ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հակված է վստահելու Մինսկի խմբին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները, որ 2011-ին ԵԽԽՎ-ում նախագահող թուրք Մեւլութ Չավուշօղլուի ջանքերով որոշվել էր վերականգնել` չնայած հայաստանյան պատվիրակության բոյկոտին, մոտ ապագայում դեռեւս վերակենդանացվելու հեռանկար չունեն: Ինչպես դեռեւս ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ավարտին վեհաժողովի բյուրոյի նիստից հետո հայտարարել էր ներկայումս ԵԽԽՎ-ն նախագահող Ժան-Կլոդ Մինյոնը, այն ժամանակ որոշում էր կայացվել հարցը բազմակողմանի քննարկել հնարավոր բոլոր հարթակներում, նաեւ խորհրդակցություններ ունենալ վեհաժողովում հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ:
Երեկ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ ասուլիսում Մինյոնը փաստացի հաստատեց, որ հանձնաժողովը առայժմ չի գործելու: Թեեւ Մինյոնը քանիցս շեշտեց, որ տվյալ պահին ներկայացնում է իր անձնական կարծիքը, այդուհանդերձ, ԵԽԽՎ նախագահի խոսքով` «հակված եմ վստահելու Մինսկի խմբին», չնայած վերջինս «պետք է ավելի գործուն լինի»:
Մինյոնը նշեց, որ յուրաքանչյուր նստաշրջանից առաջ տեղի ունեցող բյուրոյի նիստում այս անգամ որեւէ անդրադարձ չի եղել այս հարցին, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ հարցի առնչությամբ վերջնական որոշում կկայացնի ԵԽԽՎ բյուրոն: Իսկ մինչ այդ Մինյոնը կհանդիպի ու կխորհրդակցի վեհաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ, ընդ որում, հայկական պատվիրակության պարագայում քննարկման առարկա կլինի նաեւ մայիսի 6-ի ընտրությունների առնչությամբ ԵԽԽՎ զեկույցը, որը, հիշեցնենք, մայիսի 24-ին Տիրանայում քննարկվել էր ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում ու նաեւ «կողմնակալ ու անարդար» էր որակվել վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կողմից:
Վեհաժողովի ֆրանսիացի նախագահի ներկայացմամբՙ հիմք չկա «բազմապատկելու այն կառույցների թիվը, որոնք զբաղվում են ղարաբաղյան հարցով»: «Որեւէ նոր կառույց, նոր հարթակ միայն խառնաշփոթ կստեղծի», նշեց Ժան-Կլոդ Մինյոնը, անձնապես վստահ լինելով, որ Մինսկի խմբի ձեւաչափով կարելի է հասնել հարցի կարգավորմանը:
Ասուլիսի ընթացքում Մինյոնը, ի շարս այլ հարցերի պատասխանների, անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով պատրաստվող զեկույցին, ինչպես նաեւ զեկուցող Պեդրո Ագրամունտին փոխելու առնչությամբ ադրբեջանական ընդդիմության նամակին: Մինյոնը նախ տեղեկացրեց, որ նման բովանդակությամբ նամակ ինքը չի ստացել, իսկ ընդհանուր առմամբ` Ադրբեջանի առնչությամբ զեկույցը վեհաժողովական հարթակում կքննարկվի շուտով, քանի որ «հնարավոր չէ առաջ գնալ, երբ Ադրբեջանում մարդու իրավունքները չեն հարգվում, ինչպես հարկն է»:
Միեւնույն ժամանակ, Մինյոնը հատուկ անդրադարձավ Ադրբեջանում լրագրողների վիճակին, շեշտելով, որ եվրոպական կառույցները, այդ թվում` Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն, կաշխատեն այդ ուղղությամբ, քանի որ «լրագրողների բանտարկությունները կամ խոշտանգումները անընդունելի են»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ