«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2012-06-22 | #114, 2012-06-23 | #115, 2012-06-26


ՀԻՇԵԼՈՎ ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅԻՆ

Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) շունչն ու ոգին թեւածել են Մոնրեալի Թեքեյան մշակութային միության կենտրոնական շենքի դահլիճում մայիսի 19-ին, որտեղ ներկաները հավաքվել են նշելու անվանի կինոռեժիսորի մահվան 10-րդ տարելիցը:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, «Վիզիոն կրեատիվ Թեքեյան» հանձնախմբի կազմակերպությամբ տեղի ունեցած միջոցառումը մեծ բավականություն է պատճառել հանդիսատեսներին: Բեմի վրա «Անրի Վեռնոյ» վերտառությամբ ռեժիսորական աթոռն է զետեղված եղել, որի կողքին 16 մմ նկարահանման ապարատը, ֆիլմեր ու կասետներ: Ողջույնի խոսքերից հետո հաղորդավար Մարի-Լոր Սիմեթիեն եւ ծրագրի նախագծող Տեմսի Արզումանյանը անկաշկանդ զրույցի ձեւով հետաքրքրական դրվագներ են ներկայացրել ժուռնալիստ, ռադիոհաղորդավար, սցենարիստ եւ ռեժիսոր Վեռնոյի կյանքից:

Հիսուն տարի կինոյում աշխատած հայազգի մեծանուն արվեստագետը ծնվել է Ռոդոստոյում (Թուրքիա) 1920 թվին: 1930-ից բնակվել է Ֆրանսիայում, որտեղ Էքս-ան Պրովանսի լիցեյն ավարտելուց հետո զբաղվել է ժուռնալիստական գործունեությամբ: Հրապարակել է հոդվածների շարք հայկական հարցի մասին: 1954-ին ստեղծել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը: Նրա հետ են համագործակցել անվանի դերասան-դերասանուհիներ Ֆեռնանդելը, Ժան Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Հենրի Ֆոնդան, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Գաբենը, Օմար Շարիֆը եւ այլն:

Վերջին շրջանի իր ամենահիշարժան ֆիլմերից է «Մայրիկը», որն անդրադառնում է 1915-ի Եղեռնի թեմային, որը ցուցադրվել է միջոցառման օրը հանդիսավոր բաժնից հետո: Վեռնոյի այլ ֆիլմերից են «Արգելված պտուղը» (1952), «Հանրային թշնամի N 1» (1953), «Պրեզիդենտ» (1962), «Եվ ինչպես... Իկար» (1978) եւ այլն: Ստեղծել է մոտ 70 ֆիլմեր: 1996-ին արժանացել է «Սեզար» մրցանակին կինոմատոգրաֆիայում ներդրած ավանդի համար, իսկ 2000-ին ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ: Պարգեւատրվել է նաեւ «Պատվո լեգեոն» բարձրագույն կարգի շքանշանով: Վախճանվել է Փարիզում 2002-ի հունվարի 11-ին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4