Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի բնակարանի չորս սենյակները նվիրաբերվել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, որն արդեն ստացել է սուբյեկտի կարգավիճակ: Երեկ ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` տան բանալիները հանձնելով վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
Անանյանը հիշեցրել է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի տրամադրած 145000 ԱՄՆ դոլարով հնարավոր էր դարձել վրացի գործարարից ձեռք բերել Թումանյանի բնակարանի 6 սենյակներից 4-ը` այդ ամենը ձեւակերպելով Գրողների համահայկական հիմնադրամի անունից:
Վազգեն սրբազանն իր հերթին տեղեկացրել է, որ բնակարանը կծառայի որպես մշակութային տուն, որի բացումը կլինի աշնանը եւ կկրի Թումանյանի անունը: Վիրահայոց թեմի առաջնորդի խոսքերովՙ բնակարանի մնացյալ հատվածը, որ պատկանում է Թումանյանի ծոռնուհուն, եւս կարող է ձեռք բերվել, քանի որ այդ ուղղությամբ բանակցություններ արդեն տարվում են:
Այսպիսով վերջ դրվեցին այն բանսարկու խոսակցություններին, թե ով եւ ինչպես էր տնօրինելու Թումանյանի բնակարանի գնված հատվածը այն դեպքում, երբ Թբիլիսիում ու ընդհանրապես Վրաստանում հայ համայնքի կազմակերպվածության առումով չկա մեկ կառույց, որ կարող էր ներկայացնել ողջ հայությանը Վրաստանում: Ուստի վստահեցնենք, որ վիրահայոց թեմին նվիրաբերությունը ամենաընդունելի եւ ճիշտ տարբերակն էր այլ բոլոր կազմակերպությունների համեմատությամբ, որոնց մեծ մասը մի քանի հայերից բաղկացած կառույց են` անհասկանալի, երբեմն էլ կասկածելի նպատակների ծառայող:
Ա.Հ.