«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2012-06-28 | #118, 2012-06-29 | #119, 2012-06-30


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼԻ ԳԱԼԻՍ ԵՆ

Նալբանդյան. Առանց ԼՂ մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում

Մոտ տասը օրից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նորից այցելելու են տարածաշրջան, նաեւ Ստեփանակերտ: Այս մասին Արցախ այցելության համատեքստում պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին` տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :

Նախարարը նշել է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների հետ հանդիպման մասին, մտքեր են փոխանակել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների գործընթացի առնչությամբ:

«Ես կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լիել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաեւ, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ մենք արդեն հնչեցրել էինք, որ հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականապես համաձայնեցված առանց ԼՂ հավանության», ասել է Նալբանդյանը: Նրա խոսքերովՙ «Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո էլ խաղաղ համաձայնագրի մշակումը անհնարին է առանց ԼՂ մասնակցության»:

Էդվարդ Նալբանդյանը երեկ Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրուցել են արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջը, քննարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը`վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրանքների համատեքստում:

Նախօրեին Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է նաեւ Արցախի խորհրդարանում, հանդիպել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, անդրադարձել Արցախի խորհրդարանի միջազգային գործունեությանը, վերջերս ԼՂՀ ԱԺ ղեկավարի Լոնդոն կատարած այցելության արդյունքներին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, միջազգային դիտորդների մասնակցության վերաբերյալ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ ԼՂՀ ԱԳՆ, հանդիպել նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4