«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2012-06-29 | #119, 2012-06-30 | #120, 2012-07-03


ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՄՊՈՅԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում: Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4-ին, կշարունակվի Վրաստանում եւ Ադրբեջանում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ռոմպոյը հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին: Նախագահ Ռոմպոյը նաեւ բացման խոսքով հանդես կգա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջեւ, ինչպես նաեւ կայցելի Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» եւ «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցահանդեսներին: Այնուհետեւ նա կարճատեւ այց կկատարի Զվարթնոցի տաճար:

Հանդիպումների ընթացքում վան Ռոմպոյը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին, տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահը պակաս հագեցած օրակարգով է լինելու հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում` նկատի ունենալով ծրագրված միջոցառումները: Այդուհանդերձ, նախորդ շաբաթավերջին բարձրացված մի շարք հարցադրումները, այդ թվում` թե ինչու է ԵԽ նախագահը գալիս Հայաստան, առավելապես աղմուկ հանելու ցանկությունից են ելնում, քանի որ անկախ այն հանգամանքից, թե երբ է Հայաստանի նախագահը այցելել Բրյուսել, ԵԽ նախագահի այցը չեն ծրագրում մի քանի օրում, այն էլ` տարածաշրջանային կտրվածքով: Իսկ Ռոմպոյի մասնակցությունը «Հայաստանը Եվրոպայում» ֆորումին եւս մեկ ապացույց է, որ այցը չէր կարող հընթացս ծրագրված լինել, որ դեռ Հայաստանին էլ հատուկ ուղերձներ հենց այս ժամանակահատվածում հասցնելու նպատակ հետապնդեր:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4