Վրաստանի վախերն ու սպառնալիքները` «Եվրասիական միությունը», Ռուսաստանի ներխուժման հնարավորությունը, կրկին Ռուսաստանը, նորից Ռուսաստանը...
«Աստված մի արասցեՙ լինի հայ-ադրբեջանական նոր պատերազմ, կթաղի հարավկովկասյան բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը», ուկրաինական «Զերկալո նեդելի. Ուկրաինա» պարբերականում հունիսի 22-ին հրապարակված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` պատասխանելով հարցին, թե ինչ կանի Թբիլիսին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում եւ արդյոք հնարավո՞ր է կանխել այդ հակամարտությունը:
Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կբերեն շուտափույթ լիցքաթափման», նկատի ունենալով շփման գծում եւ սահմանային հատվածներում տեղի ունեցած միջադեպերն ու սրված իրավիճակը: «Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չհասնի որեւէ առաջընթացի, իսկ շփման գծում լարվածությունը պահպանվի հնարավորինս երկար»: Պարզաբանող հարցին, թե արդյոք «երրորդ ուժ» ասվածը Ռուսաստա՞նն է, Վաշաձեն արձագանքել է. «Ինչպես ասում են` գուշակեք ինքներդ»:
Այն դեպքում, երբ Ադրբեջանը երկրային ու ընդհանրապես բոլոր մեղքերում սովորել է մեղադրել Հայաստանին, Վրաստանի պարագայում էլ այդ դերում է հայտնվում Ռուսաստանը, ընդ որում, ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ռուսաստանի հնարավոր ու անհնար ներգրավման բոլոր սցենարները Վրաստանում համարվում են հնարավոր ու հավանական, քանի որ այդ կերպ «արդարացվում» կամ աշխարհին առավել թանկ է վաճառվում 2008-ի օգոստոսին վրացական արկածախնդրության հետեւանքով նույն այդ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը:
Հակառուսականությունը Վաշաձեի ողջ խոսքում ընկած է այն ամենի հիմքում, ինչը որեւէ կերպ առնչվում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Վրաստան պետության «անվտանգությանը»: Մասնավորապես, այն պարագայում, երբ Ուկրաինային շատ հարցերում ողջունող Եվրոմիության շատ պաշտոնյաներ վերջերս խուսափում են այցելել Կիեւ` հաշվի առնելով նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկությանն առնչվող հանգամանքները:
Մինչդեռ Վաշաձեն իր այցելության հիմքում դրել է նախ, որ «Վրաստանն ունի իր ազգային շահերը, նաեւ ռազմանական միություն ունի Ուկրաինայի հետ, ընդհանուր պատմություն»: Վաշաձեի խոսքով, այս ամենին ավելանում է նաեւ, որ «Վրաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր վտանգ-սպառնալիք. Վտանգ ինքնիշխանությանը, անկախությանը»: «Երբ Ռուսաստանում հայտարարում են Եվրասիական միության ստեղծման ծրագրերի մասին, ու հայտարարում են մարդիկ, որոնք, որպես կանոն, սովորեն կատարել իրենց խոստումները, ապա բոլորը լավ հասկանում են, որ խոսքը ձեւափոխված Խորհրդային Միության, ավելի ճիշտ` այդ փլուզված կայսրության քաղաքական ու ռազմական ասպեկտների մասին է»:
Իսկ թե ինչու է Վաշաձեն ամենուր հայտարարում, թե «Ռուսաստանի նոր ռազմական ագրեսիան հնարավոր է», Ուկրաինայում վրացի դիվանագետը պարզաբանել է, թե «Վրաստանը Ռուսաստանի համար բացարձակապես անհրաժեշտ է», նաեւ «եթե Ռուսաստանը Վրաստանում հասնի ռազմաքաղաքական գերակայության, Հարավային Կովկասի մյուս երկրներով էլ զբաղվելու կարիք չի լինի»: Որ Հայաստանի առնչությամբ Վաշաձեն այսօրինակ կարծիք կարող է հայտնել, նորություն չէ, հատկապես որ այս պաշտոնյան աշխարհագրության հետ կարծես լուրջ խնդիրներ ունի (Վաշաձեն Երեւան այցելություններից մեկի ժամանակ տեղը չէր բերում, թե ինչ ասել է Ջավախք - Ա.Հ.), սակայն գոնե Ադրբեջանում այս մոտեցումը թերեւս չհավանեն:
Ինչեւէ, Վաշաձեի տրամաբանությունն ուղղակի զարմացնում է, երբ վրացի դիվանագետը փորձում է հստակեցնել, թե «Ռուսաստանի համար տարածաշրջան ներխուժելու առիթ կարող է ծառայել ցանկացած ռազմաքաղաքական բարդացում` Լեռնային Ղարաբաղը, Իրանը...»: Ասել է թե Վրաստանի ընկալումներում ղարաբաղյան խնդրի սրացումները կբերեն Ռուսաստանի ներխուժմանը` թերեւս Վրաստանի վրայով մինչեւ Արցախ: Այդուհանդերձ, այսօրինակ «ահարկու» սպառնալիքը գիտակցելով հանդերձ, Վաշաձեն հայտարարել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար վերջինս պետք է «ապաօկուպացիա ապահովի, ճանաչի տարածքային ամբողջականությունը» եւ այլն: Այդ դեպքում «Ռուսաստանը ավելի բարի հարեւան, քան Վրաստանը, չի ունենա»:
Ամեն դեպքում, թե ինչ արժեքային համակարգով է առաջնորդվում իր դատողություններում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, առավել քան ցցուն արտահայտում է նույն հարցազրույցի մեկ այլ հատված: Հարցին, թե Աբխազիայում ու Հարավային Օսիայում վստահությունը Վրաստանի հանդեպ բավականին ցածր է, Վաշաձեն ընդհատել է հարցն ու կարճ արտահայտվել. «Աբխազների կարծիքը ոչ ոք չի հարցրել»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ