Աշնանը ԵԽԽՎ-ն կքննարկի այդ հարցը, ու թերեւս առավել հստակ դառնա, թե ովքեր են նախընտրում Ադրբեջանից բերված ձկնկիթը
Որքա՞ն ձկնկիթ է ամառային այս նստաշրջանի ընթացքում տարվել Ստրասբուրգ, որտեղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավաքվել ու հարցեր է քննարկում, թերեւս ակնհայտ դառնա, երբ ԵԽԽՎ պատվիրակները քվեարկեն Ադրբեջանին առնչվող զեկույցը, որ վեհաժողովի նստաշրջանի երկրորդ օրը երկու առաձին քննարկումներով արդեն անցել է վեհաժողովի իրավական ու մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովով:
Հանձնաժողովն ընդունել է «քաղբանտարկյալ» սահմանման մասին Քրիստոֆեր Շտրոսերի պատրաստած զեկույցը, որին, ի դեպ, այդպես էլ Ադրբեջանը թույլ չտվեց այցելել երկիր: Հանձնաժողովն ավելի ուշ` զուտ ադրբեջանցի քաղբանտարկյալների առնչությամբ զեկույցը եւս ընդունել է, ինչը փաստացի հնարավոր դարձրեց աշնանային նստաշրջանում վեհաժողովի մակարդակով քննարկման դնել ներկայացված փաստաթուղթը: Այդպիսով այն դարձավ վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգային հարց, որի քննարկումը կընդունվի բանաձեւի ընդունմամբ:
Հատկանշական է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը զեկույցն ադրբեջանցի լրագրողներին ներկայացրել է որպես «ընդհանրական զեկույց քաղբանտարկյալների մասին, այլ ոչ զուտ Ադրբեջանի մասով», թեեւ չէր կարողացել բացատրել, թե ինչու են այդ դեպքում նշված հանձնաժողովի անդամ ադրբեջանցի պատվիրակները դեմ քվեարկել:
Սեիդովի «բացատրությանն» ի հակադրություն, իրողություն է, որ բացառապես Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցին առնչվող զեկույցը եւս կանաչ լույս ստացավ վեհաժողովում ներկայացվելու համար, ասել է թե մի մեծ խմբաքանակ ձկնկիթ էլ մինչեւ աշնանային նստաշրջանն ու դրա ընթացքում տեղ կգտնի որոշ վեհաժողովականների տունդարձի ճամպրուկներում: Ի դեպ, ձկնկիթ «բաժանում են» երեւի նաեւ ադրբեջանական հասարակական կազմակերպություններին, քանի որ մինչ ԵԽԽՎ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կքննարկեր գերմանացի զեկուցողի պատրաստած փաստաթղթերը, ադրբեջանական աղբյուրների վկայությամբ, վեհաժողովում տարածվել էր Ադրբեջանի 30 ՀԿ-ների հայտարարությունը, թե «Շտրոսերի զեկույցն օբյեկտիվ չէ, քանի որ նա չի այցելել Ադրբեջան»: Մինչդեռ 2009-ին քաղբանտարկյալների հարցերով զեկուցող նշանակված Շտրոսերի մուտքը ադրբեջանական իշխանություններն ամեն գնով մերժել են, անգամ անհեթեթ պատճառաբանություններով, թե, օրինակ, նա իբր ճիշտ չի լրացրել մուտքի արտոնագիր ստանալու դիմումը:
«Քաղբանտարկյալի սահմանումը» զեկույցը, որ ընդգրկում է նաեւ ադրբեջանցի քաղբանտարկյալների պատմությունները, փաստացի ԵԽԽՎ շրջանակներում առաջին փորձն է անդրադառնալու այդ հասկացությանը, որ թեեւ կիրառվում էր հստակեցված որոշակի դրույթների հաշվառմամբ, սակայն դեռեւս սահմանում չուներ: Ընդհանրական զեկույցը ԵԽ անդամ բոլոր երկրներին կոչ է անում նախ ինքնուրույնաբար կիրառել այդ սահմանումը ու բացահայտել իրենց տարածքում այն կալանավորվածներին, որոնց վերաբերող հանգամանքները տեղավորվում են ձեւակերպման մեջ: Այս համատեքստում Հայաստանն էլ առանձնակի հրճվելու առիթներ չունի, ու թեեւ հայաստանյան իրողությունների առնչությամբ այդպես էլ որեւէ ԵԽԽՎ-ական հարթակում չի արձանագրվել «քաղբանտարկյալ» ձեւակերպումը, փաստ է, որ մենք էլ մտածելու բան ունենք ու լուծելու խնդիրներ:
Ինչեւէ, աշնանային նստաշրջանի ուղեգիր ստացած զեկույցի հեղինակը ամառային նստաշրջանում քննարկումների օրը նաեւ ասուլիսում առանձնակի նշեց, որ 3 տարվա ընթացքում այդպես էլ ադրբեջանական իշխանությունները իրեն հնարավորություն չտվեցին փաստահավաք առաքելություն իրականացնելու, դրա համար էլ նախապես միայն Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստելու փոխարեն գերմանացի պատգամավորը փորձել է նաեւ սահմանել քաղբանտարկյալ հասկացությունը` ընդհանրական մոտեցմամբ: Ըստ Շտրոսերի, զեկույցին դեմ քվեարկողներից է եղել նաեւ քանիցս մարդու իրավունքներից ճառած ԵԽԽՎ նախկին նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Այդ հանգամանքն, ըստ զեկուցողի, բավականին արտառոց է:
Զեկույցին փաստացի դեմ է կանգնել նաեւ Ադրբեջանի հարցով զեկուցող Պեդրո Ագրամոնը, որի դեմ, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», ԵԽԽՎ նախագահին բողոքի նամակ է ուղարկել նաեւ ադրբեջանական ընդդիմությունը` պատճառաբանությամբ, թե նա օբյեկտիվ չի ներկայացնում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը Ադրբեջանում:
Շտրոսերի տեղեկացմամբՙ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցում արդեն նշվում է 89 անուն, որոնք ներկայացվելու են Ադրբեջանի իշխանություններին:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ