«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2012-06-23 | #115, 2012-06-26 | #116, 2012-06-27


ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵԽԽՎ-ԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների առումով թեեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ստրասբուրգում անցկացվող իր ամառային նստաշրջանում ուղղակի քննարկում չունի օրակարգում, սակայն տարբեր առիթներով հարցին անդրադարձներ լինում են ու դեռ կլինեն: ԵԽԽՎ բյուրոյի ու մշտական հանձնաժողովի գործունեության առնչությամբ զեկույցի քննարկմանը փաստաթուղթը ներկայացնող պորտուգալացի խորհրդարանական Մոտա Ամարալը, շեշտելով մայիսին Հայաստանում եւ Սերբիայում անցկացված ընտրությունները, ինչպես նաեւ դիտորդական առաքելության հրավերով դիտարկելիք հոկտեմբերին կայանալիք ընտրությունները Վրաստանում ու Ուկրաինայում, կարեւորում են, որ ընտրությունների առնչությամբ մոտեցումը պետք է առավել հստակեցվեն: Ըստ Ամարալի, այլեւս վեհաժողովականների համար պետք է թույլատրելի չլինի պարզապես ասել, թե «այո, ընտրությունները ազատ էին, բայց ոչ արդար»:

Հայաստանյան ընտրությունների առնչությամբ խոսեց Ֆրանսիան ներկայացնող Պոզզո դի Բորգոն, նշելով, թե որպես հայաստանյան ընտրությունների դիտարկման հանձնաժողովի անդամ գտնում է, որ «ընտրությունները համեմատաբար խաղաղ էին», հարցականի տակ դնելով կազմված զեկույցի խստությունը: Բորգոյի ներկայացմամբ, զեկույցը բնավ էլ ԵԽ նորմալ, հավասարակշիռ փաստաթուղթ չէ, այլ «նշմարվող ԵԱՀԿ ամերիկյան ազդեցություն ունի»:

Մայիսի 6-ի ընտրությունների առնչությամբ խոսեց նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ Արմեն Ռուստամյանը, շեշտելով, որ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը մշտապես կարեւոր էրՙ սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ: Չնայած որոշ դրական պահերին, ըստ Ռուստամյանի, Հայաստանն, այդուհանդերձ, չհաջողեց ձերբազատվել պարբերական դարձած կեղծարարություններից: Ընդդիմություն ներկայացնող հայաստանյան պատվիրակի խոսքերով, զգալի տարբերություն է եղել իրական ընտրողների ու քվեարկած ներկայացվողների թվաքանակի միջեւ, Սահմանադրական դատարանն էլ իրավիճակը բարդացրել է` մերժելով ստորագրված ընտրացուցակներին առնչվող պահանջը:

Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը նախ իր պարտքը մատուցեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին, տեղեկացնելով, որ վերջինս ԵԽԽՎ տարբեր փաստաթղթերում նշվող ձերբակալված անձանց մեծ մասին ազատ արձակելու որոշում է կայացրել: Հետո էլ անպայմանորեն նշեց, թե, «ցավոք, ղարաբաղյան հարցով ժամանակավոր հանձնաժողովը դեռեւս չի գործում: Ինչպե՞ս կարող ենք վստահության միջոցներ ստեղծել. միայն երկխոսությամբ», հայտարարեց Սեիդովըՙ իր գործընկերներին թախանձագին «խնդրելով անել հնարավորըՙ հայ ընկերներին ու գործընկերներին հրավիրելու քննարկելու ԼՂ հարցը»:

Սրան արձագանքեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը. «Որպես իմ ընկեր ու սիրելի գործընկեր պրն Սեիդովին պատասխան` հայաստանյան պատվիրակությունը կողմ է երկխոսությանը, կողմ ենք երկխոսության համապատասխան մթնոլորտ ստեղծելուն: Այդ իսկ պատճառով մի քանի նստաշրջան շարունակ հայաստանյան պատվիրակությունն առաջարկեց այս պալատում փոխադարձ մեղադրանքների մորատորիում: Ցավոք, մեր միակողմանի քայլը երբեւէ արձագանք չունեցավ մյուս կողմից»:

Մինչ Սեիդովին արձագանքելն էլ Հարությունյանը հայտարարեց, որ մայիսի 6-ի ընտրություններն ավարտվել են «նշանակալի առաջընթացով», թեեւ դեռ հեռու է ասել, թե «ընտրությունները իդեալական էին»: Հարությունյանը հիշեցրեց, որ Հայաստանն արդեն իսկ ԵԽԽՎ բյուրոյին ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իր քննադատական գնահատականը` մի քանի այլ առաջարկներով, որոնք «կնպաստեն վեհաժողովի հեղինակության ու վստահելիության բարձրացմանը»: Հարությունյանն առաջարկեց, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը սեփական դիտարկումներ իրականացնի ու ինքնուրույն զեկույց կազմի, ընդ որում, վերջինի կազմելուն պետք է հնարավորինս մասնակից դարձվեն դիտորդական առաքելության բոլոր անդամները, որոնք պիտի անկողմնակալ լինեն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4