Իվանիշվիլու կողմնակցին ձերբակալում են, որ 99 տոկոս մասնակցությամբ 100 տոկոս իշխանական «կողմ» ունենա՞ն
Վրաստանում ազգային փոքրամասնությունների համապարփակ բնակության երկու հիմնական շրջանները` Սամցխե-Ջավախեթին ու Քվեմո Քարթլին շատ հետաքրքրական վարքագիծ են դրսեւորում, ավելի ճիշտ` հետաքրքրական վարքագիծ է վերագրվում դրանց, երբ հարեւան երկրում ընտրություններ են: Երկու տարածաշրջանների պարագայում էլ այնպիսի գերմասնակցություն ու իշխանասիրություն է ներկայացվում որպես քվեարկությունների արդյունք, որպիսին ամենաժողովրդավարական երկրները երբեւէ չեն էլ երազել, եւ դա այն դեպքում, երբ վրացական իշխանությունների ներկայիս մոտեցումը ազգային փոքրամասնություններին գրեթե ոչ մի բանով չի բարելավվել ոչ նախորդ իշխանությունների, ոչ էլ խորհրդային ժամանակների համեմատությամբ:
Աշնանը Վրաստանում ընտրական շրջան է, որ, հարավկովկասյաններից չտարբերվող տրամաբանությամբ, արդեն իսկ մեկնարկել է, ընդ որում` բոլոր բացասական դրսեւորումներով հանդերձ: Գալիք ընտրությունների հիմնական ընդդիմադիր դարձող վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցությունը, որ ներկայումս հանդես է գալիս դաշինքով, հավակնում է առաջատար լինել, դրա համար էլ իշխանական ուժերն արդեն իսկ ամենայն բծախնդրությամբ զբաղվում են ոչ միայն կուսակցության, այլեւ միլիարդատիրոջ միլիարդների հարցերով: Իսկ թե ի՞նչ առնչություն կա Ջավախքի ու Իվանիշվիլու միջեւ` «բացահայտում են» հայաբնակ շրջաններում իշխանության ճնշումների դրսեւորումները:
Մինչ ճնշումները կհասնեին Ջավախք, տարբեր հակաիվանիշվիլիական «ստուգումները» վկայում են, որ Վրաստանում էլ նախընտրում են ընդդիմադիր ներկայացողի գրպանին խփել, մինչեւ հարմար առիթ ընձեռվի` ավելի բարձր տեղերին հասնելու:
Մասնավորապես, մանր-մունր գործերի շարքում մեկ էլ վրացական դատախազությունը արգելանք դրեց Իվանիշվիլու եղբորը պատկանող «Գլոբալ ՏՎ» ընկերության արդեն տեղադրված ու դեռ պահեստներում գտնվող ավելի քան 300 հզ. ալեհավաքների վրա, թե իբր դրանք բնակչությանը տրվում են արտոնյալ պայմաններով, ուստի ընտրակաշառք են, մինչդեռ այս ալեհավաքները հնարավորություն են տալիս դիտելու նաեւ ընդդիմադիր հեռուստաալիքներ, ինչպիսին նույն Իվանիշվիլու «9-րդ հեռուստաալիքն» է: Եթե այդպես է, ապա դժվար թե վրացական իշխանությունները կարողանան բացատրել, թե ո՞րն է տարբերությունը «ընտրակաշառք» ալեհավաքի եւ Վրաստանի նախագահի կողմից ջավախքցիներին տրված ու այդպես էլ չիրագործված խոստումների տարբերությունը, թեկուզ, օրինակ, այդ տարածաշրջանի կարտոֆիլը վրացական բանակի համար ձեռք բերելու հարցում:
Ինչեւէ, վրացական առաջատար հեռուստաընկերություններ «Ռուստավի-2»-ը, «Իմեդին», «Մզեն» էլ, որ ժամանակի հեղափոխական լրատվամիջոցներից արդեն քանի տարի վերածվել են Վրաստանի նախագահի PR գործընկերների, պահանջել են, որ այդ ալեհավաքներով իրենց հեռարձակումը դադարեցվի, մի բան, որ արտառոց է որեւէ հեռուստաընկերության պարագայում, որի լսարանը մեծացնելուն ուղղված ալեհավաքները չեն կարող որեւէ կերպ խոչընդոտ դիտվել:
Սրանով, իհարկե, հակաիվանիշվիլիական քայլերը չեն ավարտվում. վրացական Վերահսկիչ պալատը մեկ խախտումներ է բացահայտում հենց ընդդիմադիր կուսակցության քայլերում, մեկ արգելանքի պահանջ ներկայացնում միլիադրատիրոջ բաժնետոմսերի նկատմամբ եւ այդպես շարունակ: Իսկ այս ամենի կապը Ջավախքի հետ այնքանով է իրական, որ Իվանիշվիլու անվանն առնչվող ամեն ինչ Ջավախքում էլ հայտնվում է «արգելանքի» տակ:
Օրերս «Վրացական երազանքի» Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Գեորգի Ժվանիան (այդպես էլ չպարզված հանգամանքներում մահացած, Սաակաշվիլու «թիմակից», Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը - Ա. Հ.) բարձրաձայնեց ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում իշխանական ճնշումների մասին: Ժվանիան եւս հաստատել է, որ տարիներ շարունակ այս տարածաշրջանները Վրաստանի իշխանության համար «ընտրական ձայների գանձարան են»:
Փաստերից մեկն էլ Ախալքալաքում «Վրացական երազանքին» գրասենյակ տրամադրած Գեորգի Մխչյանի ձերբակալությունն է հունիսի 24-ի գիշերը, այն էլ անհեթեթ մեղադրանքով, թե վարձակալության համար տրամադրված գրասենյակն իրեն չի պատկանել մոտ 7 տարի առաջ, այլ Վրաստանի իշխող «Ազգային շարժում» կուսակցությունից մինչեւ 2008-ը երկու գումարման պատգամավոր Մելիք Ռաիսյանին, այսինքն` իբր գրասենյակի շենքի սեփականաշնորման ժամանակ փաստաթղթեր են կեղծվել, որոնց հետ, սակայն, Մխչյանը ոչ մի կապ չունի` որպես երրորդ գնորդ: Եվ այս ամենը Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի անվան հետ զուգակցված այն համատեքստում, որ վերջինս մինչեւ գրասենյակը վարձակալությամբ տրամադրելը արդեն իսկ սպառնացել է Մխչյանին, թե գրասենյակ տրամադրելու դեպքում կձերբակալի:
Հիշեցնենք, որ Սամվել Պետրոսյանի առնչությամբ «Ազգի» ընթերցողները տեղեկացված են նաեւ ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի գործով, որում Պետրոսյանն ու իր որդին վերջին դերակատարներից չեն` մեղադրանքների որոշ հատվածը «հիմնավորելու առումով», թեեւ վրացական դատական ատյաններում երկուսն էլ չներկայացան ցուցմունք տալու ու հարցերի պատասխանելու:
Ժվանիան հայտարարել է, որ ինչպես Մելիք Ռաիսյանի, այնպես էլ Գեորգի Մխչյանի դեպքում ճնշումները, այն էլ «խմբակային հանցագործության» մեղադրանքով, սկսվել են, երբ երկուսն էլ հայտարարել են «Վրացական երազանքին» միանալու մասին: Ավելին, եթե Մխչյանին ձերբակալել են, ապա Ռաիսյանին դեռեւս մայիսի վերջին հետախուզում են հայտարարել անձնական հարցերով Վրաստանից մեկնելուց հետո, բայց մինչ այդ Ռաիսյանը կանչվել է իշխող կուսակցության գրասենյակ ու զգուշացվել, որ «Վրացական երազանքին» անդամակցելու դեպքում «խնդիրներ կունենա»: Արդյունքում հետախուզում է հայտարարվել մայիսի 25-ին արդեն իսկ «Վրացական երազանքին» անդամակցած Ռաիսյանի նկատմամբ, ու այդկերպ Ռաիսյանն էլ առայժմ չի կարող վերադառնալ Վրաստան:
Չախալյանի գործի առնչությամբ վրացական իրավապահ ուժերի ու արդարադատության աշխատանքին ծանոթ լինելով բնավ էլ զարմանալի չէ, որ ինչպես Մխչյանի, այնպես էլ Ռաիսյանի պարագայում «հարյուր տարվա մեռելներ» են պեղվել ու հիմա փորձում են «թաղել», այն էլ հենց նախընտրական շրջանում եւ հենց այն պահին, երբ նրանք երկուսն էլ նախընտրել են համագործակցությունը ընդդիմադիր ներկայացող ուժի հետ:
Վրացական իշխանությունների համար ազգային փոքրամասնությունների ձայները մշտապես երաշխավորված «կողմ» քվեարկություն են եղել, ու եթե այդ տխուր ավանդույթը խախտվի` 99 տոկոս մասնակցության ու 99 տոկոս «կողմ» ձայների բացակայությունը կարող է «խաթարել» ընտրական ողջ արդյունքը: Ուստի գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները` նաեւ հենց ջավախքցիների մասնակցությամբ ու ձեռամբ:
Ցավալի է:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ