Սարգսյան-Էշթոն հանդիպման արդյունքները
Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն իր մտահոգությունն է հայտնել հունիսի սկզբին Հայաստանի ու Ադրեբջանի սահմանին, նաեւ շփման գծում տեղի ունեցած «լուրջ զինված միջադեպերի» առնչությամբ, ափսոսանք հայտնելով կորուստների առնչությամբ:
Հունիսի 27-ին Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության համաձայն, Էշթոնը Հայաստանին եւ Ադրբեջանին, «որպես գործընկեր երկրների», կոչ է արել ջանք գործադրել հասնելու մադրիդյան սկզբունքների շուրջը համաձայնության` ամբողջապես կատարելով Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած իրենց հանձնառությունները: Էշթոնն ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կենսական նշանակություն ունի, եթե ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքական ու տնտեսական ինտեգրացիան պետք է իրագործվի ողջ ներուժով:
Հայտարարությամբ նաեւ տեղեկացվում է, որ Էշթոնն ու Սարգսյանը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները, էշթոնն էլ ողջունել է Հայաստանի իշխանությունների ջանքերը խորհրդարանական ընտրություններն առավել թափանցիկ ու մրցակցային անցկացնելու առումով, բայցեւ ընդգծել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում նշված մի շարք հարցերը լուծելու անհրաժեշտությունը` 2013-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ամբողջապես բավարարելու ժողովրդավարական միջազգային ստանդարտները:
Հայաստանի նախագահի նստավայրից պաշտոնական հաղորդագրությունն էլ տեղեկացնում է, որ Բելգիա աշխատանքային այցի ընթացքում Քեթրին Էշթոնի հետ հանդիպմանը Սարգսյանը վերահաստատել է Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը ու ընդգծել, որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մեր երկրի մերձեցումը եւ եվրոինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից:
Հետաքրքրական է, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում էլ ԵՄ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարել է, որ Եվրոմիությունը առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովըՙ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին:
«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, եւ կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներինՙ 2013-ի նախագահական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինիՙ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաեւՙ ինչ կարող է անել Եվրոմիությունը Հայաստանին է՛լ ավելի աջակցելու եւ մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ», նշել է Ստանոն:
Թեեւ Քեթրին Էշթոնը որեւէ նման մոտեցման հեռավոր արձագանքն իսկ չի հնչեցրել, հատկանշական է, որ նման ուղերձը Հայաստանին հասցնում է ԵՄ ցածր աստիճանի չինովնիկը, ընդ որում, պարզաբանելով, թե անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակՙ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար»: Ասվածի պոչին էլ ավելացնում. «Բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջը համաձայնության հասնելու համար, ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ ամրապնդել դատական համակարգի անկախությունը»:
Այս ամենն այնքանով է կարեւորվում, որ դոնորների համաժողով ասվածի նման հավաքներում լուրջ ֆինանսական կառույցների` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլնի, նաեւ զարգացած երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ներկայացվում են դժվար իրավիճակում հայտնված երկրների խնդիրներն ու ծրագրեր-գումարներ առաջարկում դրանց լուծման համար:
Թե որքան գումար կարող է հավաքվել այսՙ դեռեւս նախապատրաստվող համաժողովի ընթացքում, Եվրոմիության ներկայացուցիչը դժվարացել է նշել, միայն կրկին շեշտելով, որ դրանից առաջ Հայաստանի իշխանությունները դեռ պետք է մի շարք քայլեր կատարեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ