«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2012-06-28 | #118, 2012-06-29 | #119, 2012-06-30


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՉԷ

Ուզբեկստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Այս մասին ասված է Ուզբեկստանի ԱԳ նախարարության` ՀԱՊԿ քարտուղարությանն ուղղված պաշտոնական նոտայում: Որպես հիմնավորում ուզբեկական արտաքին քաղաքական գերատեսչության «անանուն աղբյուրը» ռուսական «Կոմերսանտ» թերթին ասել է. «Մեզ չեն բավարարում ՀԱՊԿ-ի պլանները` կապված Աֆղանստանի հետ: Ուզբեկստանում շեշտը դնում են այդ երկրի հետ երկկողմ համագործակցության առաջնահերթության վրա: Բացի սրանիցՙ Տաշքենդին ձեռնտու չեն ՀԱՊԿ-ի պլանները, որոնք ենթադրում են ընդլայնել ռազմական համագործակցությունը կազմակերպության անդամ երկրների միջեւ»:

Հարկ է նկատել, որ Ուզբեկստանը մշտապես չի փայլել ՀԱՊԿ-ին իր նվիրվածությամբ, ավելին, Տաշքենդը` արդեն որպես Իսլամական կոնֆերանսի անդամ երկիր, ստորագրել է մի շարք փաստաթղթեր, որոնք խախտում են իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ-ի գործընկեր Հայաստանի նկատմամբ: Չմոռանանք նաեւ, որ Ուզբեկստանն արդեն մեկ անգամ` 1999-ին դուրս է եկել ՀԱՊԿ-ի կազմից ու անդամագրվել ԳՈւԱՄ-ին, ինչը դիտվում է որպես ՌԴ-ին հակակշիռ` հետխորհրդային տարածաշրջանում: Սակայն 2005-ի մայիսին` Ադիջանի դեպքերից հետո, երբ Տաշքենդը հայտնվեց Արեւմուտքի ճնշման տակ, ուզբեկները վերադարձան ՀԱՊԿ: Ուշագրավ է, որ երբ ՀԱՊԿ երկրները ստորագրեցին փաստաթուղթ, որով պայմանավորվեցին «խոսել մեկ միանասկան ձայնով, ինչպես ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն», Տաշքենդը չստորագրեց այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Լուկաշենկոն անգամ պահանջեց դուրս անել ուզբեկներին ՀԱՊԿ-ից: Այս ամիս էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Տաշքենդ: Ենթադրվում էր, որ այս այցելությունը կարող էր ազդել ուզբեկների որոշման վրա, սակայն, ինչպես տեսնում ենք, Տաշքենդին ՀԱՊԿ-ն այլեւս «չի բավարարում» եւ «ձեռնտու չէ»:

Կոնկրետ Աֆղանստանի հետ կապված ուզբեկների անհանգստության պատճառը կռահելն ամենեւին էլ բարդ չէ: Բանն այն է, որ ԱՄՆ-ը սկսել է Աֆղանստանից իր զորքի դուրսբերման գործընթաց: Բնականաբար ամերիկյան զորքի տեղակայման համար նոր, Աֆղանստանին մոտիկ «տեղ է պետք», ահա եւ Պենտագոնը կարող է խնդրել ուզբեկներին` իրենց տարածք տրամադրել: Եթե Տաշքենդն այդ պարագայում մնար ՀԱՊԿ-ի անդամ, ապա սա կլիներ անհնարին, քանի որ ուզբեկները իրենց երկրում ոչ ՀԱՊԿ-ի անդամ երկրի զորք տեղակայելու համար պետք է ստանային կազմակերպության անդամ բոլոր երկրների համաձայնությունը:

Ինչ վերաբերում է ուզբեկների հաջորդ դժգոհությանը` կապված «կազմակերպության անդամ երկրների միջեւ ռազմական համագործակցության ընդլայնման հետ», ապա այստեղ էլ, հազիվ թե մի երկիր, այն էլ Միջին Ասիայում, համաձայն չլինի դաշնակից պետությունների հետ ռազմական գործակցության խորացմանը, եթե, իհարկե, այլ դաշնակիցների կողմից նմատատիպ առաջարկներ կամ պահանջներ ստացած չլինի:

Մի խոսքով, Տաշքենդը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ինչը ամեն ինչից զատ նաեւ նշանակում է, որ ՌԴ նախագահ Պուտինը, չնայած արդեն իր անունով փողոց ունի Երուսաղեմում, հանդիպում է խոր դիմակայության իր` Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնության հետ կապված: Միջին Ասիան, կոնկրետՙ «նախկին դաշնակից» Ուզբեկստանը, որպես այդ միության անքակտելի ու կարեւոր մասն էր դիտարկվում:

Եվ, առհասարակ, եթե ԱՄՆ դաշնակից Իսրայելում Պուտինին կարող են ընդունել, ինչպես արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ նկատեցին` «ինչպես հպատակներ», ապա ՌԴ դաշնակից համարվող Ուզբեկստանն էլ կարող է դուրս գալ Մոսկվայի հովանավորությամբ գործող ՀԱՊԿ-ից:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4