«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2012-06-22 | #114, 2012-06-23 | #115, 2012-06-26


«ՄԻՋԱԴԵՊԸ ՉԻ ԴԱՌՆԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ, ՍԱԿԱՅՆ ԱՆՊԱՏԻԺ ԷԼ ՉԻ ՄՆԱԼՈՒ»

Հայտարարել է Անկարան Սիրիայում թուրքական ինքնաթիռի կործանման առնչությամբ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ժողովրդական ասացվածքի համաձայնՙ «Փորձը փորձանք չէ»: Սակայն, երբ պետություններից մեկը ռազմական ինքնաթիռով փորձում է ստուգել մյուսի հակաօդային պաշտպանության համակարգի ռադարային կայանի զգոնությունը, փորձն արդեն փորձանք է դառնում:

Խոսքը թուրքական ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռի մասին է, որը հունիսի 22-ին ներխուժելով Սիրիա, շուրջ 15 րոպե, մինչեւ խոցվելը, թռչում էր սիրիական օդային տարածքով: Խոցված թուրքական ինքնաթիռը խորտակվել է սիրիական ջրերում, դեռեւս շարունակվում են ինքնաթիռի եւ օդաչուների որոնման աշխատանքները:

Այս միջադեպը լայն արձագանք է գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ինքնաթիռի կործանումը վերագրեց Սիրիայի ամբարտավանությանը, համարելով անընդունելի: Չինաստանի արտգործնախարությունը ողջամտության կոչ արեց կողմերին, որ հնարավոր լինի կանխել լարվածության հետագա սրումը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը անհանդուրժողականության համար դատապարտեց սիրիական կողմին, թե թուրքական ինքնաթիռը հագեցված չէր հրթիռներով, ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Նրան միացավ Իսպանիայի արտգործնախարարությունը, իսկ Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարները կազմակերպությանը կոչ արեցին սառեցնել Սիրիայի անդամակցությունը:

Թուրքական ինքնաթիռը վայր գցելու հարցն այսօր Լյուքսեմբուրգում կքննարկի Եվրոմիության արտգործնախարարների խորհրդակցությունը: Վաղը Թուրքիայի պահանջով կգումարվի ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտակարգ նիստ: Թուրքիան պատրաստվում է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իհարկե նախապես իմանալով, որ այնտեղ միջադեպի առնչությամբ հակասիրիական որեւէ որոշում չի ընդունվելու:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կառավարությանը, ապա այսօր թուրքական ինքնաթիռը վայր գցելու հարցը պետք է քննարկվեր նախարարների խորհրդի նիստում: Սակայն մինչ այդ նախորդ օրը միջադեպի առնչությամբ թուրքական հանրային հեռուստատեսությանը պարզաբանումներ տվեց արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ, խորհրդարանական երեք կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած առանձին հանդիպումներից հետո:

Թուրքական հանրայինի հարցերին պատասխանելիս Դավութօղլուն ասաց, որ իրենց ինքնաթիռը, ելնելով Արեւելյան Միջերկրականում տիրող իրավիճակից, ազգային ռադարային համակարգը ստուգելու համար ուսումնավարժական թռիչք է իրականացրել եւ ամենեւին չի հետապնդել հետախուզություն կատարելու նպատակ, թռչելով միաժամանակ առանց համապատասխան սպառազինության: Նրա խոսքերով, հետախուզության առաջադրանք ունեցող ինքնաթիռները այդպես չեն ուղարկվում:

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի, թուրքական ինքնաթիռի ցածր բարձրությամբ թռիչքը պայմանավորված էր ռադարային սեփական համակարգի ստուգման առաջադրանքով, ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքից 13 մղոն հեռավորության վրաՙ միջազգային գոտում, թեեւ խախտել է սահմանը, սակայն շատ կարճ ժամանակով, այն էլՙ առաջադրանքը կատարելուց հետո Թուրքիա վերադառնալիս:

Նրա կարծիքով, Սիրիայի ռազմաօդային ուժերը թուրքական ինքնաթիռը վայր են գցել սահմանի խախտումից 12-13 րոպե անց, երբ թուրքական օդային տարածքում էր, առանց որեւէ նախազգուշացման:

Վերջում Դավութօղլուն ասաց. «Թող ոչ ոք կասկածի տակ չդնի Թուրքիայի հանդգնությունը: Մեզ համար նշանակություն չունի, թե որ երկիրը դա կանի: Անհրաժեշտ բոլոր քայլերը կատարելու ենք»: Որո՞նք են դրանք: Այդ հարցին, ինչպես երեկ նշեց «Հյուրիեթը», պատասխանել է պաշտոնական Անկարան, ներկայացնելով Թուրքիայի դիրքորոշումը. «Այս միջադեպը չի դառնա պատերազմի պատճառ, սակայն անպատիժ էլ չի մնալու»: Անկարան, միաժամանակ պահանջել է, որ Սիրիան ներողություն խնդրի ինքնաթիռը վայր գցելու համար եւ պատժի նրանց, ովքեր այդպիսի հրաման են տվել: Դրա հետ տարակուսանք է հայտնել առ այսօր լռություն պահպանող նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կեցվածքի առնչությամբ, գնահատելով դա թուրքական ինքնաթիռի խորտակումը գոհունակությամբ ընկալելու դրսեւորում:

Այդ ընթացքում ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումներում, «Հաբերթուրքի» վկայությամբ, վարչապետ Էրդողանը բառացի ասել է. «Մենք, որպես մեծ պետություն, չենք կարող ճանճերով զբաղվել, սակայն դիմելու ենք իրավական բոլոր միջոցների եւ սպասելու: Կանենք այն, ինչ անհրաժեշտ է»:

Թե Էրդողանը ինչ է անելու, ոչ ոք չգիտի: Բայց որ Սիրիան առանց տատանվելու, վայր է գցել սահմանը խախտող թուրքական ինքնաթիռըՙ ակնհայտ է: Ակնհայտ է նաեւ, որ ինքնաթիռ վայր գցելու հակաքայլը պետք է լինի համաչափ: Դա են պահանջում միջազգային իրավունքի նորմերը, այսինքնՙ քար գցողին հրազենից փամփուշտ արձակելը, ըստ այդ նորմերի, գնահատվում է որպես «ուժի անհամաչափ կիրառում»: Թերեւս դրանով է բացատրվում միջադեպի առնչությամբ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը. «Դա չի դառնա պատերազմի պատճառ, սակայն անպատիժ էլ չի մնալու»:

Գալով Դավութօղլուի պարզաբանումներին, ապա դրանք ոչ միայն զավեշտալի են, այլեւ արդարացման երանգ են կրում: Սակայն որեւէ ռազմական ինքնաթիռ ստուգելու համար սեփական երկրի ռադարային համակարգի զգոնությունը, սահմանի երկայնքով, ինչպես Դավութօղլուն է պնդում, ուսումնավարժական թռիչքներ չի անցկացնում, էլ չենք խոսում Սիրիայի սահմանը 15 րոպե տեւողությամբ խախտելու մասին: Թուրքական ինքնաթիռը հիրավի ստուգել է հակաօդային պաշտպանության ռադարային կայանի զգոնությունը, սակայն ոչ թե թուրքական, այլՙ սիրիական համակարգի, թռչելով 75 մետր բարձրության վրա:

Ինչո՞ւ 75 մետր, որովհետեւ թուրքական կողմը գիտեր, որ Սիրիան ունի խորհրդային հակաօդային համակարգ, որը չէր գրանցում 100 մետրից ցածր թռչող ինքնաթիռներին: Քանի որ վայր է գցվել 75 մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռը, ուստի թուրքերի համար պարզ դարձավ Սիրիայում խորհրդային հակաօդային համակարգը արդիականացված ռուսական համակարգով փոխարինելու իրողությունը: Պարզապես թուրքական փորձը վերածվեց փորձանքի, խոցված ինքնաթիռի օդաչուների, ինչպես նաեւ «մեծ տերություն» Թուրքիայի միջազգային հեղինակության համար հատկապես տարածաշրջանում, արաբական երկրներում եւ իսլամական աշխարհում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4