի է որպես հայկական ցանց, ապա մենք այս իրադարձություններից կարող ենք կորցնել այդ ցանցի կարեւոր մասնիկներից մեկը»: Միեւնույն ժամանակ, սիրիահայերը Սիրիայի քաղաքացի են, եւ այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարող են ունենալ ու արտահայտել իրենց դիրքորոշումը: Արաբագետ Քոչարյանը նկատում է, որ սիրիահայության շրջանում կան ե՛ւ նախագահ Ասադի կողմնակիցներ, ե՛ւ ընդդիմադիրներ. «Այսինքն համայնքը, ինչպես եւ ողջ Սիրիան, միատարր չէ, սա կարող է բերել ներհամայնքային լարվածության, ինչը խիստ վտանգավոր է», ասաց Քոչարյանը: Այս օրերին շատ քննարկվող` սիրիահայերի ներգաղթ կազմակերպելու առնչությամբ արաբագետը նկատում է. «Սիրիահայերը Սիրիան համարում են իրենց հայրենիքը, երկիրը: Նրանք այնտեղ ունեն մշակութային, տնտեսական լուրջ ներդրումներ, հետեւաբար պետք է ամեն ինչ անել, որ մենք չկորցնենք հայկական ցանցի այս կարեւոր մասնիկներից մեկը` սիրիահայ համայնքը»: «Ինչպե՞ս» հարցին Քոչարյանը պատասխանում է. «Եթե այս ուղղությամբ ՀՀ-ն որեւէ բան է անում, ապա դա այնքան էլ լավ չի անում: Սիրիահայերն այսօր չեն զգում, որ իրենց թիկունքում պետություն կա` ի դեմս Հայաստանի Հանրապետության: Այնինչ ՀՀ-ն, պետական թե ոչ պետական խողովակների միջոցով պետք է սիրիահայությանը փոխանցի այս ազդակը», ասաց Քոչարյանը:
Ավելին, հայկական ողջ ցանցը թերեւս պետք է այսօր կանգնի իր կարեւոր մասնիկներից մեկի` սիրիահայության կողքին, հակառակ պարագայում ցանց չի լինում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ