Կոսովոյի անկախության դեպքը առանձնահատուկ է, ունի իր յուրահատկությունները, այդուհանդերձ, «Կոսովոյի պարագայում հարգվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչը համընդհանուր, ունիվերսալ սկզբունք է», ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ` Կոսովոյի դեպքի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` այդ իրավունքը իրագործելու առնչությամբ հարցին երեկ այսպես Ստրասբուրգում պատասխանեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայիս նախագահող, Ալբանիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էդմոնդ Հաքսինաստոն :
Զոհրաբյանը հիշեցրեց նաեւ, որ Կոսովոյի միակողմանի անկախացման հռչակումը Արդարադատության միջազգային դատարանի կողմից չի դիտարկվել որպես հակասող միջազգային իրավունքին: Հաքսինաստոն արձագանքեց, որ ղարաբաղյան խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին աջակցում է ԵԽ Նախարարների կոմիտեն` կողմ լինելով հարցի խաղաղ կարգավորմանը:
Փաստացի, նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիետի մակարդակով եւս մեկ անգամ փաստվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն ձեւաչափը, որ ընդունելի է տարբեր միջազգային կառույցների համար որպես ղարաբաղյան հարցով զբաղվող կառույց: Մյուս կողմից, Ալբանիայի փոխվարչապետի խոսքերով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը համընդհանուր սկզբունք է, ու թեեւ Կոսովոյի դեպքը դիտարկվում է որպես առանձնահատուկ, ակնհայտ է, որ ինքնորոշման սկզբունքը չի կարող որեւէ այլ սկզբունքի ենթակայության տակ դրվել:
Ա. Հ.