1998 թվականի մայիսին, երբ երեխաներն առաջին անգամ ոտք դրեցին Խորեն ու Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մանկապարտեզը, հավաքված աշխատակազմը չէր էլ պատկերացնում, որ տարիների ընթացքում ունենալու են մեծ հաջողություններ, հիմնվելու է կրթահամալիրի դպրոցը, եւ այս տարի լինելու է արդեն նոր շենքի հիմնարկեքը: Կրթահամալիրի նոր շենքում, որը կառուցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 42/7 հասցեում, կբացվի նաեւ ավագ դպրոցը:
Թեեւ «Հայ կրթություն» հիմնադրամը կամ, ինչպես ընդունված է ասել, Խորեն ու Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրն ունի ավագ դպրոցի լիցենզիա, սակայն շենքային սահմանափակ պայմանների պատճառով չունի ավագ դպրոց, եւ 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաներն ավագ դպրոցի կրթությունը շարունակում են ուրիշ դպրոցներում: Սակայն նոր շենքի կառուցումից հետո կբացվի եւ ավագ դպրոցը: Թեմային «Ազգը» եւս մի անգամ անդրադարձել է հունիսի 22-ի համարում:
Հուրախություն աշակերտների, մանկավարժների, ծնողների եւ այլոց, ովքեր ամսի 22-ին հավաքվել էին Բաբաջանյան 42/7 հասցեում, եղավ «Հայ կրթություն» հիմնադրամի նոր շենքի հիմնարկեքը:
«Հայ կրթություն» հիմնադրամի հիմնադիրը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն է, եւ նոր շենքի կառուցումն էլ ստանձնել է ընկերակցությունը` բարերարությամբ Էդուարդ ու Պամելա Ավետիսյանների , որոնք նույնպես ներկա էին հիմնարկեքին:
Էդուարդ Ավետիսյանն ասում է` շենքի կառուցումն ու ավագ դպրոցի բացումը 10 տարիների երազանք է, ինչն այսօր իրականություն է դառնում: Դպրոցն ունենալու է ամենաարդի տեխնոլոգիաները, որոնք մշակել են հայ գիտնականները: Շենքը կունենա նաեւ լաբորատորիա, որտեղ հավաքվելու ու քննարկումներ են կազմակերպելու ճարտարապետները, ճարտարագետները եւ ուրիշ ոլորտների մասնագետները: Եվ շնորհիվ կրթության մեջ արդեն իսկ ձեռք բերված բարձր մակարդակի, որը հետագա տարիներին էլ պահպանվելու եւ խթանվելու է, Ավետիսյան կրթահամալիրի շրջանավարտները կունենան գերազանց միջնակարգ կրթություն:
«Ու շնորհիվ այս ուսման Հայաստանը պետք է լինի ավելի ուժեղ ու ապահով», ավելացրեց ամերիկահայ բարերար Էդուարդ Ավետիսյանը, որին համակարծիք է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը :
«Համոզված եմ, որ այս դպրոցում սովորելու են Հայաստանի ապագա պետական այրերը», ասաց Դավիթ Օհանյանը:
Պարոն Օհանյանը նշում է, որ Հայ ավետարանչական ընկերակցության հետ իրենց վարչական շրջանի համագործակցությունը սկսվեց 1990-ական թվականներից, երբ համայնքի ավագանին որոշեց մի մանկապարտեզ անհատույց տրամադրել ընկերակցությանը, ինչի համար պարոն Օհանյանը բնավ չի ափսոսում, այլ հակառակը:
Հիմնարկեքի արարողությունը ներկաների, մանավանդ երեխաների ու մանկավարժների համար վերածվել էր տոնակատարության:
«Անհամբեր կսպասենք առաջին զանգին նոր կառուցված դպրոցում», ասաց ծնողական խորհրդի նախագահ տիկին Մեսրոպյանը : Իսկ աշակերտները խոստացան` թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս մշտապես լավ սովորել:
«Հայ կրթություն» հիմնադրամ երեխաները հաճախում են 3 տարեկանից` սկզբում մանկապարտեզը, իսկ 6 տարեկանից փոխադրվում են դպրոց:
Ներկաները համոզված էին` ավագ դպրոցն էլ կարդարացնի սպասվելիք հույսերը:
«Ավետիսյան կրթահամալիրը պետք է պատրաստի Հայաստանի ապագա առաջնորդներ, ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի սա դառնա լավագույն դպրոցը Հայաստանում», ավելացրեց Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսյանը :
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ