«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2012-06-29 | #119, 2012-06-30 | #120, 2012-07-03


ՍԵՎԱՆ ՆԱԳԳԱՇՅԱՆԸ ՀԻԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԿՏԱՎՆԵՐՈՎ

Սեւան Նագգաշյան նկարչուհուն գնահատանքի խոսքերով շատ անգամ է անդրադարձել օտար մամուլը: Հատկանշական է մասնավորապես «Dordrecht Nederland» թերթի գրությունը 2009-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Նոշկա» պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսի առթիվ: «Սեւան Նագգաշյանը Կանադայից ներկայացնում է իր ապշեցնող կտավներն ու փորագրանկարները (օֆորտները) Դորդրեխտի սրտում: Վստահ եմ մենք նրա մասին դեռ շատ բան ենք լսելու: Նրա աշխատանքները հուզում են ինձ եւ շատ բարձր որակի են: Նրա կտավները դիտելիս մարդ սկսում է երազել: Դու վերանում ես, որովհետեւ դրանք առեղծվածային են»:

Սեւան Նագգաշյանը, որն ըստ կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի, այժմ հաստատված է Երեւանում եւ աշխատում է Նարեկացի արվեստի միությունում, հիացրել է արվեստասերներին եւ արվեստագետներին վերջերս Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Վաչե Հովսեփյան սրահում (Կանադա) բացված իր ցուցահանդեսով, որտեղ ներկայացրել է 32 աշխատանքներ: Սեւանը Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի 1995 թվի շրջանավարտներից է եւ արդեն իսկ խմբական թե անհատական ավելի քան 45 ցուցահանդեսների է մասնակցել: Արժանացել է 2 անգամ (2004-ին եւ 2005-ին) Մոնրեալի «Arts Club Annual Juried Art Show»-ի առաջին մրցանակին, իսկ 2007-ինՙ «Տարվա նկարիչ» մրցանակին: Աշխատակցել է բազմաթիվ ֆիլմերի (Ռ. Հախվերդյանի «Զատիկ», Ռ. Սահակյանցի «Պինոկիո», Սիլվեն Շոմեի «Օսկարի» թեկնածության արժանացած «Պառավն ու աղավնիները»), ինչպես նաեւ Հայաստանի եւ Ե. Չարենցի մասին վավերագրական տեսագրությունների պատրաստմանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4